Պարո՛ն Բիերվիրթ, կարո՞ղ եք տեղեկացնել մեզ ամբողջ աշխարհում և հատկապես Հայաստանում փախստականների և տեղահանված անձանց դրության մասին:
Ցավոք սրտի Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր Աշխարհն այսօր չափազանց շատ է բախվում տեղահանման խնդիրների հետ: 2013թ. վերջի դրությամբ տեղահանվել է ավելի քան 51.2 միլիոն մարդ, որը 6 միլիոնով ավել է 2012թ. արձանագրված 45.2 միլիոն ցուցանիշից: Մինչ սպասում էինք համախմբված վիճակագրական տվյալներին, միտումը շարունակվեց 2014 թվականին, ինչպես նաև 2015թ. սկզբին, երբ առաջացան նոր ճգնաժամեր և սրվեցին կոնֆլիկտները, մասնավորապես` Սիրիայում, Իրաքում, Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում, Նիգերիայում, Մալիում, Պակիստանում, Հարավային Սուդանում և Ուկրաինայում: Հայաստանն արդեն ընդունել է մի քանի հարյուր հազար փախստականներ Ադրբեջանից և ավելի քան հազար մարդ Իրաքից, այժմ կարևորագույն խնդիր են դարձել Սիրիայից և Ուկրաինայից տեղահանվածները: Մոտավորապես 15000 մարդ, հիմնականում էթնիկ հայեր, Սիրիայի բախումներից փրկվելով, փնտրեց և իր պաշտպանությունը գտավ Հայաստանում: Ավելի քան 100 անձ Ուկրաինայից ապաստան ստանալու դիմում է ներկայացրել Միգրացիոն պետական ծառայություն, սակայն ենթադրվում է, որ Հայաստանում ապաստան փնտրող ուկրաինացիների իրական թիվն ավելի մեծ է, քանի որ նրանցից շատերը չեն գրանցվում` օգտվելով առանց վիզաների ազատ տեղաշարժի ընձեռած հնարավորությունից: Հայաստանը ընդունում է նաև ոչ մեծ թվով փախստականներ աշխարհի այլ պետություններից: Եթե նշված թվերը համեմատենք Լիբանանում հանգրվանած ավելի քան 1.4 միլիոն կամ Հորդանանում հանգրվանած մոտ 750 հազար փախստականների հետ, ապա հայաստանյան թվերը շատ փոքր են թվում: Սակայն անհրաժեշտ է հաշվի առնել, որ Հայաստանի նման փոքր պետության համար,որի վրա չափազանց բացասական է անդրադառնում Լեռնային Ղարաբաղի չլուծված հիմնախնդիրը, ինչպես նաև, փակ սահմանները, շրջափակումը և տնտեսական բարդ դրությունը, ստեղծված իրավիճակը լուրջ մարտահրավեր է: ՄԱԿ ՓԳՀ-ն ողջունում է, որ կառավարությունը սկզբունքորեն ընդունելի մոտեցում է ցուցաբերում փախստականների նկատմամբ և մասնավորապես Սիրիայից տեղահանված անձանց աջակցելու նպատակով բազմաթիվ մեթոդներ է կիրառում և նրանց պաշտպանության համար առաջարկում է բազմաթիվ տարբերակներ` հեշտացված կարգով քաղաքացիության ձեռքբերման, ապաստանի տրամադրման արագացված գործընթացների և կարճաժամկետ, միջնաժամկետ կամ երկարաժամկետ բնակության թույլտվության տրամադրման ճանապարհներով:
Սակայն անհրաժեշտ է ընդգծել, որ փախստականների պաշտպանությունը պետք է ապահովվի անկախ էթնիկ պատկանելիությունից:
Այդ ամենից բացի, հասարակության մեծ մասը, ընդհանուր առմամբ, ընդունում են տեղահանվածներին և ըմբռնումով մոտենում ստեղծված իրավիճակին: Շնորհիվ հայոց պատմական ճակատագրի առանձնահատկությունների և աշխարհի բազմաթիվ պետություններում բնակություն հաստատած և գոյատևած հազարավոր հայերի համատեղ փորձի, ապաստան տրամադրելու ինստիտուտը խորապես արմատացել է հայկական հասարակության մեջ: Այնուամենայիվ, Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքի և Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտության պատճառով, անվտանգության խնդիրները հասկանալիորեն բարձր են գնահատվում և երբեմն հայկական արմատներ չունեցող` մասնավորապես մահմեդական ծագմամբ, ապաստան հայցողների համար անհարկի վերապահումներ են առաջանում: Անհրաժեշտ է, որ անվտանգության արդարացի մտավախությունները դիտարկվեն փախստականների միջազգային իրավունքի և մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում: Ավելին, մենք նկատում ենք հասարակությունում առկա սխալ պատկերացումներ, թե սիրիահայերը հիմնականում հարուստ են, մինչդեռ ՄԱԿ ՓԳՀ-ն նշում է, որ Սիրիայի բախումներից փրկված մարդիկ և մասնավորապես նրանք, ովքեր հապճեպ հեռացան Հալեպում պայքարի սրման կամ Քեսաբի գրավման արդյունքում, Հայաստան հասան ծայրահեղ կարիքավոր վիճակում: : Այդ իսկ պատճառով մենք կոչ ենք անում հատուկ ըմբռնում ցուցաբերել այս անձանց նկատմամբ: Միևնույն ժամանակ ողջունելի կլինի, եթե հասարակությունն առավել բաց լինի Աֆրիկայից ժամանող փախստականների նկատմամբ: Չնայած կառավարության, սփյուռքի` կրոնական կազմակերպությունների և ՀԿ-ների միջև սերտ համագործակցությանը, ինչպես նաև աջակցության ներդրված բազմազան գործիքներին, այնուամենայնիվ, փախստականները Հայաստանում դեռևս հանդիպում են բազմաթիվ մարտահրավերների, որոնցից կարելի է առանձնացնել մատչելի կացարաններ գտնելու և գոյատևման միջոցներ հայթայթելու խնդիրները: Եթե անգամ տիրապետում են հայերեն լեզվին, միևնույն է, նրանց համար հեշտ չէ հարմարվել տարբերվող միջավայրին: Մշակութային միջավայրին հարմարվելու խնդիրն ավելի բարդ է Սիրիայից եկածների համար, քանի որ նրանք ապրել են «բավականին տարբերվող աշխարհում», քան Ադրբեջանից տեղահանվածների համար, ովքեր Հայաստանում տեղի բնակչության հետ ունեն ընդհանուր խորհրդային փորձառություն: Այսպիսի խիստ առանձնացող մշակութային աշխարհից եկածների հարմարվելը լի է ավելի բարդ մարտահրավերներով` հատկապես Աֆրիկայից ժամանած ոչ մեծ քանակությամբ փախստականների համար:
Ինտեգրումը աստիճանական գործընթաց է, և մենք ըմբռնում, համբերություն և կարեկցանք ցուցաբերելու կոչ ենք անում: Չպետք է մոռանալ այն ցավը, որ ապրում են փախստականները` ստիպված լինելով լքել իրենց տները, թողնելով իրենց նախնիների գերեզմանները և իրենց մանկության հիշողություններով լի վայրերը, ընտանեկան միջավայրը, ընկերներին և ընտանիքի անդամներին:
Խնդրում եմ պատմել ՄԱԿ ՓԳՀ-ի միջազգային մանդատի ու դերի և Հայաստանում ձեր կազմակերպության ռազմավարական առաջնահերթությունների մասին:
ՄԱԿ ՓԳՀ-ը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից ստացել է փախստականների միջազգային պաշտպանությունն իրականացնելու և տեղահանված բնակչության համար երկարատև լուծումներ գտնելու նպատակով պետություններին աջակցություն ցուցաբերելու մանդատ: ՄԱԿ ՓԳՀ-ի մանդատի գործառույթները ժամանակի ընթացքում ընդլայնվել և հիմա ներառում են նաև ներքին տեղահանված անձանց օժանդակությունը և պաշտպանությունը, ինչպես նաև ապաքաղաքացիության կանխարգելման և նվազեցման խնդիրների լուծմանը նպաստելը: Հայաստանում ՄԱԿ ՓԳՀ-ն հիմնականում ներկայացված է հետևյալ երեք ոլորտներում. Միգրացիոն պետական ծառայության և տեղահանվածների պաշտպանությանբ կամ քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանում ապաստան տրամադրելու խնդիրներով զբաղվող այլ իրավասու մարմինների կարողությունների հզորացում, ինչը միտված է բարելավելու փախստականների կարգավիճակի սահմանման գործընթացներում որոշում կայացնելու որակը, ուժեղացնելու մեխանիզմները, որոնք ծառայում են ապաքաղաքացիության կանխմանը և նվազեցմանը , Մարդասիրական օգնություն, որն ուղղված է փախստականների և փախստականի կարգավիճակին նման կարգավիճակ ունեցող անձանց կարիքները հոգալուն, մասնավորապես նրանց, ովքեր փախել են Սիրիայի և Ուկրաինայի բախումներից, և նրանց, ովքեր վերջերս են ժամանել Հայաստան և սպասվում է, որ կշարունակեն :
ժամանել՝ փնտրելով պաշտպանություն Հայաստանում Երկարատև լուծումներ գտնելուն ուղղված ջանքեր: Մասնավորապես Հայաստանում տեղական ինտեգրման աջակցության տրամադրում` նպատակային օժանդակության ցուցաբերման միջոցով:
Ավելի ստույգ ի՞նչ է սա նշանակում: Ի՞նչ տեսակի ծրագրեր և գործունեություն է իրականացրել ՄԱԿ ՓԳՀ-ն Հայաստանում 2015թ-ին և որո՞նք են եղել վերջին տարիների հիմնական ձեռքբերումները:
Կարողությունների հզորացման ոլորտում հատկանշական է, որ նախնական ինստիտուցիոնալ շինարարության գործընթացը ամփոփված է: Հայաստանը միացել է «Փախստականների կարգավիճակի մասին» 1951թ. ՄԱԿ-ի կոնվենցիային և շատ այլ միջազգային փաստաթղթերի, որոնք առնչվում են ՄԱԿ ՓԳՀ-ի աշխատանքներին: ՀՀ-ն ընդունել է ապաստանի տրամադրման ազգային օրենսդրություն, 2014թ. ՄՊԾ և ՄԱԿ ՓԳՀ աշխատանքային խումբը նախապատրաստել է կարևոր փոփոխությունների փաթեթ, որն այս օրենսդրությունը առավելագույնս կհամապատասխանեցնի միջազգային չափանիշներին: Փոփոխությունների նախագիծը վերջերս հաստատվել է ՀՀ Կառավարության կողմից և այժմ սպասում է ՀՀ ԱԺ կողմից ընդունմանը: Ապաստան հայցողների համար Երևանում գործում է փոքր կացարան, իսկ ՄՊԾ կազմում գործում է ապաստանի բաժին, որը պատասխանատու է կարգավիճակի տրամադրման համար: Այսօրվա դրությամբ առկա են հետևյալ մարտահրավերները. հարմարեցնել ՍՊԾ-ի կարողությունները աճող կարիքներին` միաժամանակ պահպանելով որոշում կայացնելու որակը, և ապահովել նորաստեղծ ինտեգրման բաժնի լիարժեք աշխատանքը: ՄԱԿ ՓԳՀ-ն կաջակցի ինտեգրման ռազմավարության և համապատասխան գործողությունների ծրագրի մշակմանը և կնպաստի դրա հետագա իրականացմանը: Ավելին, իրագործելով ՄԱԿ ՓԳՀ-ի հայաստանյան գրասենյակի դատական ներգրավվածության ռազմավարությունը` մենք շարունակելու ենք մեր համակարգված վերապատրաստման համագործակցությունը ՀՀ փաստաբանական դպրոցի հետ: Վերապատրաստման մասով ձգտելու ենք համագործակցել ՀՀ արդարադատության ակադեմիայի հետ, մշակելու ենք ազգային իրավական ցանց իրավաբանների համար և մասնակցելու ենք ռազմավարական դատական գործընթացներին:
Մարդասիրական օգնության շրջանակներում ՄԱԿ ՓԳՀ-ն և իր գործընկերները 2014թ. սկսել և 2015թ-ին շարունակում են իրականացնել ծրագրերի լայն շրջանակը, որոնք ուղղված են տեղահանված բնակչության առավել խոցելի խմբերին`երեխաներով ընտանիքներ, կանայք, մեծահասակներ և այլ հատուկ կարիքներով մարդիկ, մարդասիրական օգնության տրամադրմանը` լրացնելով պետական օժանդակության գործիքները, որոնք ուղղված են մեղմելու դժվարությունները: Գործադրվող ջանքերը ներառում են`
Ոլորտի դերակատարների միջև համագործակցությունը բարձրացնելու և ուղղորդման համակարգը բարելավելու նպատակով 2014թ. ՄԱԿ ՓԳՀ-ն իրականացրել է ՀԿ կողմից առաջարկվող ծառայությունների բազմակողմանի քարտեզագրման փորձ, որը թույլ է տալիս ավելի լավ պատկերացնել, թե «ով ինչ է անում, ինչպես և որտեղ» և հիմք է ծառայում «դեղին էջեր» տեղեկատվական ծառայության զարգացման համար: Այս ջանքերը 2015թ. նույնպես շարունակվելու են: Ինտեգրման խթանման հետ կապված` ՄԱԿ ՓԳՀ-ն կենտրոնացել է և շարունակելու է ներգրավված մնալ ապրուստի միջոցների բարելավման գործունեության մեջ: 2014թ-ին ՄԱԿ ՓԳՀ-ին հուզող ընդհանուր առմամբ 180 անձ մասնակցել է ՓՄՁԶԱԿ-ի կողմից կազմակերպված նախնական բիզնեսի զարգացման ուսուցման գործընթացին: «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի կողմից կազմակերպվել է մասնագիտական ուսուցման և շփման հմտությունների, որակավորման բարձրացման դասընթացներ, որոնց հաճախել է 270 տեղահանված անձ, իսկ 109 մարդ մասնակցել է ՄԱԿ ՓԳՀ-ի և սիրիահայերի հարցերի համակարգման կենտրոնի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում արևելահայերենի և ռուսերենի
Դասընթացներ: Ձեռք բերված հմտությունները եկամուտի վերածելու համար 157 շահառուի տրամադրվել են գործիքների հավաքածու, ներշնչվել վստահություն իրենց ուժերի նկատմամբ, ևս 23 տեղահանված ձեռներեց ստացել են վարկային արտոնյալ տոկոսադրույքներ: Այս ջանքերը լրացվում են Առաքելություն Հայաստան ՀԿ «Ինտեգրացիոն խոհանոց» ծրագրով, որը զուգակցվում է տեղեկատվության ապահովմամբ և ինտեգրման վերաբերյալ խորհրդատվությամբ, ինչպես նաև «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի կողմից նախաձեռնված նորարարական «Ընտանիքի ընկեր» ծրագրի շրջանակներում այսօրվա դրությամբ 90 ընտանիքներում ներդրված է համատեղ ուսուցման մշակութային միջոցառումների և ուղևորությունների փորձ: Ես ուրախ եմ տեղեկացնել, որ այս գործունեությունները շարունակվելու են նաև 2015 թ.-ին: Իրականացվում է նաև հասարակական տեղեկատվության գործունեության լայն շրջանակ, որին աջակցում է ՄԱԿ ՓԳՀ-ի Հայաստանի գրասենյակի ազգային համակարգող, հայտնի երգչուհի Զարուհի Բաբայանը: Տեղահանված արտիստների մասնակցությամբ կազմակերպվել են ճեպազրույցներ մի շարք ԶԼՄ-ներում, սպորտային և մշակութային միջոցառումներ, որոնց նպատակն էր տեղահանված անձանց կեցությունը բացահայտելը և վերջիններիս հայաստանյան կյանքին ինտեգրվելուն նպաստելը:
Որո՞նք են ՄԱԿ ՓԳՀ-ի հիմնական կառավարական գործընկերները: Կարո՞ղ եք ավելին պատմել ՄՊԾ-ի հետ Ձեր համագործակցության մասին:
Միգրացիոն պետական ծառայությունը, իսկապես, հանդիսանում է մեր ամենամոտ կառավարական գործընկերը Հայաստանում: ՄԱԿ ՓԳՀ և ՄՊԾ աշխատակազմը միմյանց հետ գտնվում են ամենօրյա աշխատանքային համագործակցության մեջ: Համագործակցությունը կենտրոնանում է ՄԱԿ ՓԳՀ-ի կողմից` 1951թ.-ի Հռչակագրով սահմանված դրույթների իրականացման նկատմամբ վերահսկողական գործառույթների, տեխնիկական աջակցության, աշխատակազմի ուղղորդման և վերապատրաստման, ծագման երկրների մասին տեղեկատվության տրամադրման, ինչպես նաև փախստականների միջազգային իրավունքին և փորձին առնչվող իրավական խորհրդատվության ապահովման շրջանակներում: 2014թ.-ին ՄԱԿ ՓԳՀ-ն օժանդակություն է տրամադրել ՄՊԾ-ին` փախստականների կարգավիճակի որոշման գործընթացների շրջանակներում իրականացվող հարցազրույցների համար ավելի լավ պայմաններ ստեղծելու և ծառայության աշխատակիցների համար առավել հարմարավետ աշխատանքային միջավայր ապահովելու հարցում: Բացի այդ, ՄՊԾ-ի աշխատակազմի համար վերապատրաստման 10 դասընթացներ են կազմակերպվել, որոնցից չորսն անցկացվել են ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Որակի նախաձեռնություն Արևելյան Եվրոպայի երկրների համար» ծրագրի շրջանակում: ՄԱԿ ՓԳՀ-ն նպաստել է նաև «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքում լրացումների և փոփոխությունների մշակման, ինչպես նաև ՄՊԾ-ի աշխատակազմի համապատասխան անձնակազմին չորս «Ստանդարտ գործառնական ընթացակարգերում» լրացումներ կատարելու ուղղորդման հարցում: Հայաստանի կողմից ստանձնած միջազգային իրավական պարտավորություններին և արձանագրություններին վերաբերող նորմերի և ընթացակարգերի պահպանման գործում մեր հիմնական կառավարական գործընկերն է Արտաքին գործերի նախարարությունը: Մենք ուրախ ենք Հայաստանի գրանցած առաջընթացի համար, ինչի արդյունքում երկիրը դարձել է ՄԱԿ ՓԳՀ-ի գործադիր կոմիտեի լիիրավ անդամ (EXCOM), և ուրախ ենք արձանագրելու, որ 2014թ-ին Եզիդի ՀԿ-ի, ՄԱԿ-ի մշտական համակարգողի, Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակի և ՄԱԿ ՓԳՀ-ի համատեղ լոբբիստական ջանքերի շնորհիվ, Հայաստանի կառավարությունը առաջին անգամ (բացի անվճար գրասենյակային տարածք տրամադրելուց) տրամադրել է ՄԱԿ ՓԳՀ-ին ֆինանսական օժանդակություն՝ Հյուսիսային Իրաքի Սինջար սարի շրջակայքից տեղահանված բնակչությանը աջակցություն ցույց տալու համար: ՄԱԿ ՓԳՀ-ն շարունակում է նաև համագործակցությունը Սփյուռքի նախարարության հետ և հանդիսանում է նախարարի կողմից ղեկավարվող, սիրիահայերի հարցերով միջկառավարական հանձնաժողովի անդամ: Ներկայումս համագործակցության ղեկավարման համար նախատեսվող Փոխըմբռնման հուշագիրը գտնվում է բանակցման փուլում:
Հարկ է նշել նաև ՄԱԿ ՓԳՀ-ի և սահմանապահ զորքերի միջև սերտ համագործակցությունը, որի շրջանակներում 2014թ-ին 75 շահառու մասնակցեցին վերապատրաստման մի քանի միջացառումների, ինչպես նաև մշակվեց համակարգված սահմանային մոնիթորինգի համակարգ, որում ներգրավվել են նաև Հայկական Կարմիր խաչի ընկերության մեր գործընկերները: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի սահմանապահ զորքերին ցուցաբերվեց տեխնիկական և սարքավորումների տրամադրման աջակցություն, որն արձանագրել է դրական արդյունքներ: 2014թ. չվերադարձելիության սկզբունքի ոչ մի խախտում չի արձանագրվել, այն է` փախստականները չեն վերադարձվել այն տարածքներ, որտեղ նրանց կյանքին կամ ազատությանը վտանգ է սպառնում` կախված նրանց ռասայից, կրոնից, ազգությունից, մասնավորապես սոցիալական որոշակի խմբի պատկանելությունից կամ քաղաքական հայացքներից ելնելով: Ավելին, գրանցվել են մեծ թվով ապաստան հայցողների դեպքեր, որոնք հայտնաբերվել են սահմանապահ զորքերի կողմից և պատշաճ կերպով ուղղորդվել ՄՊԾ: Կապ է պահպանվում նաև ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերում: Փոքր տեխնիկական աջակցություն է առաջարկվում ՀՀ աշխատանքի և աոցիալական հարցերի նախարարության և «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության կողմից հաստատված Ինտեգրացիոն սոցիալական ծառայությանը: Բացի այդ, ՄԱԿ ՓԳՀ-ն համագործակցում է մարզային իշխանությունների հետ, որտեղ ապաստան են գտել զգալի թվով փախստականներ և տեղահանված ընտանիքներ:
Մենք համագործակցում ենք նաև կիսակառավարական մարմին ՓՄՁԶԱԿ-ի հետ, ինչի շրջանակներում կազմակերպվում են դասընթացներ նվիրված Հայաստանում գործարարությամբ զբաղվելուն, բիզնես նախագծեր մշակելուն, միկրովարկերի և արտոնյալ տոկոսադրույքով վարկերի տրամադրման դրույթներին, ինչպես նաև տեղահանված ձեռնարկատերերի հետևողական վերապատրաստումներ:
Համագործակցո՞ւմ եք արդյոք հասարակական կազմակերպությունների հետ և եթե այո, ապա որո՞նք են ձեր գործընկերները:
Հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունը կարևոր նշանակություն ունի ՄԱԿ ՓԳՀ-ի համար: Խոսքը վերաբերում է ինչպես մարդկանց շահերի ներկայացման և բազմազան ծառայությունների մատուցմանն ուղղված կոնկրետ ծրագրերի իրականացմանը, այնպես էլ ավելի լայն համագործակցությանը, այն է` իրավիճակի և փախստականների կարիքների գնահատումը, կառավարությունում նրանց շահերի ներկայացումը և տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն ուղղված համագործակցային գործընկերության ձևավորումը:
2015թ. մենք համագործակցության համաձայնագրեր ենք կնքել հետևյալ ՀԿ-ների հետ.
Առաքելություն Հայաստան, որի գործունեությունը կենտրոնացված է հումանիտար օգնության ուղղությամբ, այդ թվում` բնակարանների վարձակալության սուբսիդավորում և բժշկական օգնություն տրամադրում, ինչպես նաև գործում է բարեգործական ճաշարան:
Հայկական կարմիր խաչի ընկերություն, որը փոքր բիզնեսի զարգացման նպատակով տրամադրում է դրամաշնորհներ և կազմակերպում համապատասխան վերապատրաստումներ: Կազմակերպությունն առաջարկում է նաև սոցիալ-հոգեբանական խորհրդատվություն, սեռական ու գենդերային բռնության կանխարգելման և արձագանքման ծառայություններ: Նրանք նաև մեր գործընկերներն են ապաստան հայցող անձանց խորհրդատվության տրամադրման, սահմանների մշտադիտարկման և սահմանին ապաստան հայցող խոցելի խմբերին օժանդակության ցուցաբերման հարցերում:
«ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամ, ներկայացված է ՄԱԿ ՓԳՀ գործունեության լայն շրջանակներով, որոնք ընդգրկում են մասնագիտական վերապատրաստումներ, լեզուների և համակարգչային ուսուցման դասընթացներ, մշակութային միջոցառումներ և երիտասարդական խմբակներ: Այս կազմակերպությունը իրականացնում է նաև նորարարական «Ընտանիքի ընկեր» ծրագիրը:
«Փրկենք երեխաներին», որի գործունեությունը միտված է փախստական և տեղահանված երեխաների և դեռահասների կրթական և ինտեգրացիոն խնդիրների լուծմանը: Նրանք նաև պատրաստվում են վերանորոգել մեկ մանկապարտեզ` ավելի շատ սիրիացի երեխաներ ընդունելու նպատակով:
Բացի վերը հիշատակվաշներից ՄԱԿ ՓԳՀ-ը համագործակցում է օպերատիվ գործունեություն ծավալող մի շարք կազմակերպությունների հետ, այդ թվում նաև Սիրիայից տեղահանված անձանց իրավունքների ներկայացմամբ զբաղվող ՀԿ-ների (օրինակ` «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ, «Հալէպ» հայրենակցական բարեգործական կազմակերպություն, «Հայրենակիցներ» ՀԿ), ինչպես նաև տեղահանված անձանց աջակցության տրամադրման ոլորտում մասնագիտացած կազմակերպությունների հետ, ինչպիսիք են Հայկական Կարիտասը և Oxfam-ը: Համագործակցությունը խորացնելու նպատակով փոխըմբռնման հուշագրեր են կնքվել ՄԱԿ ՓԳՀ-ի և ՀՀ ՄԻՊ-ի, ՄԱԿ ՓԳՀ-ի և Քաղաքացիական հասարակության ինստիտուտի միջև:
2015թ. սկզբին եռակողմ փոխըմբռնման հուշագրեր են կնքվել Oxfam Հայաստանի, Անի և Նարոդ հիմնադրամի միջև: Հուշագրի նպատակն է ընդլայնված համագործակցություն ապահովել Սիրիայից տեղահանված ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման ոլորտում:
Ինչպե՞ս կգնահատեիք Սիրիայից տեղահանված ընտանիքների Հայաստանում վերաինտեգրվելու ներուժը, նրանց կարիքները և ինտեգրացիոն հեռանկարները:
Սիրիայից տեղահանված անձանց մեծ մասն ունի Հայաստանում ինտեգրվելու մեծ ներուժ` ի հաշիվ մշակութային, կրոնական և լեզվական ընդհանրությունների և հայ հասարակությունում տիրող փոխըմբռնման մթնոլորտի:
Սիրիայից տեղահանված անձանց մեծ մասը ունի միջին և բարձրագույն կրթություն, մասնագիտական ունակություններ և ձեռնարկատիրական հմտություններ, ինչը կարող է զգալի ներդրում դառնալ Հայաստանի տնտեսական և հասարակական զարգացման համար:
Սիրիայից տեղահանված անձանց մեծ մասը, մասնավորապես այն ընտանիքները, որոնք ժամանել են 2013թ. կամ ավելի վաղ, մեծամասամբ արդեն ինտեգրված են: Համաձայն մեր դիտարկումների` Սիրիայից տեղահանված շատ անձինք հիմնադրել են ծաղկուն բիզնես, ինչը արդյունք է մատուցվող ծառայությունների բարձր մակարդակի և դեպի հաճախորդ կողմնորոշված բիզնես մշակույթի: Տեղահանվածներից շատերը գտնում են բարձր վարձատրվող աշխատանք ՏՏ և տուրիստական ոլորտներում: Համաձայն մեր դիտարկումների` մեծ թվով տեղահանված անչափահասներ շարունակում են կամ սկսում են կրթություն ստանալ Հայաստանում` օգտվելով Սփյուռքի նախարարության, կրթական հաստատությունների և սփյուռքի կազմակերպությունների օժանդակությունից: Սակայն անհրաժեշտ է նշել, որ փախստականները ստիպված են ինտեգրվել Հայաստանում տիրող բարդ իրականությանը, որտեղ առկա է աղքատության և գործազրկության բարձր մակարդակ, ցածր եկամուտ, սահմանափակ տնտեսական ներուժ և մարգինալացում: Ցածր աշխատավարձերը մեծ խնդիրներ են առաջացնում հատկապես վարձակալության ժամանակ, այն դեպքում, երբ տեղացիները ունեն սեփական բնակարաններ: Փորձառու սիրիահայ գործարարները, ովքեր անցյալում են թողել փոքր ձեռնարկություններ և զարգացող բիզնես և հատկապես, երբ անցյալում սովոր են եղել իրենց արտադրանքը արտահանել հարևան շուկաներ, այժմ մտավախություն ունեն Հայաստանում բիզնես միջավայրի և սահմանափակ շուկայի վերաբերյալ: Մենք չենք կարող անտեսել մտավախության որոշակի մակարդակը:
Հայաստանում առկա կյանքի պայմաններից հիասթափությունը (եկամտի և կյանքի արժեքի անհամապատասխանությունը), հատկապես տնտեսական և աշխատանքային հեռանկարների բացակայությունից ստիպում է Սիրիայից տեղահանվածներին փնտրել այլ հնարավորություններ: Մոտ 3-4 հազար մարդ, ովքեր ժամանել էին Հայաստան` մեկ փուլով հեռացան այստեղից: Նրանք մեկնեցին այլ ուղղություններով` դառնալով աշխատանքային միգրանտներ Պարսից ծոցի երկրներում կամ մեկնեցին այն երկրներ, որոնք առաջարկում էին ավելի լավ աշխատանքային պայմաններ, կամ օգտվեցին ընտանիքի վերամիավորման իրավունքից, իսկ շատ հաճախ, ուղղակի ապաստան հայցեցին այլ երկրներում: Որոշները վերադարձան Սիրիա` հետևելու անտեր թողնված ունեցվածքին, նույն պատճառով շատ ընտանիքների տղամարդիկ հաճախ գնում են Սիրիա և հետ վերադառնում: Այս իրավիճակը հանգեցրեց նոր խնդիրների ինչպիսիք են բաժանված ընտանիքները, որոնց տղամարդիկ, թողնելով իրենց կանանց և մանկահասակ երեխաներին Հայաստանում, գտնվում են Սիրիայում:
Վերադարձի նման դեպքերը կամ նմանատիպ միգրացիան չպետք է ընկալվի որպես հարգանքի և երախտագիտության պակաս կառավարության և հայ հասարակության հանդեպ, չպետք է ընդհատվեն Հայաստանում ինտեգրումը խորացնելու հետագա ջանքերը: ինքնավստահության բարձրացման շնորհիվ: Անհրաժեշտ է ջանքեր գործադրել վստահեցնելու, որ կյանքը տեղահանությունից հետո շարունակվում է արժանապատվորեն, որ կրթությունը երբեք չի ընդհատվում, և որ մենք կարող ենք վերցնել լավագույնը այն կրթությունից, հմտություններից և փորձից, որ տեղահանվածները բերում են իրենց հետ Հայաստան: Շատ կարևոր է ունենալ բաց տարբերակներ, որ մի օր, երբ իրավիճակը թույլ տա, տեղահանվածները կարողանան կատարել ազատ և տեղեկացված ընտրություն` մնալ Հայաստանում թե շարժվել մեկ այլ երկիր, թե վերադառնալ տուն, եթե առկա են անվտանգության և արժանապատվության երաշխիքներ:
Որո՞նք են ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակի առաջիկա անելիքները, գործունեության առանցքային ոլորտներն ու ուղղությունները:
ՄԱԿ ՓԳՀ-ն շարունակելու է Հայաստանում իր գործունեությունը վերոնշյալ երեք ուղղություններով, մասնավորապես` կարողությունների հզորացում, մարդասիրական օժանդակության տրամադրում և ինտեգրման աջակցություն, սակայն քիչ հավանական է, որ ֆինանսավորման այս բարձր մակարդակը կպահպանվի (2012թ-ին 600.000 ԱՄՆ դոլարի փոխարեն, 2013թ-ին 700.000 ԱՄՆ դոլար, 2014թ-ին 1.8 միլիոն ԱՄՆ դոլար և 2015թ-ին 2.5 միլիոն ԱՄՆ դոլար): Առաջիկայում ստիպված կլինենք աստիճանաբար կրճատել մեր գործունեությունը: Սա կպահանջի կարիքների մանրակրկիտ ուսումնասիրություն և առաջնահերթությունների ուշադիր դիտարկում, քանի որ ժամանակի հետ մեկտեղ կարիքներն էլ ավելի են շատանում:
Հիմնական գաղափարներն ու ուղղությունները, որոնք կառավարելու են սույն գործողությունը hետևյալն են.
շարունակվելու է ՄԱԿ ՓԳՀ մանդատի առանցքային գործառույթները, որոնք վերաբերում են ՀՀ կողմից ստանձնած 1951թ.-ի Կոնվենցիայի շրջանակներում պարտավորությունների կատարման հսկողությանն ու բռնի կերպով տեղահանումների կանխարգելմանը,
ուցաբերվելու է աջակցություն Միգրացիոն պետական ծառայությանը` փախստականի ճանաչման ընթացակարգերի արդյունավետ իրականացման հարցում:
աստիճանաբար նվազելու են ջանքերը մարդասիրական աջակցության ուղղությամբ, սակայն, միևնույն ժամանակ, հասանելի աղբյուրների միջոցով մեծ ուշադրություն է դարձվելու երկարաժամկետ լուծումների խթանմանը, հիմնականում` տեղական ինտեգրման միջոցով: Մասնագիտական և գործարարական վերապատրաստումներն ու ինտեգրացիոն այլ միջոցառումները պահպանվելու են: ՓՄՁԶԱԿ-ին տրվող դրամական միջոցների շրջանառու բնույթը հնարավորություն է ընձեռելու շարունակել միկրո-վարկային սխեմայով աշխատանքները, եթե նույնիսկ ոչ մի նոր խոշոր ֆինանսավորում հասանելի չլինի այս գործունեության իրականացման համար:
ՄԱԿ ՖԳՀ-ի աջակցության կրճատման ազդեցությունը մեղմացնելու նպատակով, մենք շարունակելու ենք աջակցել տեղահանված բնակչության լիարժեք ինտեգրմանը կառավարության կողմից իրականացվող օգնության սխեմաների և նույնատիպ սխեմաների բարելավման միջոցով: Ավելին, մենք խթանելու ենք այլ դերակատարների ներգրավվածությունը, իրենց իսկ միջոցներով, բնակարային կարիքներ ունեցող տեղահանված անձանց վարձակալության սուբսիդիաների և այլ ոլորտներում օժանդակության տրամադրման հարցում:
ՄԱԿ ՓԳՀ-ի տվյալ գործունեության և ֆինանսավորման ներուժից զատ, գնահատվելու են այնպիսի լրացուցիչ տարբերակներ երկարաժամկետ բնակարանային լուծումների տրամադրման համար, ինչպիսիք են սոցիալական բնակարանների տրամադրումը, առավել խոցելի խմբերին բնակարանների նվիրաբերումը, արտոնյալ տոկոսադրույքներով բնակարանային դրամաշնորհների կամ բնակարանային վարկերի տրամադրումը:
Ի հավելումն նշեմ, որ ՄԱԿ ՓԳՀ-ն շարունակելու է խթանել տեղահանված անձանց ներգրավումը Կառավարության, ՄԱԿ-ի գործընկեր ընկերությունների և այլ դերակատարների` Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման ապահովմանը միտված ռազմավարական, գործառնական ծրագրերին:
Աշխարհաքաղաքական համատեքստն ու Կովկասյան տարածաշրջանում պոտենցիալ վտանգի առկայությունը պահանջում են անդրադարձ արտակարգ իրավիճակներին պատրաստվածության և անսպասելի դեպքերի պլանավորման հարցին: Թեև մենք բոլորս հույս ունենք, որ զինադադարի պայմանագիրը կպահպանվի բոլոր կողմերի կողմից, և դրական առաջընթաց կգրանցվի հակամարտության կարգավորման հարցում Մինսկի խմբի երաշխավորությունների կատարման ուղղությամբ: Հարկ է նշել, որ ՄԱԿ ՓԳՀ-ն խորապես մտահոգված է 2014թ.-ի ամռանը Տավուշի մարզում տեղի ունեցած վերջին իրադարձություններով, որն հանգեցրել էր ավելի քան 100 անձանց ժամանակավոր տեղահանմանը:
Սույն խնդիրն անմիջապես գտնվում է ՄԱԿ ՓԳՀ-ի գործունեության շրջանակներում, և մեր աշխատանքն է հանդիսանում աչքի առաջ պահել չլուծված հակամարտությունները և դրանց հնարավոր զարգացումները, որոնք կարող են հանգեցնել տեղահանման: Հետևաբար, թարմացնելով մեր անսպասելի դեպքերի պլանավորման ցուցակը, սույն իրողությունը տեղ է գտել մեր 2015թ.-ի «անելիքների ցանկում»:
Ամփոփելով` ցանկանում եմ շեշտել, չնայած այն հանգամանքին, որ փախստականներին պաշտպանություն տարամադրելու հարցում առաջնահերթությունը ընկնում է Պետության ուսերին, իսկ ՄԱԿ ՓԳՀ-ի դերը այս առումով պետություններին աջակցելն է և ապահովելը, որ 1951թ.-ի Կոնվենցիայով սահմանված պարտավորությունները լինեն հարգված, գաղթականների և այլ տեղահանված անձանց իրավունքները լինեն պաշտպանված, սակայն, ի վերջո, դա հենց հասարակությունն է իր յուրաքանչյուր անդամով հանդերձ, որ ստիպում է գաղթականներին և այլ տեղահանված անձանց ընդունված զգալ հասարակությունում և ունենալ իրական հնարավորություն նոր տուն և նոր ապագա գտնելու հարցում:
Մինչդեռ հասարակության որոշ անդամներ, մտորումների մեջ փորձում են պարզել, թե արդյոք պետք է բարձրացնել վարձակալության գումարը, երբ վարձակալը գալիս է Սիրիայից, կամ արդյոք պետք է փախստական հանդիսացող անձին պատշաճ կամ արդարացի կերպով ներգրավվել գործարար համագործակցության կամ աշխատավարձերի բանակցման գործում, ապա շատ շատերը նույն ժամանակահատվածում գնահատվում են իրենց մարդասիրական ներգրավվածության, օգնության ձեռք մեկնելու և բարեգործական միջոցառումներ իրականացնելու հնարավորություններով: Եվ ես ինքսառիթը բաց չէի թողնի վերջիններիս շնորհակալություն հայտնելու համար:
Տարածել Facebook-ով Տարածել Twitter-ով