Ժնեւ – ՄԱԿ ՓԳՀ-ն՝ ՄԱԿ-ի փախստականների գործակալությունը, ՄԱԿ-ի այլ գործակալությունների ու գործընկեր ՀԿ-ների հետ միասին փորձում է 97 միլիոն ԱՄՆ դոլար հավաքագրել՝ անհետաձգելի մարդասիրական օգնություն եւ պաշտպանություն ցուցաբերելու փախստականներին ու նրանց մեծահոգաբար ընդունած անձանց, ինչը կսատարի կառավարության արագ արձագանքման ջանքերը։
Այսօր գործարկված Փախստականների կարիքներին արձագանքման ծրագիրը (ՓԿԱԾ) ներկայացնում է 60 գործընկերների, այդ թվում 43 ազգային ՀԿ-ների եւ ամփոփում վեցամսյա ժամկետում՝ մինչեւ 2024 թվականի մարտի վերջը տրամադրվող օգնության աշխատանքները։ Համատեղ ծրագիրը նպատակ ունի աջակցել 196,000 մարդու, այդ թվում 101,000 փախստականների եւ տեղական համայնքների 95,000 ներկայացուցիչների։ Ծրագրում հաշվի են առնված նաեւ առաջիկա ձմեռային ցուրտ ամիսները, երբ օգնության անհրաժեշտությունն է՛լ ավելի կսրվի։
Սեպտեմբերի վերջին ռազմական գործողությունների սրացմանը հաջորդող մեկ շաբաթից էլ պակաս ժամանակում Հայաստան է ժամանել ավելի քան 100 հազար փախստական։ Նոր ժամանածների շարքում են շուրջ 30,000 երեխաներ եւ բազմաթիվ խոցելի մարդիկ, ներառյալ հղի կանայք, հաշմանդամություն եւ առողջության քրոնիկ խնդիրներ ունեցող բազմաթիվ այլ անձինք։ Փախստականների կեսից ավելին տարեցներ են եւ երեխաներ։
Շատերը փախուստի են դիմել՝ իրենց հետ ունենալով միայն այն սակավաթիվ անձնական իրերը, որոնք հասցրել են փախչելիս հապշտապ վերցնել եւ տեղ են հասել վհատված, ուժասպառ եւ ապագայի համար մտահոգ: Այժմ նրանք հրատապ աջակցության կարիք ունեն։
Հաշված օրերի ընթացքում հարկադրված լինելով ընդունել ավելի քան հարյուր հազար փախստական՝ Հայաստանում ընդունող համայնքները եւ ներպետական հանրային ծառայությունները վիթխարի ճնշման տակ են։ Ժամանած փախստականները երկրի բնակչության 3.4 տոկոսն են կազմում, եւ նրանք եկել են ստվարացնելու արդեն իսկ երկրում բնակություն հաստատած փախստականների, ապաստան հայցողների ու քաղաքացիություն չունեցող շուրջ 35,000 մարդկանց շարքերը։
«Մենք կոչ են անում միջազգային հանրությանը՝ անհապաղ նեցուկ կանգնելու փախստականներին ու նրանց ընդունողներին։ Տեղական համայնքները սրտաբացորեն իրենց դռներն են բացել եւ շատ մեծ համերաշխություն ցուցաբերել փախստականներին։ Նույնչափ դրվատելի է նաեւ տեղական կառավարման մարմինների կողմից առաջնորդվող համայնքային արձագանքը, կամավորների եւ քաղաքացիական հասարակության օգնությունը։ Այսուհանդերձ, միջազգային աջակցությունը չափազանց կարեւոր է այս ընդունելությանն օժանդակելու համար, ինչը նաեւ մեզ կօգնի արձագանքելու այս հրատապ կարիքներին եւ, միեւնույն ժամանակ, խարսխվելու այս բնակչության դիմակայունության վրա», – ասել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին։
Փախստականների կարիքներին արձագանքման ծրագիրը կնպաստի եւ կլրացնի կառավարության արձագանքը՝ շեշտադրելով անհետաձգելի պաշտպանության ու աջակցության կարեւորությունը, միաժամանակ կենտրոնանալով ներառականության, դիմակայունության եւ այն լուծումներին վրա, որոնք ուղղված են ինչպես փախստականներին, այնպես էլ ընդունող համայնքներին։
Ծրագիրն ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ, մասնավորապես պաշտպանությունը՝ առանցքում պահելով գենդերով պայմանավորված բռնությունը, երեխայի պաշտպանությունն ու կրթությունը, ինչպես նաեւ պարենային անվտանգությունն ու սնուցումը, առողջությունը, դիմակայունությունը, կացարանով եւ ոչ պարենային ապրանքներով ապահովումը, որտեղ տեւականորեն մեծ ուշադրություն կդարձվի ներառականությանն ու հանրային ծառայությունների բարելավմանը։
Տարածել Facebook-ով Տարածել Twitter-ով