Դեկտեմբերի 18-ին՝ Միգրանտների միջազգային օրը, կայացավ «ՃԱՄՊՐՈՒԿ» ամենամյա լրագրողական մրցույթի մրցանակաբաշխությունը. այս մրցույթն արդեն 14 տարի շարունակ խրախուսում է տեղահանության եւ միգրացիայի թեմաների լուսաբանման լավագույն օրինակները։ Մրցույթի նպատակն է բարձրացնել տեղահանության եւ միգրացիոն խնդիրների հանդեպ հասարակական ուշադրության մակարդակը և նպաստել ոլորտում որակյալ լրագրության արմատավորմանը։
Միջոցառումը կազմակերպվել էր Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության (ՄՔԾ), ՄԱԿ-ի Փախստականների գործակալության և «Մարդը կարիքի մեջ» միջազգային կազմակերպության համատեղ ջանքերով։ Գնահատող հանձնաժողովն ուսումնասիրել էր 48 լրագրողի ներկայացրած 96 նյութ։
Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ Ներքին գործերի փոխնախարար Արմեն Ղազարյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Վասիլիս Մարագոսը, Հայաստանում ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցիչ Մոնիկա Սանդրին, «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի ղեկավար Վարդուհի Դադունցը։
Ողջույնի իր խոսքում Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների գործակալության ներկայացուցիչ Մոնիկա Սանդրին նշեց, որ այս տարվա հունիսի դրությամբ բռնի տեղահանված անձանց թիվն ամբողջ աշխարհում գերազանցել է 122 միլիոնը. «Փախստականների խնդիրների որակյալ լուսաբանումն ունի կարեւորագույն նշանակություն, որպեսզի ապահովվի նրանց սահուն ինտեգրումն ընդունող համայնքներում», – նշեց նա։
«ՃԱՄՊՐՈՒԿ 2024»-ի գլխավոր մրցանակը շնորհվեց EVN Report-ի լրագրող Արշալույս Բարսեղյանին՝ «Հանգրվանը՝ Հայաստան. ովքե՞ր են ապաստան հայցում» նյութի համար։
Երկրորդ տեղը զբաղեցրեց Factor TV-ի լրագրող Արաքս Մամուլյանը՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների շրջանում տարածված միֆերի վերաբերյալ հետազոտությամբ։
Ժյուրիի որոշմամբ եւ բացառության կարգով՝ «ՃԱՄՊՐՈՒԿ 2024» մրցույթում սահմանվել էին երկու Երրորդ մրցանակներ.
դրանցից մեկը հանձնվեց «Հետաքննող լրագրողներ» Լենա Սահակյանին, Արմեն Ղազարյանին եւ Սեդա Գրիգորյանին՝ «Արցախ, սեպտեմբերի 19. ընդհատված մանկություն» ֆիլմի համար, իսկ մյուսը՝ News.am-ի լրագրող Թագուհի Մելքոնյանին՝ «Հնդիկ միգրանտների արյունը Հայաստանում մարդկանց կյանքեր է փրկում. միգրացիայի թաքնված և տեսանելի կողմերը՝ փաստերով» լրագրողական ուսումնասիրության համար։
Խրախուսական մրցանակներ ստացան հետեւյալ լրագրողները՝ հայրենադարձության, աշխատանքային միգրացիայի, հարկադիր տեղահանության եւ այլ կարևոր թեմաների լուսաբանման համար.
ՀՀ Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի կողմից խրախուսական մրցանակ հանձնվեց EVN Report-ի լրագրող Գոհար Աբրահամյանին՝ «Բարի եկաք․ հայրենադարձության հայկական փորձը» հոդվածի համար։
«Հայկական Կարիտաս» կազմակերպությունը սահմանել էր խրախուսական մրցանակ, որը ստացավ լրագրող Սոնա Հովսեփյանը՝ «No more warm words. Why ruble devaluation and xenophobic policies are making Russia less attractive for Armenian migrant workers» հոդվածի համար, որը հրապարակվել էր Novaya Gazeta Europe-ում։
«Հետաքննող լրագրողներ»-ից Ռիմա Գրիգորյանը խրախուսական մրցանակի արժանացավ «Կուզե՞ս քեզ մեր պատերազմը պատմեմ» եւ «Քնում եմ Հադրութն է, արթնանում՝ Վանաձորը» լրագրողական պատմությունների համար։
Radar Armenia-ի լրագրող Հայկ Մագոյանն արժանացավ խրախուսական մրցանակի՝ «Հայաստանը վիզաների ազատականացման «քարքարոտ» ճանապարհին» եւ «Դառնա՞լ, թե՞ չդառնալ ՀՀ քաղաքացի. ինչու են երկմտում արցախահայերը» ծավալուն նյութերի համար, որոնք անդրադառնում են չափազանց կարեւոր հարցերի։
Հետք Մեդիա Գործարանը ներկայացնող Սյուզաննա Օհանյանը եւ Անի Բալայանը խրախուսական մրցանակի արժանացան «Ճամպրուկի վրա» նյութի եւ ֆիլմի համար։
Armenia Today-ի լրագրող Նարե Ներսեսյանը խրախուսական մրցանակ ստացավ մրցույթին ներկայացրած իր երեք նյութերի համար՝ «Արցախից բերված մի բուռ հողը ծիլ է տվել», «Արցախցիներն ինչպե՞ս կարող են օգտվել բնակարան ձեռք բերելու պետական աջակցությունից» եւ «Մեկ տարի առանց Արցախի». 2023թ․ ադրբեջանական հարձակման և բնիկ հայերի տեղահանության ժամանակագրություն»։
Ամփոփելով միջոցառումը՝ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը բարձր գնահատեց զանգվածային լրատվության միջոցների հետ համագործակցությունն ու հանրային ընկալումների ձևավորման հարցում մեդիայի դերը: «Առհասարակ, կարծես թե ավանդույթ դարձած, որոշակի լրատվամիջոցների կայուն թիմ կա, որոնք մեզ հետ աշխատում են և այսպիսի որակյալ արդյունք են տալիս: Հասկանում ենք և հավուր պատշաճի գնահատում մեր համագործակցությունը և որակյալ մեդիաբովանդակություն գեներացնելու կարևորությունը»,-նշել է Նելլի Դավթյանը:
Պաշտոնական մասին հետեւեց ընդունելություն, որի ընթացքում լրագրողները ծնորհավորանքներ ստացան կազմակերպիչ կառույցների եւ հրավիրյալ գործընկերների կողմից։
«ՃԱՄՊՐՈՒԿ 2024» լրագրողական մրցույթն իրականացվում է Եվրոպական միության Միգրացիոն գործընկերության գործիքի (MPF) միջոցով ֆինանսավորվող ՄՔՄՄԿ-ի և ՄԱԿ ՓԳՀ-ի համաֆինանսավորմամբ։
Տարածել Facebook-ով Տարածել Twitter-ով