Տաթևիկն ու նրա որդին՝ Արամիկը, տեղահանվել և ապաստան են գտել Հայաստանում, Գյումրի քաղաքում։
ՄԱԿ ՓԳՀ և գործընկեր կազմակերպության՝ «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ի աշխատակիցները նրանց հանդիպեցին տեղահանված ընտանիքներին մարդասիրական օգնություն տրամադրելու ընթացքում։ Տաթևիկը հենց նոր էր ստացել ՄԱԿ ՓԳՀ աջակցությունը՝ Essity տակդիրներ Արամիկի համար և Nike սպորտային հագուստ՝ ամբողջ ընտանիքի համար: Տաթևիկի հետ ջերմ ու մտերմիկ զրույցի ընթացքում մարդասիրական կազմակերպությունները ներկայացուցիչները լսեցին նրա և որդու առօրյայի, կարիքների, հույզերի ու ձգտումների մասին:
«Հայաստանը մեր հարազատ տունն է դարձել, մեզ այստեղ անվտանգ ու հանգիստ ենք զգում, վայելում մեր նոր հարևանների բարյացակամ վերաբերմունքը, նրանց հետ ջերմ ընկերությունը»,- պատմեց Տաթևիկը:
«Իհարկե, դժվար է ամենը սկսել զրոյից, նոր կյանք կառուցել նոր վայրում: Առանց աջակցության՝ Հայաստանի կառավարության և Գյումրի համայնքի, միջազգային կազմակերպությունների աջակցության, մենք չէինք կարողանա ծայրը ծայրին հասցնել, տան վարձը վճարել, սնունդ գնել մեր երեխաների համար… և մենք այդ աջակցության կարիքը դեռ ունենք»,- ավելացրեց նա:
Տաթևիկը տնտեսագետ է, համալսարանի փորձառու դասախոս. տեղահանության պատճառով նոր-նոր է հարմարվում, կյանքը կառուցում Հայաստանում։ «Ես ցանկանում եմ վերադառնալ իմ սիրելի աշխատանքին, դասավանդել, իմ հետազոտությունները շարունակել», – մեզ հետ կիսվեց Տաթևիկը։ «Գյումրին ինձ քաջալերում և ոգևորում է, օգնում տոկուն լինել, չվհատվել։ Գիտե՛մ, որ մի օր ոտքի կկանգնեմ, կաշխատեմ ու կստեղծեմ, իմ ներդրումը կունենամ Հայաստանում»,- վստահորեն ասաց Տաթևիկը։
«Ատիճանաբար ընտելանում ենք, համայնքն ուսումնասիրում, հնարավորություններին ծանոթանում։ Մեզ համար դեռ դժվար է հեռանկարներ ունենալ, պլաններ կառուցել, ձեռնարկել, քանի որ կենսական կարիքները դեռ չեն բավարարվել: Թեև տրամադրված աջակցությունն անգնահատելի է, մենք դեռևս բախվում ենք այնպիսի կարևոր խնդիրների, ինչպիսիք են բնակարանը և զբաղվածությունը: Համայնքի սրտացավ վերաբերմունքն ու օգնությունը իսկապես կարևոր են, բայց շարունակական աջակցություն և լուծումներ են անհրաժեշտ՝ նոր համայնքում բնականոն կյանք վերսկսելու համար»,- նշեց Տաթևիկը:
Տաթևիկի ընտանիքն իսկապես տոկունություն, մեծ կամք և հույս է մարմնավորում: «Հայաստանում մեր գտած խաղաղությունն անգնահատելի է։ Լավ մարդկանց օգնությամբ մենք նոր կյանք կկառուցենք։ Ամենակարևորը խաղաղությունն է, հույսն ու սերը, ջերմ ու բարի մարդկանցով շրջապատված լինելը։»,- ասաց Տաթևիկը և ամուր գրկեց որդուն։
* * *
ՄԱԿ ՓԳՀ-ն խորին շնորհակալություն է հայտնում իր գործընկերներին, ներառյալ՝ մասնավոր ընկերություններին՝ տեղահանված ընտանիքներին ժամանակին և կարևոր աջակցություն տրամադրելու համար։ Այսպիսի կենսական անհրաժեշտության աջակցությունը օգնում է ՄԱԿ ՓԳՀ-ին՝ բավարարել ընտանիքների հիմնական կարիքները և ապահովել նրանց բարեկեցությունը:
2024 թվականին ՄԱԿ ՓԳՀ-ն իր կորպորատիվ գործընկերներ՝ ամերիկյան Nike սպորտային հագուստի և կոշիկի առաջատար ընկերության և շվեդական Essity հիգիենայի և առողջության առաջատար ընկերության ներդրումների շնորհիվ էական աջակցություն ցուցաբերեց տեղահանված անձանց։ Nike-ի կողմից 61,406 կտոր հագուստի և Essity-ի կողմից 269,676 տակդիրի նվիրատվությունն օգնեց ՄԱԿ ՓԳՀ-ին՝ Հայաստանի տասը մարզերի ընդունող համայնքներում բնակվող տեղահանված ընտանիքների կարիքները հոգալ:
ՄԱԿ ՓԳՀ-ի, Nike-ի, Essity-ի, ինչպես նաև Inditex-ի, H&M-ի և Hestra Gloves-ի և Հայաստանում գործող մասնավոր ընկերությունների միջև համագործակցությունը բարելավում է փախստականների կյանքը և աջակցում Հայաստանի կառավարության ու ժողովրդի ջանքերին՝ օգնելու տեղահանված ընտանիքներին՝ նոր կյանք կառուցել ընդունող համայնքներում:
Տարածել Facebook-ով Տարածել Twitter-ով