Արձագանքման պլանը ներառում է 36 մարդասիրական գործընկեր և 62.6 մլն ԱՄՆ դոլարի ընդհանուր ֆինանսական պահանջներով 188 նախագիծ:
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի թիմը, Մշտական համակարգող Շոմբի Շարփի և ՄԱԿ-ի փախստականների գրասենյակի ղեկավարությամբ, գործընկեր ՀԿ-ների հետ միասին, հրապարակել է Հայաստանի Միջգործակալական արձագանքման ծրագիրը: Ծրագիրը նախապես ներկայացվել է Կառավարությանը և դոնոր համայնքին:
Արձագանքման ծրագիրը, որը լրացնում է Կառավարության աջակցության նախաձեռնությունները, գործելու է մինչև 2021 թ. հունիսը, և ծառայում է որպես համակարգման և պաշտպանության գործիք: Այն նախանշում է մարդասիրական աջակցության առաջնահերթությունները, մինչ օրս իրականացված ծրագրերը, ինչպես նաև՝ նոր միջոցների հավաքագրման կոչ է անում, որոնք անհրաժեշտ են Հայաստանում ապաստանած շուրջ 90,000 մարդկանց և նրանց հյուրընկալած համայնքների կարիքները հոգալու համար: Արձագանքման պլանը ներառում է 36 մարդասիրական գործընկեր և 62.6 մլն ԱՄՆ դոլարի ընդհանուր ֆինանսական պահանջներով 188 նախագիծ` վեց հիմնական ոլորտներում անհրաժեշտ օգնությունն ապահովելու համար (պաշտպանություն, այդ թվում՝ երեխաների պաշտպանություն, կրթություն, ապաստան և ոչ պարենային ապրանքներ, պարենային անվտանգություն և սնուցում, առողջություն և վաղ վերականգնում):
«Հակամարտության առաջին իսկ օրվանից, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը, իր գործընկերների հետ միասին, ջանասիրաբար աշխատել է՝ հոգալու համար իրենց տները հարկադրված լքած անձանց առաջնային կարիքները, և այս Ծրագիրը ներկայացնում է էլ ավելի մեծ աջակցության և համերաշխության կարևոր նոր հնարավորություն՝ բարելավելով մարդասիրական դոնորների ներգրավումը», – նշել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը՝ Միջգործակալական արձագանքման ծրագրի ներկայացմանը:
Կառավարության ներկայացուցիչները, այդ թվում՝ գործընկեր նախարարությունները, բարձր են գնահատել ճգնաժամի արձագանքման շուրջ ՄԱԿ-ի, միջազգային հանրության և ՀԿ-ների հետ համագործակցությունը և կարևորել Արձագանքման ծրագրի դերը՝ գործընկերության հետագա ընդլայնման հարցում:
«Չնայած որ հակամարտությունն ավարտվել է, Հայաստանում փախստականների կարգավիճակում գտնվող մարդիկ հրատապ մարդասիրական աջակցության կարիք ունեն, ինչն էլ ավելի է սրվել ձմռան հետևանքով: Ծրագիրը Կառավարությանը աջակցելու մեր համատեղ ջանքն է՝ այս մարդկանց թե անմիջապես, թե միջնաժամկետ կտրվածքով աջակցելու նպատակով: Ծրագիրը նաև հաշվի է առնում հյուրընկալած համայնքները, որոնք սրտաբաց ընդունել են ժամանածներին», – ավելացրել է Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների գրասենյակի ներկայացուցիչ Աննա-Կարին Օստը:
Մարդասիրական աջակցության և զարգացմանն ուղղված ծրագրերի միջև արդյունավետ կապը ապահովելու համար՝ Արձագանքման ծրագիրը մշակվել է COVID-19 սոցիալ-տնտեսական արձագանքման և վերականգնման պլանին և ՄԱԿ-ի Կայուն զարգացման գործընկերության շրջանակին համահունչ, որը կներկայացնի Հայաստանի հետ ՄԱԿ-ի համագործակցության առաջնահերթությունները 2021 – 2025 թվականներին:
Հավելյալ տեղեկատվություն՝
Տարածել Facebook-ով Տարածել Twitter-ով