Նոյեմբերի 22-ին Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների գործակալությունը (ՄԱԿ ՓԳՀ)՝ Ստրասբուրգում (Ֆրանսիա) Եվրոպական հաստատությունների ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցչության եւ Երեւանում Եվրոպայի խորհրդի (ԵԽ) գրասենյակի հետ համատեղ կազմակերպեց Եվրոպայի խորհրդի «Իրավական ոլորտի մասնագետների համար մարդու իրավունքների կրթություն (HELP)» առցանց հարթակի միջոցով իրականացված «Ապաստանը եւ մարդու իրավունքները» ՄԱԿ ՓԳՀ-ի պիլոտային դասընթացի փակման միջոցառումը։
Դասընթացի նպատակն էր ամրապնդել փախստականների պաշտպանության եւ մարդու իրավունքների ոլորտի մասնագետների եւ որոշում կայացնողների. իրավաբանների, փաստաբանների, դատախազների, դատավորների եւ հանրային պաշտպանների գիտելիքներն ու հզորացնել նրանց մասնագիտական հմտությունները։ Միջոցառման գլխավոր հյուրերն էին ՄԱԿ ՓԳՀ-ի, ԵԽ-ի Երեւանի եւ Ստրասբուրգում ՄԱԿ ՓԳՀ գրասենյակների ներկայացուցիչները։
Միջոցառմանը ներկա էին այս դասընթացի 21 մասնակիցները Միգրացիոն ծառայությունից, Գլխավոր դատախազությունից, ԱԱԾ-ից եւ Սահմանապահ զորքերից, դատարաններից, Փաստաբանների պալատից, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, ԵՊՀ-ի Իրավաբանական կլինիկայից, ինչպես նաեւ ՄԱԿ ՓԳՀ-ից եւ իր գործընկեր «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ից։ Հիբրիդ միջոցառման գլխավոր հյուրերն էին ՄԱԿ ՓԳՀ-ի, ԵԽ-ի Երեւանի եւ Ստրասբուրգում ՄԱԿ ՓԳՀ-ի եւ ԵԽ-ի գրասենյակների պաշտոնատար անձինք։
Իր բացման խոսքում ՄԱԿ ՓԳՀ Հայաստանի գրասենյակի փախստականների պաշտպանության ղեկավար Անդրեյ Արյուպինը շնորհակալություն հայտնեց Եվրոպական հաստատությունների հետ աշխատող՝ ՄԱԿ ՓԳՀ Ստրասբուրգի ներկայացուցչության, ԵԽ-ի երեւանյան գրասենյակի եւ «HELP» Քարտուղարության աշխատակիցներին՝ արդյունավետ համագործակցության համար, եւ մասնակիցներին շնորհավորեց դասընթացը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ։ «Ուրախ եմ, որ «Ապաստանը եւ մարդու իրավունքները» դասընթացը օգտակար է եղել ձեզ համար։ Այն հմտորեն մշակված մի ծրագիր է` նախատեսված միջազգային պաշտպանության ոլորտում իրավաբանների եւ ծառայություններ մատուցողների համար», – նշեց նա։ «Դասընթացը ճիշտ ժամանակին մատուցվեց՝ ներպետական դատական եւ միգրացիոն դաշտի եւ ապաստանի համակարգի բարեփոխումների վճռորոշ ժամանակաշրջանում», – հավելեց պարոն Արյուպինը։
ԵԽ-ի երեւանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Լեյլա Ժդանովան իր հերթին շնորհավորեց եւ հաջողություն մաղթեց մասնակիցներին։ «Գոհունակությամբ նշում եմ, որ ԵԽ-ի եւ ՄԱԿ ՓԳՀ-ի ջանքերի շնորհիվ մի խումբ մասնագետներ հնարավորություն ստացան հանգամանալից ծանոթանալ Եվրոպական եւ այլ միջազգային չափանիշներին եւ տարածել, եւ գործնականում կիրառել իրենց գիտելիքներն ի նպաստ փախստականների պաշտպանության եւ բարօրության։
Մասնակիցները կիսվեցին դասընթացի մասին իրենց տպավորություններով ու հաջողություններով եւ քննարկեցին՝ իրենց գործընկերների եւ ուսանողների, իրավաբանների եւ մարդու իրավունքների ոլորտում աշխատակիցների հետ իրենց փորձը կիսելու կարեւորությունը։
«Հպարտ եմ, որ Հայաստանում «HELP» առաջին դասընթացի մասնակից եմ։ Այն ինձ շատ կարեւոր գիտելիք հաղորդեց եւ փախստականների հետ գործնական աշխատանքում չափազանց օգտակար ու կիրառելի հմտություններ»,- մասնակիցներից մեկն ասաց։ «Ամենահաճելին նաեւ հետադարձ կապի եւ հարցուպատասխանի հնարավորությունն էր դասընթացավարի հետ, ով բացատրում էր մեզ բոլոր խրթին դրույթներն ու դժվար լուծելի վարժությունները», – ասաց մեկ այլ մասնակից՝ շնորհակալություն հայտնելով դասընթացավարին եւ կազմակերպիչներին։
Մասնակիցներից շատերը գոհունակությամբ նշեցին այն փաստը, որ դասընթացը մշակվել եւ մատուցվել էր հայերեն, եւ որ օրենսդրական եւ գործնական առումներով այն հմտորեն ադապտացվել էր՝ համահունչ ազգային համատեքստին։
Շնորհակալություն հայտնելով մասնակիցներին՝ իրավաբան եւ դասընթացավար Սերգեյ Ղազինյանը նույնպես կիսվեց իր դիտարկումներով։ «Գոհունակությամբ նշում եմ տարբեր մասնագետների՝ ոչ անպայմանորեն իրավաբանների, բայց ուղղակիորեն կամ անուղղակիորեն փախստականների իրավունքների պաշտպանության ոլորտի գործընկերների հավասարաչափ ուշադրությունն ու հետաքրքրությունը դասընթացի նկատմամբ։ Շատ եմ գնահատում նաեւ այդ հրաշալի համագործակցության հարթակը, որ զանազան թեմաների շուրջ քննարկումների եւ բանավեճերի ու նորարարական մտքերի եւ առաջարկությունների հնարավորություն ընձեռեց բոլորիս», – ասաց Սերգեյ Ղազինյանը։
Միջոցառումն ավարտվեց վկայականների հանձնման արարողությամբ եւ խմբային լուսանկարով՝ որպես «HELP» դասընթացի մասին ջերմ հիշողություն։
Տարածել Facebook-ով Տարածել Twitter-ով