2019 թ. մարտի 9-17 Եվրոպական երիտասարդական պառլամենտի 89-րդ միջազգային նստաշրջանը առաջին անգամ տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում: Սա Հայաստանում երբևէ կայացած ամենամեծ երիտասարդական համաժողովն էր: Նստաշրջանը համախբեց ավելի քան 350 մասնակիցների, այդ թվում՝ 250 երիտասարդ տղաների և աղջիկների աշխարհի 40 երկրներից: ԵԵՊ-ի 89-րդ նստաշրջանի հիմնական հյուրընկալող կողմը՝ Երևանի “Այբ” դպրոցը, իր դռները բացեց երիտասարդների առջև և նստաշրջանի ողջ ընթացքում ապահովեց ջերմ մթնոլորտ:
ՄԱԿ ՓԳՀ-ի և ԵԵՊ-ի միջև համագործակցության պայմանագրի շնորհիվ Հայաստանը և Վրաստանը ներկայացնող 10 երիտասարդներից կազմված խումբը (յոթ աղջիկ և երեք տղա) մասնակցեց իննօրյա միջոցառմանը: Նրանց թվում էին փախստական և տեղահանված երիտասարդներ Իրաքից, Իրանից և Սիրիայից, ապաստան հայցող Աֆղանստանից և ներքին տեղահանված անձ Աբխազիայից: ՄԱԿ ՓԳՀ-ն օժանդակել է երիտասարդների մասնակցությանը՝ ընտրելով մասնակիցներին, տրամադրելով տեխնիկական աջակցություն, կազմակերպելով ճեպազրույց կազմակերպիչների հետ նախքան նստաշրջանի մեկնարկը, և սատարել նրանց ողջ միջոցառման ընթացքում:
Նստաշրջանի ծրագիրը հագեցած էր միջոցառումներով: Այն ներառում էր թիմային վարժություններ, կրթական նիստերի շարք, բանավեճեր և քննարկումներ երիտասարդների իրավունքների վերաբերյալ, շփում և միջմշակութային հաղորդակցություն: Կազմակերպիչների հրավերով ՄԱԿ ՓԳՀ-ն ևս մասնակցեց մի շարք միջոցառումների՝ պաշտոնական բացման արարողությանը, որին ներկա էին և ելույթ ունեցան ԵԵՊ-ի նախագահը, ԵՄ դեսպանը Հայաստանում և Մշակույթի նախարարը, և Երևանի Արամ Խաչատրյան համերգասրահում կայացած համերգին, որին աշխարհի երիտասարդները կատարեցին ավանդական պարեր ու երգեր և ասմունքեցին:
Որոշ երիտասարդ փախստականների համար սա ճանապարհորդության առաջին փորձն էր: Նրանք ասացին, որ ԵԵՊ-ն օգնեց իրենց «տեսնել աշխարհը», հասկանալ կրթության, տարբեր լեզուների իմացության և միջմշակութային հաղորդակցության արժեքը: Նրանք հատկապես տպավորված էին «Այբ» դպրոցի բարյացակամ միջավայրով: «Մենք տպավորված էինք համագարծակցող ու թեթև մթնոլորտով և այն զգացումն ունեինք, որ հավասար ենք, տարբեր և միաժամանակ նույնը». այսպես էին Օժենին և Նանորը Սիրիայից խանդավառությամբ կիսվում իրենց առաջին տպավորություններով:
ԵԵՊ-ի երևանյան նստաշրջանը, որի կարգախոսն էր «Միասին հաղթահարելով համաշխարհային մարտահրավերները», երիտասարդների համար հիանալի հարթակ ծառայեց Եվրոպայում և աշխարհում երիտասարդներին վերաբերող որոշ առանցքային հարցեր քննարկելու և դրանց շուրջ բանավիճելու համար: Նստաշրջանի հիմնական տարրը Կոմիտեի աշխատանքն էր. մասնակիցները, ձևավորելով տարբեր կոմիտեներ, քննարկում էին որոշ հարցեր, որոնք առնչվում էին անմիջապես իրենց, իրենց համայնքներին և ընդհանուր առմամբ իրենց երկրներին:
Կոմիտեները քննարկում էին սոցիալ-տնտեսական իրավիճակը իրենց համայնքներում և միջավայրային խնդիրները, տեղական իշխանությունների միջև համագործակցության բարելավման կարևորությունը, աշխատողների և սպառողների իրավունքները, տեխնոլոգիաների հասանելիությունը, մշակութային ժառանգությունը, կրթությունը, զարգացումը և այլ հարցեր: ԵԵՊ-ի նստաշրջանի ավարտին երիտասարդները վերամիավորվեցին Գլխավոր ասամբլեայում՝ իրենց օրեր տևած աշխատանքի արդյունքները ներկայացնելու և քննարկելու նպատակով: Տարբեր կոմիտեներ ներկայացրեցին և պաշտպանեցին իրենց բանաձևերը և բուռն բանավեճերից հետո երիտասարդները քվեարկեցին ամփոփիչ բանաձևերի օգտին և միաձայն փոխանցեցին դրանք Եվրոպայի որոշում կայացնող մարմիններին:
Ինչպես երիտասարդները հետագայում արտահայտվեցին, «սա նստաշրջանի ամենահուզական պահն էր. մենք հասկացանք, որ մեր ձայնը կարող է տեղ հասնել, և որ մենք ենք այն երիտասարդները, ովքեր կարող են փոխել այս աշխարհը», ասաց Շանթը՝ սոցիալապես ակտիվ երիտասարդը Սիրիայից:
«Գլխավոր ասամբլեայի ավարտին մենք ունեցանք հաղթանակի զգացողություն, մենք լի էինք հպարտությամբ և մոտիվացված էինք գործելու և փոխելու աշխարհը», ասաց Գագաչը՝ երիտասարդ աղջիկը Սիրիայից: «Սակայն սա նաև շատ հուզիչ պահ էր, քանի որ մենք գիտակցեցինք, որ ԵԵՊ-ի նստաշրջանը նույնպես ավարտվեց…Երիտասարդները շուտով կմեկնեն, և, ով գիտի, գուցե մենք այլևս երբեք իրար չտեսնենք», ավելացրեց Գագաչը տխուր ձայնով: Ժպիտը կրկին հայտվեց նրա դեմքին, երբ նաև բացեց իր ֆեյսբուքյան չաթը, որպեսզի գտնի ԵԵՊ-ի իր նոր ընկերներին, ում հետ արդեն կապ էր հաստատել:
«Ես հպարտ եմ, որ 89-րդ միջազգային նստաշրջանի կայացումը Երևանում դարձավ իրականություն և մեծ հաջողություն ունեցավ: Սա ամենահաճելի փորձն էր ինձ համար: Մենք դա արեցի՛նք», ասաց Դավիթ Մանուկյանը՝ գլխավոր կազմակերպիչներից մեկը՝ ԵԵՊ-ի արտաքին կապերի փոխնախագահը:
Տեղահանված երիտասարդները ԵԵՊ-ի շրջանակներում իրենց առաքելությունն ամփոփեցին Երևանի ՄԱԿ-ի գրասենյակում ՄԱԿ ՓԳՀ Հայաստան ուսումնական այց կատարելով: Նրանք հանդիպեցին ՄԱԿ ՓԳՀ-ի գործընկերներին և լսեցին փախստականների և այլ տեղահանված բնակչության համար գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերի, ինչպես նաև փախստական և տեղացի երիտասարդների կողմից Հայաստանում իրականացվող կամավորական աշխատանքների մասին: Խոսելով ԵԵՊ-ի մասին՝ երիտասարդները կիսվեցին իրենց տպավորություններով, թե ինչքան է տվել իրենց ԵԵՊ-ն՝ մտածելակերպի ընդլայնման, հաղորդակցական հմտությունների, ստեղծագործական տաղանդների զարգացման, շփվելու և սովորելու առումով:
ԵԵՊ-ի նստաշրջանը Երևանում կարծես շրջադարձային էր երիտասարդների կյանքում: «ԵԵՊ-ն մեզ համար հիանալի հնարավորություն էր հանդիպելու հիանալի մարդկանց և սովորելու նրանցից: Մենք սովորեցինք նոր բաներ և հասկացանք՝ ինչպես կարող ենք լավագույնս համագործակցել: ԵԵՊ-ն մեզ տվեց վստահություն և համագործակցության ու ընկերության արժեքի ավելի խորը ըմբռնում», ասացին Մինան և Ռահման Իրաքից: «Մենք ոգեշնչված ենք կրթական և քաղաքացիական նոր նախաձեռնությունների համար, ուզում ենք գործել և դրական փոփոխություններ կատարել մեր և այլ փախստականների կյանքում», շարունակեցին աղջիկները ոգևորված:
«Ապշեցնող է իմանալ, որ եթե ուզում ենք, կարող ենք աշխարհը ավելի լավը դարձնել: Այժմ ես այնքան մոտիվացված եմ, ուզում եմ նոր գործեր սկսել, քանի որ հասկացել եմ իմ դերն այս կյանքում: Այստեղ՝ ԵԵՊ-ում, ես հասկացա, թե ինչպես պայքարել իմ թույլ կողմերի և ներքին վախերի դեմ: Ես հասկացա, որ երբեք չպետք է դադարեմ սովորել», ասաց Անին Աբխազիայից՝ ապագա հոգեբանը:
Երիտասարդները չափազանց երախտապարտ էին ԵԵՊ-ին և ՄԱԿ ՓԳՀ-ին: Մեր զրույցը պարբերաբար «ընդհատվում էր» շնորհակալության նրանց խոսքերով: «Շնորհակալություն, ԵԵՊ, շնորհակալություն, ՄԱԿ ՓԳՀ: Առանց ձեզ մենք չէինք լինի աշխարհի երիտասարդների այս հրաշալի հավաքի մի մասը»:
Ալեքսը՝ իրանցի երիտասարդը Վրաստանից, կիսվեց մեզ հետ իր տպավորություններով. «Մենք որոշակի գաղափարներ ունենք մտքում, որոնք առաջացել են ԵԵՊ-ի նիստերի ընթացքում: Հիանալի կլինի, եթե կարողանանք նախաձեռնել և որոշ ծրագրեր իրականացնել մեր երկրներում: Ես գրող եմ և կարող եմ սցենար գրել մեր համայնքային թատրոնի համար», ասաց նա: «Միասինք մենք կարող ենք ուշադրություն հրավիրել այն առաջնահերթ խնդիրների վրա, որոնց բախվում է փախստական և տեղացի երիտասարդությունը, և առաջարկել լուծումներ, օրինակ՝ բարձրագույն կրթություն, որի մասին երազում ենք, ակտիվ համայնքային կյանք, իրական և անկեղծ ընկերություն, և մի օր իրականացնել այդ ամենը Վրաստանում և Հայաստանում», շարունակեց Ալեքսը հուզմունքն աչքերում:
ԵԵՊ-ն անգնահատելի փոփոխություն է կատարել փախստական երիտասարդների կյանքում: Ինչպես նրանք հետագայում կիսվեցին, ԵԵՊ-ն խթանեց իրենց սոցիալական ակտիվությունը, ընդլայնեց իրենց հաղորդակցման և առաջնորդության հմտությունները և օգնեց իրենց հասկանալ խաղաղության, ընկերության և սիրո արժեքը:
Տարածել Facebook-ով Տարածել Twitter-ով