Միավորված ազգերի կազմակերպության փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) գրասենյակը ողջունում է Հայաստանի Կառավարության և բնակչության մեծամասնության կողմից ցուցաբերած պատրաստակամությունը Սիրիայում հակամարտության հետևանքով տեղահանված և Հայաստանում պաշտպանություն հայցող անձանց ընդունելու գործում:
Կառավարության աղբյուրի փախանցմամբ, Սիրիայում հակամարտության սկսվելուց ի վեր Հայաստանն ընդունել է ավելի քան 22,000 մարդու, հիմնականում էթնիկ հայկական ծագմամբ: Մինչ նրանցից շատերը տեղափոխվեցին այլ երկրներ, մեկնեցին Պարսից ծոցի արաբական երկրներ որպես աշխատանքային միգրատներ, օգտվեցին վերաբնակեցման հնարավորություններից կամ միացան իրենց ընտանիքների անդամներին մեկ այլ վայրում, ՄԱԿ ՓԳՀ-ի տվյալներով 15,000 տեղահանված անձ դեռևս շարունակում է մնալ Հայաստանում: ՄԱԿ ՓԳՀ-ն գնահատանքով է նշում շատ ընտանիքների գրանցած զգալի առաջընթացը դեպի ինքնաապահովում և հայ հասարակության մեջ ինտեգրում: Տեղահանված ընտանիքներից շատերը, օգտվելով իրենց մասնագիտական հմտություններից, իրենց հետ Հայաստան բերած աշխատանքային և ձեռներեցության փորձից հիմնեցին և այժմ էլ հաջող կառավարում են փոքր և միջին բիզնեսներ՝ փոքր ռեստորաններ, սրճարաններ, ֆուրշետի կազմակերպում, ինչպես նաև գործարաններ և արհեստանոցներ տեքստիլի, կոշիկի և ոսկու արտադրության ոլորտում: «Տեղահանված գործարարների և աշխատողների սպասարկման ոլորտում զարգացած մշակույթը, աշխատասիրությունը և աշխատանքի որակը նոր շունչ են տվել Հայաստանի տնտեսությանը և հասարակությանը՝ նպաստելով դրանց զարգացմանը,- ընդգծեց Հայաստանում ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցիչ պարոն Քրիստոֆ Բիրվիրթը և հավելեց,- ամեն ինչ հստակ է, երկրի տնտեսական զարգացման գործում կառավարության նոր ուղղությունները մեծ ուշադրություն են դարձնում փոքր և միջին ձեռնարկություններին, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտի զարգացմանը»:
ՄԱԿ ՓԳՀ-ն գնահատանքով է նշում նաև, որ նոր վարչապետը բազմիցս և հրապարակայնորեն ճանաչել է տնտեսական զարգացման գործում տեղահանված բնակչության արժեքը, ինչն էլ ընդելության հստակ ուղերձ է բնակչության համար: Ապրանքների որակը, ինչպես նաև որակի և գնի համապատասխանությունը տեղահանված գործարարներից մի քանիսի համար նպաստեցին իրենց ապրանքների արտահանմանը երրորդ երկիր՝ Իրան, Ռուսաստանի Դաշնություն, ոմանք էլ օգտվեցին ՄԱԿ ՓԳՀ գործընկեր կազմակերպությունների՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՅՈՒՆԻԴՕ) արտահանումը խթանող ծրագրերից:
Չնայած գրանցած առաջընթացին՝ մարտահրավերներ դեռևս առկա են. դեռ ավելին պետք է անել ինտեգրման բազմաբնույթ գործընթացը հաջողությամբ եզրափակելու համար: Սակայն 2016 թվականին և 2017 թվականի առաջին ամսիներին (հատկապես աշնանը, երբ Հալեպում և շրջակայքում մարտերը թեժացել էին) մենք գրանցեցինք փոքր թվով նորեկների: Նրանք, ովքեր վերջերս են եկել Հայաստան, հաճախ գտնվում են ծայրահեղ կարիքավոր պայմաններում՝ կորցնելով իրենց տունը, հաճախ նաև սիրելիներին և ունենալով լուրջ վնասվածքներ: Նրանք մարդասիրական և սոցիալ-հոգեբանական աջակցության կարիք ունեն: ՄԱԿ ՓԳՀ-ն գոհունակությամբ է նշում, որ վերջին տարիների ընթացքում բազմաթիվ տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունների (ՀԿ), կրոնական և սփյուռքի կազմակերպությունների աջակցությամբ և իշխանությունների հետ սերտ համագործակցության արդյունքում ստեղծվել է համապարփակ արձագանքման և ուղղորդման մի համակարգ, որը կանդրադառնա նրանց կարիքներին: Այս համակարգն անհրաժեշտ է պահպանել, հետևաբար ՄԱԿ ՓԳՀ-ն կոչ է անում դոնորներին, պետական և մասնավոր կազմակերպություններին՝ շարունակել աջակցել մարդսիրական օգնություն տրամադրող, ինքնաապահովմանը և Հայաստանում նրանց ինտեգրմանը խթանող ծրագրերին:
Որոշ ընտանիքներ, մասնավորապես նրանք, որոնք բաղկացած են տարեցներից, միայնակ ծնողից, ուսանողներից կամ հաշմանդամություն ունեցող անձանցից, ինտեգրման ճանապարհին ավելի շատ խնդիրների էին բախվում: Աշխատունակությունը, սահմանափակ աշխատատեղերը և ցածր աշխատավարձը իրական խոչընդոտներ են նրաց համար: Երկարաժամկետ ապաստանը շարունակում է մնալ մարտահրավեր: Տեղահանված անձանցից շատերը բնակարաններ են վարձում, շատերն առնվազն ստանալով վարձակալության սուբսիդավորում ՄԱԿ ՓԳՀ-ի և սփյուռքի կազմակերպությունների՝ Armenian Redwood Project-ի և «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի կողմից: Մինչդեռ շատ ընտանիքներ չեն բացառում հնարավորության դեպքում իրենց ապահով և արժանապատիվ վերադարձը Սիրիա, սակայն մեծ թվով ընտանիքներ իրենց հեռավոր ապագան տեսնում են Հայաստանում: Հայկական ավանդույթի համաձայն՝ նրանք ցանկություն ունեն ապացուցելու և ամրապնդելու իրենց որոշումը Հայաստանում բնակարան կամ որևէ այլ անշարժ գույք ձեռք բերելով: Եկամուտների չափը և մասնավորապես ֆինասների և բարձր տոկոսադրույքների հասանելիության խոչընդոտները դժվար են դարձնում այդ ցանկության իրագործումը: Տեղահանված բնակչությանը երկարաժամկետ ապաստանի տրամադրումը ՄԱԿ ՓԳՀ մարդասիրական մանդատից դուրս է, հետևաբար ՄԱԿ ՓԳՀ-ն ցանկանում է տեսնել զարգացմանն ուղղված ընդլանված ներգրավվածություն, ինչպես նաև սփյուռքի դերակատարումը երկարաժամկետ ապաստանի տրամադրման հարցում: Հաշվի առնելով Հայաստանում բնակարանային շուկան և չօգտագործվող բնակարանների զգալի թիվը՝ խնդիրն ամենևին նոր շինարարություն չի պարտադրում, այլ կարող է լուծվել սուբսիդավորված (ցածր տոկոսադրույքով) բնակարանային վարկավորման նախագծի միջոցով՝ զուգակցված որոշակի դրամաշնորհներով կանխավճարը մարելու համար:
Բացի Սիրիայում հակամարտության հետևանքով Հայաստանում պաշտպանություն հայցող տեղահանված անձանցից, Հայաստանը կանգնած է այլ տեղահանության այլ մարտահրավերների առջև ևս: 1988-1992 թթ. Լեռնային Ղարաբաղի (ԼՂ) հակամարտության հետևանքով տեղահանված ավելի քան 360,000 անձանցից շուրջ 2000-ը դեռևս չեն օգտվել Հայաստանում քաղաքացիության ձեռք բերման իրենց հնարավորությունից և շարունակում են մնալ դե յուրե փախստականներ:
2016 թ. ապրիլին ԼՂ հակամարտության սրման արդյունքում ավելի քան 2000 մարդ, մեծամասնությամբ կանայք, երեխաներ և տարեց անձիք, ԼՂ-ից տեղափոխվեցին Հայաստան: Նրանցից շատերը կացարան գտան բարեկամների կամ ընտանիքի ընկերների մոտ, ովքեր հիմնականում պատկանում են հասարակության ցածր խավին: ՄԱԿ ՓԳՀ-ին տպավորեց տեղահանված անձանց ցուցաբերած աջակցության և հյուրընկալության մակարդակը: Իրավիճակը դրդեց ՄԱԿ ՓԳՀ-ին անհապաղ ներգրավվածություն ցուցաբերել: ՄԱԿ ՓԳՀ գործադիր կոմիտեի ամենամյա հանդիպման ընթացքում Հայաստանի պատվիրակությունը հստակ արտահայտեց, որ «Հայաստանի Հանրապետության կառավարությունը բարձր է գնահատում Հայաստանում ՄԱԿ ՓԳՀ ներկայացչության արագ և արդյունավետ մարդասիրական արձագանքը, որն անմիջապես հասավ կարիքավոր անձանց՝ առաջարկելով նպատակային առաջնային օգնության պարագաները և շատ կարճ ժամանակահատվածում տրամադրեց դրամական աջակցություն առավել կարիքավոր անձանց»: Կանխիկ դրամական աջակցությունն ավելի արժանապատիվ և ճկուն օգնություն տրամադրելու հնարավորություն տվեց: Այս փորձը հետագա արտակարգ իրավիճակների պլանավորման և պատրաստվածության հարթակ հանդիսացավ: ԼՂ-ից տեղահանված անձանցից շատերն ի վիճակի եղան վերադառնալ. 2016 թ. վերջին 573 անձ (172 ընտանիք), հիմնականում հակամարտությունից տուժած գյուղից՝ Թալիշից, շարունակում են մնալ տեղահանված:
Ավելին, Հայաստանն ընդունում է փախստականներ՝ տեղահանված Արևելյան Ուկրաինայում ծավալված հակամարտության հետևանքով, ինչպես նաև փախստականներ Իրաքից, Իրանից և փոքր թվով փախստականներ Աֆրիկայի և Ասիայի երկրներից: ՄԱԿ ՓԳՀ-ն ցանկանում է ընդգծել, որ փախստականների պաշտպանությունը պետք է զերծ լինի տեղահանված բնակչության հանդեպ էթնիկ ծագման և կրոնական խտրականության որևէ տարրից: ՄԱԿ ՓԳՀ-ն իր մտահոգությունն է հայտնում անօրինական ճանապարհով սահմանը հատելու համար ապաստան հայցողների հանդեպ կիրառված պատժամիջոցների որոշ դեպքերի վերաբերյալ, որոնք հաշվի չեն առնում փախստականների միջազգային իրավունքի դրույթները, որոնցով որոշակի պայմաններում փախստականները ենթակա չեն պատժամիջոցներ կրելու:
ՄԱԿ ՓԳՀ-ն լիարժեք կիսում է պետական մարմինների մտահոգությունը երկրի անվտանգության ապահովման վերաբերյալ, հատկապես հաշվի առնելով երկրի աշխարհաքաղաքական դրությունը, սակայն այս ամենը պետք է համատեղելի լինի փախստականների միջազգային իրավունքի և մարդու իրավունքների հետ: ՄԱԿ ՓԳՀ-ն հուսով է, որ պետական պաշտոնյաների, իրավաբանների և դատավորների, ռազմավարական դատավարության և բազմակողմանի աշխատանքային խմբի վերապատրաստմանն ուղղված շարունակական ջանքերը կօգնեն հաղթահարել երկրում դեռևս առկա պաշտպանության մարտահրավերները` ամբողջացնելով Սիրիայից տեղահանված անձանց ընդունելության և նրանց ինտեգրման մեջ գրանցած առաջընթացի դրական պատկերը:
2017 թ. փախստականի համաշխարհային օրվա կապակցությամբ ԶԼՄ ներկայացուիչների հետ կայացած ճեպազրույցի ավարտին Հայաստանում ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցիչ պարոն Քրիստոֆ Բիրվիրթը նշեց. «102 տարի առաջ տեղի ունեցած սարսափելի և ողբերգական իրադարձությունները վերապրած հայերի հիշողության մեջ մնացել են իրենց պաշտպանություն և ապաստան տրամադրած երկրները Եվրոպայում, Ամերիկայում և նաև արաբական երկրներում: Ապաստանի ինստիտուտը բարձր է գնահատվում հայ հասարակության շրջանում: Այս հավաքական հիշողությունը և փորձառությունը պետք է նաև ուղղված լինեն տեղահանության ներկայիս մարտահրավերներին ցուցաբերվող մոտեցումը կառավարելուն»: Պարոն Բիրվիրթն ընդգծեց. «Փախստականների պաշտպանությունը և ինտեգրումը միայն իշխանությունների խնդիրը չէ, բոլորը, հասարակության յուրաքանչյուր անդամ կարող է նպաստել ընկալունակ միջավայրի ստեղծմանը: Յուրաքանչյուր ոք կարող է և չպիտի անտարբեր լինի. լինի դա տանտերը, որը ցածր գնով տուն կառաջարկի վարձակալության համար, գործատուն, որն արդար չափով աշխատավարձ կվճարի տեղահանված անձանց և համբերատար կլինի փորձաշրջանի և հարմարվողականության շրջանում, հարևանը, որն օգնության ձեռք կմեկնի հարևան փախստականին, սպառողը, որը որոշում է կայացնում էժան և երբեմն անորակ ապրանքի և տեղահանված ձեռներեցների կողմից առաջարկվող ապրանքի միջև կամ ուսանողը, որն իր նոր տեղահանված համակուրսեցուն ծանոթացնում է համալսարանին և Հայաստանում կրթական համակարգին: Փախստականների կեցության հարցում ձեր ցուցաբերած աջակցությունը և ձեր հոգատարությունը արտահայտելու ուղիների հարցում ստեղծարարության սահմանափակում չկա»:
Տարածել Facebook-ով Տարածել Twitter-ով