ՄԱԿ ՓԳՀ – ՀՀ Հանրային պաշտպանի գրասենյակ (ՀՊԳ). 2016թ-ի հոկտեմբերի 17-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել են ՀՀ «Փաստաբանության մասին» օրենքում կատարված փոփոխությունները ապաստան հայցողներին անվճար իրավաբանական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ:
Սկսած 2016 թ. նոյեմբերի 14-ից, բարեփոխումների ուժի մեջ մտնելուն պես, Հանրային պաշտպանները պարտավոր են անվճար իրավաբանական օգնություն տրամադրել խոցելի խմբերին, ներառյալ՝ ապաստան հայցողներին:
Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) ներկայացուցիչ պրն. Քրիստոֆ Բիրվիրթը, ընդգծելով «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների կարևորությունը, ասաց. «ՄԱԿ ՓԳՀ-ն պատրաստակամություն է հայտնում զարգացնել ՀՀ Հանրային պաշտպանի գրասենյակի կարողությունները ՄԱԿ ՓԳՀ մտահոգության առարկա հանդիսացող անձանց որակյալ իրավաբանական ծառայություններ մատուցելու հարցում: Մենք շարունակում ենք աջակցել կառավարությանը ընթացիկ և հետագա օրենսդրական բարեփոխումների իրականացման գործընթացում՝ հօգուտ Հայաստանում պաշտպանություն փնտրող ապաստան հայցողների, փախստականների և տեղահանված անձանց»:
ՀՀ Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար տկն. Մելանյա Առուստամյանն այս առիթով նշեց. «Սա կարևոր զարգացում է, և այն հնարավորություն է տալիս համապատասխանեցնել ազգային օրենսդրությունը 2015 թ. «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններին, որտեղ ապաստան հայցողների համար անվճար իրավաբանական օգնությունն արդեն իսկ նախատեսվում էր»:
Տարածել Facebook-ով Տարածել Twitter-ով