ՄԱԿ-ի Փախստականների գործակալությունը զարգացնում է ապաքաղաքացիության ոլորտում ներգրավված պետական գործընկերների, իրավաբան-փորձագետների, քաղաքացիական հասարակության եւ ուսումնական դաշտում մասնագետների կարողությունները։
Ապաքաղաքացիության վերացմանն ուղղված #IBelong («Ես պատկանում եմ») տասնամյա (2014-2024 թթ.) քարոզարշավի շրջանակում ՄԱԿ ՓԳՀ-ն երկար տարիներ համագործակցում է Մարդասիրական իրավունքի միջազգային ինստիտուտի (Սան Ռեմոյի ինստիտուտ) հետ։ Ինստիտուտը մարդու իրավունքների, ներառյալ փախստականների իրավունքի եւ քաղաքացիության իրավունքի վերաբերյալ դասընթացներ է տրամադրում ՄԱԿ ՓԳՀ-ի գործընկերներին ամբողջ աշխարհում:
ՄԱԿ ՓԳՀ-ն վերջերս աջակցել է Հայաստանից հինգ մասնագետների մասնակցությանը Սան Ռեմոյի ինստիտուտի Փախստականների միջազգային իրավունքի եւ միգրացիոն իրավունքի ամբիոնի կողմից տրամադրվող ապաքաղաքացիության վերաբերյալ առցանց երկու դասընթացի։ Հայաստանը ներկայացնող մասնակիցներն ընտրվել էին Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունից (ՄՔԾ), «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ից եւ ԵՊՀ Իրավաբանական ֆակուլտետի իրավաբանական կլինիկայից:
«Իսկապես, հմտորեն մշակված դասընթաց էր, եւ մենք ձեռք բերեցինք պետքական գիտելիքներ եւ հմտություններ: Դեպքերի ուսումնասիրությունները եւ հետագա քննարկումները մասնակիցներին թույլ տվեցին հասկանալ ապաքաղաքացիության առաջացման պատճառներն ու հանգամանքները եւ կիսվել ապաքաղաքացիության կանխման, նվազեցման եւ վերացման գործում միջազգային արդյունավետ փորձով»,- նշեց ՄՔԾ Անձնագրային եւ վիզաների վարչության իրավաբանական բաժանմունքի պետ տ-ն Իրինա Մկրտչյանը։
Դասընթացը թույլ է տալիս վերլուծել քաղաքացիության վերաբերյալ միջազգային իրավական դաշտը եւ քաղաքացիություն չունեցող անձանց իրավունքները կարգավորող ազգային օրենսդրության մշակումը: Այն նաեւ ներկայացնում է ապաքաղաքացիության պատճառներն ու դրա բացասական ազդեցությունը եւ բացատրում ապաքաղաքացիության եւ հարկադիր տեղահանման փոխհարաբերությունը, ինչպես նաեւ աշխարհի տարբեր մասերում քաղաքացիություն չունեցող բնակչության ընդհանուր պատկերը:
«Դասընթացը չափազանց ոգեշնչող էր: Ապաքաղաքացիության թեման համախմբել էր բազմաթիվ երկրների իրավաբանների եւ փորձագետների, ովքեր ցանկանում են ավելին իմանալ՝ օգնելու լուծելու քաղաքացիություն չունեցող անձանց խնդիրը»,- նշեց ԵՊՀ Իրավաբանական ֆակուլտետի Իրավաբանական կլինիկայի ղեկավար տ-ն Քնարիկ Վարդանյանը:
«Մասնակիցները կիսվեցին իրենց հաջող փորձով, իրազեկվեցին ապաքաղաքացիության խնդիրը սահուն եւ արդյունավետ կերպով լուծելու տարբեր մեխանիզմների եւ գործնական մեթոդների մասին: ՄԱԿ ՓԳՀ-ն մեզ նաեւ #IBelong քարոզարշավի մասին կարեւոր գիտելիք տվեց»,- հավելեց նա:
ՄԱԿ ՓԳՀ-ն գոհունակությամբ է արձանագրում այն, որ Հայաստանից ընտրված մի խումբ գործընկերներ՝ միանալով տարբեր երկրներ ներկայացնող մասնակիցների՝ 2023 թ. մարտ-ապրիլ ամիսներին օգտվեցին առցանց դասընթացներից: Ինչպես մասնակիցները նշեցին, դասընթացը նրանց ապաքաղաքացիության վերաբերյալ կարեւոր գիտելիքներ տվեց եւ ապաքաղաքացիության նվազեցման եւ կանխման լավագույն փորձի փոխանակման արդյունավետ հարթակ հանդիսացավ։
Տարածել Facebook-ով Տարածել Twitter-ով