Ապաքաղաքացիության աղետալի ազդեցության խնդրի լուծման ուղղությամբ այս տարի աշխարհի բոլոր երկրներում շոշափելի արդյունքներ են արձանագրվել, հաղորդում է ՄԱԿ ՓԳՀ-ն՝ ՄԱԿ-ի Փախստականների գործակալությունը` նշելով շուրջ մեկ տասնամյակ ընթացող «Ես պատկանում եմ» (#IBelong) քարոզարշավի 9-րդ տարեդարձը։
2023 թվականին Ղրղզստանի եւ Մոլդովայի Հանրապետությունները օրենսդրական երաշխիքներ են ներդրել՝ ուղղված երեխայի ծննդյան պահին ապաքաղաքացիության կանխմանը։ Պորտուգալիան հաստատել է ապաքաղաքացիության կարգավիճակի կարգավորումների իրավական շրջանակը, այդ թվում ապաքաղաքացիության որոշման ընթացակարգը։ Իսկ Հյուսիսային Մակեդոնիան մի շարք օրենքների լրամշակման շնորհիվ քաղաքացիություն չունեցող անձանց քաղաքացիություն ստանալու եւ երկրում ծնված երեխայի ծնունդը գրանցելու հնարավորություն է ընձեռել, անկախ երեխայի ծնողների՝ փաստաթուղթ կամ քաղաքացիություն չունենալու հանգամանքից։ Կոնգոյի Հանրապետությունը դարձել է Ապաքաղաքացիության մասին կոնվենցիաներին անդամակցած վերջին հանրապետությունը։
Միայն այս տարի Պեմբա համայնքի քաղաքացիություն չունեցող մոտ 7,000 բնակիչ Քենիայի քաղաքացիություն է ստացել, իսկ ապաքաղաքացիության վտանգի տակ գտնվող ավելի քան 3,000 անձի Զանզիբարի (Տանզանիա) քաղաքացիություն է շնորհվել։
Ներկայում, ընդհանուր առմամբ, 97 պետություն արդեն միացել է ՄԱԿ-ի 1954 թ. «Քաղաքացիություն չունեցող անձանց կարգավիճակի մասին» կոնվենցիային եւ 79 պետություն՝ 1961 թ. «Ապաքաղաքացիության կրճատման մասին» կոնվենցիային։ Տասնյակ պետություններ ապաքաղաքացիության կանխարգելմանն ուղղված օրենսդրական երաշխիքներ են ներդրել կամ քաղաքացիություն չունեցող անձանց պաշտպանության ընթացակարգեր հաստատել։
«Ապաքաղաքացիության դեմ պայքարում այսօր փաստագրված առաջընթացն, անշուշտ, գովելի է եւ դրվատանք ենք հայտնում քայլեր ձեռնարկած երկրներին։ Բայց սա դեռեւս բավարար չէ։ Աշխարհում բռնի տեղահանության դեպքերի աճի պայմաններում լուսանցքում են հայտնվել միլիոնավոր մարդիկ, որոնք զրկված են մարդու հիմնական, այդ թվում հասարակական կյանքին մասնակցելու եւ ներդրում ունենալու իրավունքներից։ Այս մեկուսացումն անարդար է, եւ այս խնդրին պետք է լուծում տրվի», ասել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին։
Առնվազն 4.4 միլիոն մարդ 95 պետություններում չունի քաղաքացիություն, կամ նրանց քաղաքացիությունը հաստատված չէ։ Հայտնի է, որ գլոբալ ցուցանիշն զգալիորեն ավելի բարձր է՝ հաշվի առնելով քաղաքացիություն չունեցող մարդկանց՝ ազգային վիճակագրական գործընթացներից մեծամասամբ դուրս մնալու փաստը։
Չճանաչվելով որեւէ երկրի քաղաքացի, նրանք հաճախ զրկված են մարդու իրավունքների իրացմանեւ առաջին անհրաժեշտության ծառայություններից օգտվելու հնարավորությունից, ինչի հետեւանքով անմասն են քաղաքական ու տնտեսական գործընթացներին եւ անպաշտպան՝ խտրականությանը, չարաշահմանն ու շահագործմանը դեմ հանդիման։ Աշխարհում անհամաչափորեն տեղակայված քաղաքացիություն չունեցող անձինք փոքրամասնություն կազմող խմբերի անդամներ են, որի պարագայում ապաքաղաքացիությունը մեծացնում եւ սրում է վերջիններիս առջեւ արդեն իսկ ծառացած խտրականության ու մարգինալացման խնդիրները։
«Թեեւ ապաքաղաքացիության պատճառները բազում են, բայց հաճախ օրենսդրական եւ քաղաքականության պարզ փոփոխություններով կարելի է դրանց լուծմանը հասնել։ Ուստի աշխարհի բոլոր պետություններին կոչ եմ անում անհապաղ գործողություններ ձեռնարկել եւ ապահովել, որ ոչ ոք չանտեսվի», – հայտարարեց Գրանդին։
Տարածել Facebook-ով Տարածել Twitter-ով