2022 թ. հուլիսի 15-ին, առանցքային գործընկերների հետ համատեղ անցկացված քննարկմամբ, ՄԱԿ ՓԳՀ-ն մեկնարկեց տեղահանված անձանց պաշտպանությանն առնչվող օրենսդրության վերանայման գործընթացը։
Հանդիպումը կազմակերպվել էր Հայաստանի Միգրացիոն ծառայության և Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) ներկայացուցչության հետ համատեղ` «Միգրացիայի կառավարման կարողությունների հզորացում՝ ի աջակցություն Կառավարության՝ CEPA-ին համահունչ բարեփոխումների օրակարգի» ծրագրի շրջանակում։ Ծրագիրը համաֆինանսավորվել է Եվրոպական միության (ԵՄ) կողմից և իրականացվում է Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) և ՄԱԿ ՓԳՀ-ի կողմից։
Միջոցառմանը մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը, Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Քրիստիննե Գրիգորյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ՄՄԿ գրասենյակի ղեկավար Իլոնա Տեր-Մինասյանը և ՄԱԿ ՓԳՀ-ի ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար և միջազգային պաշտպանության բաժնի ղեկավար Անդրեյ Արյուպինը, ինչպես նաև դատական համակարգի, պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների, կրթական և գիտական հաստատությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն իր բացման խոսքում ընդգծեց ծրագրի կարևորությունը՝ նշելով հետևյալը․ «Միգրացիայի կառավարման և ապաստանի համակարգի հզորացումը առաջնային են Կառավարության օրակարգում։ Ներկայումս մենք աշխատում ենք որոշ կենսական համակարգային բարեփոխումների ուղղությամբ, ինչպիսիք են թվայնացումը, միգրացիայի կառավարման ու ծառայությունների մատուցման համակարգերի պարզեցումը և ապաստան հայցողների ընդունման մեխանիզմների կատարելագործումը։ Հայաստանի կառավարությունը գնահատում է ՄԱԿ ՓԳՀ-ի հետ երկարամյա համագործակցությունը և կազմակերպության կողմից շարունակաբար տրամադրվող փորձագիտական և տեխնիկական աջակցությունը»։
Ընդունելով միջազգային պաշտպանության իրավական դաշտի վերանայման թափանցիկ և խորհրդատվական գործընթացի կարևորությունը՝ ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը ողջունեց միջգերատեսչական աշխատանքային խմբի ստեղծումը և մաղթեց արդյունավետ քննարկումներ՝ վերանայելու համապատասխան իրավական դաշտը, որը կօգնի բարելավել ապաստանի և միգրացիայի ոլորտի կառավարումը:
Հանդիպումը մասնակիցներին հնարավորություն տվեց քննարկելու միջազգային պաշտպանության ազգային օրենսդրության համապարփակ վերանայման հիմնական ուղղությունները։ Կողմերը քննարկեցին պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների և միջազգային շահագրգիռ կառույցների փորձագետներից կազմված միջգերատեսչական աշխատանքային խմբի ստեղծումը՝ օրենսդրական բարեփոխումների համապարփակ փաթեթի մշակման հարցում ապահովելու ներառական և հավասար մասնակցության հնարավորություն ստեղծող խորհրդակցական գործընթաց՝ ի շահ Հայաստանում միջազգային պաշտպանություն հայցող անձանց։
Իր ելույթում Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը նշեց, որ ապաստան հայցողների և փախստականների պաշտպանության հարցերին ՄԻՊ-ն անդրադարձել է իր գրեթե բոլոր տարեկան զեկույցներում։ Ի թիվս այլնի ՄԻՊ-ը բարձրաձայնել է իրավական պաշտպանությանն առնչվող թե՛ օրենսդրական և թե՛ գործնականում այդ պաշտպանությունն ապահովելու գործելակերպերի բացերին:
«Այսօր հայտարարված օրենսդրական փոփոխությունները պետք է հասցեագրեն այնպիսի կարևոր խնդիրներ, ինչպիսիք են ապաստան հայցողների չվերադարձելիության ապահովումն՝ անկախ փախստականի կարգավիճակի տրամադրումից, և անվճար թարգմանությունների ապահովման պարտավորությունը ապաստան հայցողների հետ շփվող բոլոր պետական մարմինների, ներառյալ սահմանապահ զորքերի, ոստիկանության, քրեակատարողական հիմնարկների վարչակազմի և այլ պետական մարմինների կողմից»,-իր խոսքում նշեց ՄԻՊ-ը։
Անդրադառնալով համակարգի՝ ապաստան հայցողների ընդունելության կարիքները սպասարկող կարողություններին, նա նաև ընդգծեց բավարար պետական միջոցների հատկացման կարևորությունը։
Իր հերթին, ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Անդրեյ Արյուպինն ընդգծեց ՄԱԿ ՓԳՀ-ի հանձնառությունը աջակցելու ընթացիկ օրենսդրական բարեփոխումների իրականացմանն ուղղված Կառավարության ջանքերին՝ համապարփակ և ներառական քաղաքականության մշակման մոտեցումների կիրառմամբ։ «ՄԱԿ ՓԳՀ-ն պատրաստակամ է փորձագիտական աջակցություն տրամադրել մեր պետական գործընկերներին միջազգային պաշտպանության օրենսդրական բարեփոխումների համապարփակ փաթեթի պատրաստման հարցում՝ միջազգային չափանիշներին այն առավել համապատասխանեցնելու նպատակով»,- նշեց նա։
Գնահատելով Կառավարության ջանքերը ապաստան հայցողներին և այլ տեղահանված անձանց ներառական, հաշվետու և արդյունավետ ծառայություններ մատուցելու հարցում՝ կողմերը ընդգծեցին շահագրգիռ կառույցների միջև գործընկերության ամրապնդման կարևորությունը՝ ուղղված ապաստանի համակարգի անաչառությունը, արդյունավետությունը, ճկունությունը և վստահելիությունը ամրապնդելու նպատակ հետապնդող Կառավարության նախաձեռնությունների հետագա աջակցմանը։
Տարածել Facebook-ով Տարածել Twitter-ով