On 9-13 September 2024, a delegation from the Bureau of Population, Refugees, and Migration (PRM) of the United States State Department was on mission to Armenia. 2024 թ. սեպտեմբերի 9-13-ը ԱՄՆ Պետքարտուղարության Բնակչության, փախստականների եւ միգրացիայի հարցերով բյուրոյի (ԲՓՄ) պատվիրակությունն առաքելությամբ գտնվում էր Հայաստանում։
Պատվիրակությունը ղեկավարում էին Մոլդովայում ԲՓՄ փախստականների հարցերով տարածաշրջանային ծրագրերի համակարգող Ռոբին Փրինցը եւ Վաշինգտոնում Եվրոպայի հարցերով ԲՓՄ թիմի ղեկավար Դարին Յոդերը, ովքեր առաքելությամբ գտնվում էին Հայաստանում՝ գնահատելու դոնորների տրամադրած աջակցության ազդեցությունը եւ տեղահանման արտակարգ իրավիճակներին հաջորդող իրավիճակը, ինչպես նաեւ տեղեկանալու փախստականների եւ նրանց ընդունող համայնքների որպիսությանն ու կարիքներին։ Այդ նպատակով կազմակերպվել էին հանդիպումներ տեղական կառավարման մարմինների եւ համայնքային կազմակերպությունների հետ, փախստականների հետ շփումներ եւ տնայցեր, որոնք ուղեկցվում էին ԲՓՄ եւ ՄԱԿ ՓԳՀ, ՅՈՒՆԻՍԵՖ, ՄՄԿ եւ ԿԽՄԿ բազմադոնոր աջակցությամբ իրականացվող ծրագրերի դաշտային դիտարկումներով։
Երկօրյա առաքելությունը Սյունիքի Գորիս համայնք ներառում էր այցելություն ՄԱԿ ՓԳՀ եւ ՄԱԶԾ համատեղ ջանքերով ստեղծված Վերիշենի համայնքային կենտրոն, որտեղ տեղի եւ փախստական երեխաները դասերից հետո մասնակցում են ոչ ֆորմալ կրթության, մշակութային միջոցառումների, բանահյուսության, արվեստի եւ արհեստների խմբակների: Երեխաները ոգեւորված պատմեցին իրենց հետաքրքիր զբաղմունքների, իրենց ստեղծած արվեստի, ձեռագործ իրերի մասին եւ հայկական ավանդույթներին ու սովորույթներին նվիրված փոքրիկ թատերական ներկայացում խաղացին։ «Այս համայնքային կենտրոնը մեր երկրորդ տունն է: Եկել ենք այստեղ խաղալու եւ ավելին լավ ծանոթանալու Հայաստանին, հայ գրականությանը, պատմությանն ու արվեստին։ «Մենք միասին համայնքային միջոցառումներ ենք կազմակերպում եւ բազմաթիվ հետաքրքիր առիթներ ու ազգային տոներ նշում», – ասում է փախստական Գոռը՝ հպարտությամբ ցույց տալով իր աշխատանքը` ձեռքով ներկված քարը:
Երեխաների հետ շփումներից հետո պատվիրակությունը քննարկում ունեցավ մի խումբ փախստականների հետ, որոնք ներառում էին միայնակ մայրեր, տարեցներ, խոցելի կանայք եւ տղամարդիկ, որոնք կիսվեցին իրենց տեղահանման, դժվարությունների, մարտահրավերների մասին սրտառուչ պատմություններով։
Իրենց երախտագիտությունը հայտնելով տրամադրված աջակցության համար՝ նրանք կարեւորեցին շարունակական եւ նպատակային աջակցության անհրաժեշտությունը, մասնավորապես բնակարանների, աշխատատեղերի, դրամական օգնության եւ կենսապահովման հասանելիության հարցերում։
«Խոցելի փախստականները, ինչպիսիք են միայնակ տարեցները, կանանց գլխավորած տնային տնտեսությունները եւ հաշմանդամություն ունեցող մարդիկ, հաճախ արտաքին աջակցությանն ապավինելուց բացի որեւէ այլընտրանք չունեն։ Ունենալով համապատասխան միջոցներ՝ մենք կարող ենք վերստանալ մեր ինքնուրույնությունը, անվտանգ ու ապահով զգալ եւ արժանապատվորեն վերստեղծել մեր սեփական կյանքը», – իր եւ այլ փախստական կանանց անունից նշեց Լիլիթը։
ԲՓՄ պատվիրակության եւ ՄԱԿ ՓԳՀ-ի հետ հանդիպման ընթացքում Գորիսի համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանն առանձնացրել է համայնքի ղեկավարության առանցքային դերը փախստականների աջակցության հարցում՝ ընդգծելով տեղական իշխանությունների եւ կառավարության միջեւ համագործակցության, ինչպես նաեւ միջազգային գործընկերների անգնահատելի աջակցությամբ տարբեր մարդասիրական եւ զարգացման ծրագրերում փախստականների ներգրավման կարեւորությունը: Տիկին Յոլյանը նշեց միջամտություն պահանջող առաջնահերթ ոլորտները, որոնցից են բնակապահովումը, զբաղվածությունը եւ սոցիալական ինտեգրումը՝ ընդգծելով սոցիալական աշխատողների եւ համայնքային կամավորների, պետական եւ հասարակական կազմակերպությունների գործընկերների ու միջազգային հանրության գործադրած անդուլ ջանքերը:
«Այս դժվարին ժամանակներում Գորիս համայնքը չէր կարողանա հաղթահարել տեղահանման մարտահրավերներն առանց ժամանակին եւ կենսականորեն անհրաժեշտ աջակցության, որը փախստականներին տրամադրվեց ձեր շնորհիվ: Փախստականների ընտանիքների կայունությունն ու ապագան ապահովելու համար մենք պետք է ավելին անենք, որպեսզի օգնենք նրանց վերստեղծելու իրենց կյանքը, եկամուտ ստանալու եւ ապագայի ծրագրեր կազմելու համար», – ասաց Գորիսի համայնքի ղեկավարի տեղակալը՝ շեշտելով միջազգային հանրության շարունակական աջակցության կարեւորությունը:
Շուրջ 30 ՀԿ-ների եւ համայնքային կազմակերպությունների հետ հանդիպման ժամանակ տեղական գործընկերները սրտանց շնորհակալություն հայտնեցին միջազգային գործընկերների շարունակական աջակցության համար, որն անփոխարինելի դեր ունի փախստականներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու գործում: Շեշտադրելով շարունակական օգնության կարիքը՝ նրանք առանձնացրել են հատկապես ընդունող համայնքների եւ ծառայություն մատուցողների կարողությունների ամրապնդման կարեւորությունը, որը կօգնի փախստականների ներառումն ապահովել։
Տնային այցերի ընթացքում պատվիրակությունը հանդիպել է չորս ընտանիքի, որոնք օգտվում են ՄԱԿ ՓԳՀ-ի տրամադրած դրամական օգնության եւ բնակարանների վերանորոգման ծրագրերից: Այս ընտանիքներից մեկում մայրն իր փորձառության մասին պատմեց. «Մենք ամեն ինչ թողեցինք այնտեղ, իսկ այս օգնությունը մեզ հույս տվեց: Առանց դրա մենք ոչ մի ապահով տեղ չէինք ունենա, որը կարողանայինք մեր տունն անվանել»։ Մեկ այլ այցի ժամանակ ընտանիքի հայրն ընդգծեց օգնության կարեւորությունը, նշելով. «Այս դրամական օգնությունը ոչ միայն լոկ գումար է, այլեւ արժանապատվություն: Այն իմ երեխաներին ապահովելու եւ ապագայի պլաններ կազմելու հնարավորություն տվեց»: Երրորդ ընտանիքը, որը նոր է հաստատվել, նշել է բնակարանի վերանորոգման դրական ազդեցությունը.
«Մեզ համար չափազանց կարեւոր է անվտանգ ու ապահով տեղ ունենալը»։ Իսկ վերջում տարեց զույգը խոսելով իրենց կարիքների մասին, նշեց. «Համայնքի եւ գործընկերների աջակցությունը կարեւոր էին մեր կյանքը վերստին ստեղծելու համար»:
Ընտանիքներից յուրաքանչյուրը անչափ կարեւորեց այս ծրագրերի անգնահատելի դերը փախստականներին կայանալու եւ իրենց նոր համայնքներում կայունություն հասնելու համար։ Այցերի ընթացքում պատվիրակությունը հանդիպեց նաեւ մի մեղվաբույծի, ով ներկայացրեց իր բազմաթիվ տեղահանությունների պայմաններում տոկունության իր անցած ճանապարհը՝ դրսեւորելով վճռականություն, որը շատ փախստականներ ցուցաբերում են նոր համայնքում իրենց կյանքը կրկին կառուցելու համար:
Ավելի ուշ պատվիրակությունն այցելեց ԿԽՄԿ-ի ղեկավարած մի շարք ծրագրեր, մասնավորապես Գորիսի դիահերձարանի կարողությունների ամրապնդման ծրագիր, որն առանցքային դերակատարում էր ունեցել կորստի եւ վշտի ժամանակներում արժանապատիվ ծառայություններ մատուցելու առումով։ Այս հաստատությունը վերազինվել էր, որի շնորհիվ կյանքից հեռացածների նկատմամբ հարգանք եւ հոգատար մոտեցում էր ապահովվում։ Թիմն, իր հերթին, սովորել էր, թե ինչպես կարելի է այս ծառայությամբ թեթեւացնել ընտանիքների բեռը՝ օգնելով խնդրի լուծում գտնել նման դժվար ժամանակներում:
Այնուհետեւ պատվիրակությունը դիտարկումներ իրականացրեց հեռավոր Զառիթափ բնակավայրի բուժկետում արեւային պանելների տեղադրման ԿԽՄԲ ծրագրերից մեկում, որն ուղղված էր առողջապահական ծառայությունների շարունակականության ապահովմանն այն տարածքներում, որտեղ էլեկտրաէներգիայի հասանելիությունն անհուսալի է։ Այս նախաձեռնությունը ոչ միայն օգնում է բարելավել բուժկետի աշխատանքները, այլեւ զգալիորեն մեծացնել տեղի բնակչությանը տրամադրվող խնամքի որակը: Վերականգնվող էներգիայի միջոցով ապահովվում է բուժկետի գործունեության անընդհատությունը, որպեսզի անհրաժեշտ բժշկական ծառայությունները, ներառյալ մայրական խնամքը եւ անհետաձգելի բուժօգնությունն, անհրաժեշտության դեպքում, մշտապես հասանելի լինեն: ԿԽՄԿ-ի աջակցությամբ իրականացվող այս նախաձեռնությունները խոցելի համայնքների երկարաժամկետ դիմակայունության եւ անմիջական կարիքների՝ ամբողջական եւ բազմակողմանի հասցեագրման լավագույն օրինակներ են։
ԲՓՄ պատվիրակությունը Երեւանում հանդիպեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի ծրագրերն իրականացնող գործընկերներին, ինչպես նաեւ փախստական երեխաներին ու նրանց խնամակալներին: Ծնողավարման դպրոցի հոգեբանները քննարկեցին հոգեկան առողջության եւ հոգեբանասոցիալական աջակցության ապահովման ուղղությամբ տարվող իրենց աշխատանքների մասին, որոնք իրականացվել են ինչպես անհատական, այնպես էլ խմբային թերապիայի հանդիպումների միջոցով: Նրանք ծնողներին օգնում են զինվել անհրաժեշտ հմտություններով՝ իրենց երեխաների հուզական աշխարհի զարգացմանը նպաստելու համար, նրանց համար ստեղծելով իրենց փորձառության եւ խնդիրների քննարկման ապահով տարածքներ։ Տեղահանման եւ հոգեկան տրավմաների պատճառած խնդիրների հասցեագրման այս նախաձեռնությունները հոգեկան առողջության եւ հոգեբանասոցիալական բարեկեցության բարելավմանը նպատակամիտված ամբողջական եւ բազմակողմանի մոտեցման օրինակներ են, որոնք խոցելի երեխաներին ու նրանց ծնողներին օգնում են համապարփակ աջակցություն ստանալ, ինչն անհրաժեշտ է իրենց կյանքի վերստեղծման եւ նոր համայնքներում բնականոն կյանքով ապրելու համար։
Պատվիրակությունը հանդիպեց նաեւ փախստական ընտանիքներին, որոնք ձմեռնամուտին տաք հագուստի վաուչերներ էին ստացել: Այդ վաուչերներն ընտանիքներին ինքնուրույնության զգացում էին ներշնչեցին, քանի որ հնարավորություն ունեին իրենց նախընտրությամբ եւ ըստ կարիքի ընտրել թե՛ հագուստները, թե՛ անկողնային սպիտակեղենն ու այլ պարագաներ։ Պատվիրակությունն այցելեց նաեւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի մեկ այլ գործընկեր, «Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն» ՀԿ, որը հաշմանդամություն ունեցող փախստական երեխաներին մասնագիտացված ծառայություններ է մատուցում։ Այս միջամտությունը տեղայնացված մոտեցման լավ օրինակ է, որը խարսխված է դեռեւս իրենց համայնքներից փախստականներին ծանոթ մեխանիզմների վրա եւ ավելի լավ փոխհարաբերությունների կառուցման եւ ինտեգրման հնարավորություն է ընձեռում:
Սեպտեմբերի 12-ին պատվիրակությունը մեկնեց Գյումրի՝ ՄՄԿ ծրագրերի դաշտային գրասենյակներում դիտարկումներ անցկացնելու եւ փախստականների ու տեղական կառավարման մարմինների հետ շփվելու նպատակով: ԲՓՄ ներկայացուցիչները հանդիպում ունեցան Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանի հետ՝ քննարկելու ծրագրի ազդեցությունը, փախստականների կարիքները, ապա այցելեցին Գյումրի բժշկական կենտրոն, որի վերանորոգմանն աջակցել է նաեւ ԲՓՄ-ն։ Նրանք քննարկեցին ընդլայնված ընտանիքների առջեւ ծառացած հիմնական մարտահրավերները, որոնք կապված են նրանց առաջնային կարիքները հոգալու հետ, ինչպիսիք են բնակարանային անբավարար պայմանները եւ կենսապահովման հարաճուն ծախսերը: Փախստականները կիսվեցին իրենց մտահոգություններով՝ միաժամանակ ընդգծելով բնակարանների վերանորոգման ՄՄԿ ծրագրերի առանցքային նշանակությունն ապրելու ավելի անվտանգ պայմաններ ստեղծելու գործում: Տեղական կառավարման մարմինները հաստատել են այս մարտահրավերները եւ պատրաստակամություն հայտնել համագործակցելու ՄՄԿ-ի հետ՝ ընդլայնելու այդ կարիքների արդյունավետ լուծման ծրագրերը, որոնք ընդգծում են համապարփակ աջակցության կարեւորությունն ինչպես փախստականների, այնպես էլ տեղի համայնքի համար:
Փախստականներն առանձնապես բարձր են գնահատել ԲՓՄ-ի տրամադրած հրատապ աջակցությունը, ինչպես նաեւ ՄԱԿ ՓԳՀ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄՄԿ-ի եւ ԿԽՄԿ-ի գործադրած ջանքերն իրենց կարիքների լուծման ուղղությամբ: Նրանք նշեցին, որ ընթացիկ աջակցության կարեւորությունը շարունակում է խիստ արդիական մնալ։ Այս իրավիճակում պետական աջակցության ծառայությունների ընդլայնումն առաջնային կարեւորություն ունի, որը կօգնի համապարփակ օժանդակություն ապահովել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են զբաղվածությունը, բնակապահովումը, պաշտպանությունը եւ սոցիալական աջակցությունը, մասնավորապես խոցելի կանանց, տարեցների եւ հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Պատվիրակության այցելությունները եւս մեկ անգամ ընդգծեցին փախստականների դիմակայունությունը եւ համայնքի ու տեղական հասարակական կազմակերպությունների կարեւորագույն դերը ներառական միջավայրի խթանման գործում, ինչպես նաեւ ԲՓՄ-ի ժամանակին եւ չափազանց կարեւոր ներդրումները, որոնք ՄԱԿ ՓԳՀ-ին, ՅՈՒՆԻՍԵՖ-ին, ՄՄԿ-ին եւ ԿԽՄԿ-ին փախստականներին ու հյուրընկալող համայնքներին արտակարգ իրավիճակներում հրատապ օգնություն ցուցաբերելու հնարավորություն են տալիս: Այս անցումային փուլում հետեւողական ջանքերը խիստ կարեւոր են, քանի որ նպաստում են փախստականների լիարժեք ինտեգրմանը հայ հասարակությանը եւ ազգային սոցիալ-տնտեսական համակարգին, ընդունող համայնքում մասնակցությանը՝ միաժամանակ վերակերտելով իրենց սեփական կյանքը։ Շարունակական միջազգային համերաշխությունն առանցքային նշանակություն ունի փախստականների անհետաձգելի մարդասիրական կարիքների բավարարման եւ ներառման համար, որպեսզի ոչ ոք չանտեսվի։
Տարածել Facebook-ով Տարածել Twitter-ով