Ամառը վերջացավ, սակայն ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում լավ ընկերների հետ անցկացրած արձակուրդի մասին քաղցր հիշողությունները դեռ երկար կմնան բռնի տեղահանված բազմաթիվ երիտասարդների սրտերում։
Աննա-Մարիան, Սենդին, Տաթեւը, Վահեն, Շահանեն, Դենին, Վանեսան եւ բռնի տեղահանված բազմաթիվ այլ երիտասարդներ այս տարի օգտվեցին Երեւանում եւ Դիլիջանում անցկացված հրաշալի ԹՈՒՄՈ ամառային ճամբարներից, որոնք կազմակերպվել էին տարբեր երկրներից ժամանած երիտասարդների ու երեխաների համար:
ԹՈՒՄՈ Դիլիջանի ճամբարի վերջին օրը անմոռանալի հիշողություններ նվիրեց ճամբարականներին: Սիրիայից ժամանած երիտասարդ երաժիշտ եւ երգահան Աննա-Մարիայի կիթառի վարպետության դասը եւ համերգը երիտասարդների երեկոյի զարդն էր: Խումբն իր տարերքում էր. նրանք երգում էին սիրված երգեր, պարում, գիտելիքներ էին ստանում կիթառ երաժշտական գործիքի մասին, գուշակում հանրահայտ երգերի մեղեդին, փորձում էին մտաբերել տվյալ երգի հեղինակներին եւ երգի խոսքերը: Ուրախությունն ու երաժշտությունը լցրել էին ճամբարն ու Դիլիջանի գեղեցիկ երկնքի տակ գտնվող ԹՈՒՄՈ Կենտրոնի հյուրընկալ տեռասը: Երիտասարդները վայելում էին հարմարավետ միջավայրը, ամառը, ԹՈՒՄՈ ճամբարը, հաստատված նոր ընկերություններն ու երաժշտության ուժը:
«Այդ երաժշտական հիանալի միջոցառման ընթացքում ես անցկացրեցի իմ կյանքի ամենալավ ժամանակը՝ այս հրաշալի երիտասարդների հետ միասին», – բացականչեց Աննա-Մարիան՝ իր երախտապարտ լսարանի կողմից արժանանալով ծափահարությունների: «Սա իմ առաջին վարպետության դասն ու համերգն էր, եւ ես շատ ուրախ էի, որ ԹՈՒՄՈ-ի ճամբարականները դարձան իմ հանդիսատեսը», – հուզմունքով ավելացրեց Աննա-Մարիան՝ փորձելով թաքցնել երջանկության արցունքները: Այնքան դժվար էր հրաժեշտ տալ իրար, քանի որ, ինչպես հենց ինքը՝ Աննա-Մարիան նշեց, երիտասարդներից շատերը դարձել էին իր «հավերժական ընկերները», եւ ինքն այլեւս անհամբեր պիտի սպասի, թե երբ է նորից հանդիպելու նրանց:
ԹՈՒՄՈ-ն իսկապես եզակի, նշանավոր կենտրոն է: Այն սիրելի վայր է երեխաների եւ երիտասարդների համար, իսկ նրանցից շատերի համար՝ կրթության, անձնական ու մասնագիտական աճի օրրան: Այն նաեւ անվտանգ եւ ընկերական տարածք է փախստական երիտասարդների համար, որպեսզի նրանք իրենց զգան պահանջված եւ ներգրավված։ Այդպիսով ԹՈՒՄՈ-ն դարձավ մի հարթակ, որտեղ տեղացի, փախստական եւ արտասահմանցի երիտասարդները ձեւավորեցին նոր ընկերական հարաբերություններ:
Շնորհակալությո՛ւն, ԹՈՒՄՈ, ՄԱԿ ՓԳՀ Հայաստանի գրասենյակի հետ համագործակցության համար. մենք այն չափազանց բարձր ենք գնահատում եւ արժեւորում:
Տարածել Facebook-ով Տարածել Twitter-ով