COVID-19-ով պայմանավորված արտակարգ իրավիճակը վտանգում է տեղահանված բնակչության՝ Հայաստանում գոյատևելու և բարգավաճելու կարողությունը։
Կյանքը բավականին լավ էր ընթանում հայաստանաբնակ սիրիացի տեղահանված ընտանիքի համար, երբ երկրում բռնկվեց COVID-19 համավարակը։ Այժմ Գևորգ (62) և Անի (54) Հակոբյանների ընտանիքը փորձում է ծայրը ծայրին հասցնել՝ ընտրություն կատարելով բնակվարձը վճարելու և իրենց 12 տարեկան երկվորյակ զավակներին՝ Սալբիին ու Սահակին, կերակրելու համար մթերք գնելու միջև։
2015 թվականին ընտանիքը կայացրեց Սիրիայում իրենց տունն ու շահութաբեր բիզնեսը թողնելու դժվարին որոշումը՝ ապաստան գտնելու իրենց նախնիների երկիր Հայաստանում։ Իրենց կյանքը վերակառուցելու համար սկսեցին զրոյից՝ աստիճանաբար հարմարվելով նոր մշակույթին, լեզվին և համայնքին։ Ինչպես տեղահանված սիրիացիների մեծամասնությունը, Հակոբյաններն ապրում են Երևանի ծայրամասային թաղամասում վարձակալած բնակարանում՝ փորձելով կողմնորոշվել սոցիալ-տնտեսական բարդ իրավիճակում, ապավինելով չափազանց համեստ եկամուտ ապահովող կարճաժամկետ աշխատանքների։ Մինչ Գևորգը որոշ գումար է վաստակում տաքսի վարելու միջոցով, նրա կինը՝ Անին, ընտանիքին աջակցում է իր թխած հացը հարևաններին վաճառելով։
COVID-19 համավարակը Հակոբյանների և բազմաթիվ այլ տեղահանված ընտանիքների վրա անսպասելի և աննախադեպ ազդեցություն ունեցավ։ ՄԱԿ ՓԳՀ-ն և առաջնագծի իր գործընկեր «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ն որոշեցին միասին այցելել ընտանիքին։
«Մենք ողջունում ենք այն օժանդակությունը, որը հայաստանցիները տրամադրում են իրենց երկրում ապաստանած մարդկանց։»
«Մտքովս չէր անցնի, որ կյանքը մեզ նոր դժվարություններով կհարվածի։ Չնայած վայելում ենք խաղաղություն ու անվտանգություն, բայց ստիպված ենք պայքարել Հայաստանում մեր կյանքի ամեն օրվա համար՝ ապավինելով ուրիշների աջակցությանը, հուսալով ավելի լավ ապագա մեզ և մեր երեխաների համար»,- ասաց Անին՝ աչքերում տխրություն։
Ավելանալով սոցիալական և տնտեսական ինտեգրման հետ կապված մարտահրավերներին՝ կարանտինն ու մեկուսացումը բազմաթիվ տեղահանված ընտանիքների հուսահատության և իրենց ապագայի համար անհանգստության են մատնել։
«Անընդհատ վախ կա, որ կհայտնվենք փողոցում։ Վերջին երկու ամսում ոչ մի դրամ չեմ աշխատել, բայց տանտերը պահանջում է վարձը վճարել։ Որքա՞ն դեռ կարող ենք գոյատևել այսպես։ Չգիտեմ», – հավելեց Գևորգը՝ փորձելով շփոթմունքը թաքցնել երեխաներից։ «Հազիվ ենք կոմունալները վճարում… Ստիպված ենք խնայել ամեն ինչի վրա, խնայում ենք մեր երեխաների վրա… նրանց համար ավելի քիչ սնունդ ենք պատրաստում՝ հուսալով ինչ-որ տեղից աջակցություն ստանալ, որ կարողանանք գոյատևել»,– շարունակեց Անին։
Գևորգը, որ Հալեպում առողջ ու հաջողակ էր, Հայաստան գալուց կարճ ժամանակ անց ձեռք բերեց քրոնիկական հիվանդություն։ Գումարվելով առողջական խնդիրներին ու ծայրը ծայրին հասցնելու դժվարությանը՝ համավարակն ավելի ծանրացրեց փորձությունները, որոնց Գևորգն ու ընտանիքն առերեսվում են որպես փախստականներ։
Տեղահանված բնակչության խնդիրները մեղմացնելու և կենսամիջոցների վրա COVID-19-ով պայմանավորված արտակարգ իրավիճակի սոցիալ-տնտեսական բացասական ազդեցության հաղթահարման հարցում նրանց օգնելու համար ՄԱԿ ՓԳՀ-ն նախաձեռնեց արագ և թիրախային մարդասիրական աջակցություն՝ մեկանգամյա, բազմանպատակ դրամական օգնություն տրամադրելով 507 ծայրահեղ խոցելի տեղահանված ընտանիքների, ներառյալ՝ փախստականներ, ապաստան հայցողներ և Հայաստանում պաշտպանություն փնտրող սիրիացի ընտանիքներ։ ՄԱԿ ՓԳՀ-ի հրատապ աջակցությունը, որը բաշխվեց «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ի կողմից, ընտանիքներին հնարավորություն տվեց բավարարելու իրենց առաջնային կարիքները։
Գևորգ և Անի Հակոբյանների ընտանիքը ՄԱԿ ՓԳՀ-ի հրատապ դրամական աջակցության շահառու խոցելի տնային տնտեսություններից է։ Օգնությունը նրանց հնարավորություն տվեց դիմակայելու COVID-19-ի բռնկմամբ պայմանավորված սոցիալ-տնտեսական բարդություններին։ Նրանք նաև սոցիալ-հոգեբանական աջակցություն և խորհրդատվություն ստացան, ինչը խիստ անհրաժեշտ էր այս բարդ ժամանակներում։
Երկվորյակները՝ Սալբին և Սահակը, որոնք մեր այցի պահին դասերն էին անում, միացան մեր զրույցին՝ պատմելով իրենց առցանց ուսումնառությունից և ցույց տալով նոր համակարգիչը, որ դպրոցն է տրամադրել ժամանակավորապես։
«Մինչ մայրիկն ու հայրիկը լուծում են իրենց առօրյա խնդիրները, մենք վայելում ենք մեր «Zoom դասարանը» և առցանց ընկերությունները, ինչը բավականին զվարճալի է»,- ասաց Սահակը, իսկ քույրը՝ Սալբին, ավելացրեց. «Սակայն ինտերնետ կապը շատ վատն է… համարյա չլսեցի, թե ռուսերենի ուսուցիչն ինչ էր բացատրում այսօր…»։
Սալբին և Սահակը սահուն ներգրավվում են վիրտուալ կրթության նոր իրականության մեջ։ Սակայն բազմաթիվ տեղահանված երեխաներ բախվում են դժվարությունների. տանը համակարգչային տեխնիկայի, սմարթֆոնի կամ ինտերնետ կապի բացակայության պատճառով նրանք հաճախ բաց են թողնում դասերը կամ ստիպված են լինում ֆիզիկապես միանալ իրենց այլ համադասարանցիների կամ հարևան երեխաների՝ առցանց ուսումնառության համար։
Սահակը մեզ պատմեց իր տեղացի ընկերների և իրենց ընդհանուր հետաքրքրությունների մասին, իսկ Սալբին մեզ համար հայկական երգ երգեց ու խոստովանեց իր երազանքը.
«Ուզում եմ երգիչ դառնալ և ելույթ ունենալ մեծ բեմերում»։ Սահակը հպարտորեն արձագանքեց. «Իսկ ես ուզում եմ ճարտարագետ դառնալ և գեղեցիկ տներ նախագծել՝ այգիներով։ Մի օր մի մեծ տուն կկառուցեմ՝ Հալեպի մեր տան նման։ Շատ ուրիշ տներ կկառուցեմ, որտեղ կբնակվեն բոլոր սիրիահայերը»։
Փաստացի, Հայաստանում կացարանի ու բնակարանի հարցը տեղահանված սիրիացիների համար մնում է առաջնահերթ։ Ըստ կառավարության տվյալների, 2011 թվականին Սիրիայում բռնկված պատերազմից հետո Սիրիայից Հայաստան տեղահանված 22,000 սիրիացիներից 14,000-ը մնացել է երկրում։ Այդ ընտանիքներից շուրջ 500-ը խիստ կարիք ունի բնակարանային կայուն պայմանների, որպեսզի կարողանա ապրել և ստեղծել, իրացնել Հայաստանում առկա կրթական և մասնագիտական հնարավորությունները։
Հնարավորության դեպքում սիրիահայերը կկարողանան կիրառել Սիրիայում զարգացրած իրենց բազմազան և հիմնավոր կարողությունները` մեծապես նպաստելով սեփական ինքնաբավությանը և Հայաստանի տնտեսական բարգավաճմանը։ ՄԱԿ ՓԳՀ-ն շարունակաբար առաջ է մղում Հայաստանում սիրիացիների և տեղահանված այլ անձանց սոցիալական և տնտեսական իրավունքները՝ խթանելով նրանց ներառումը հայաստանյան հասարակության մեջ և նպաստելով պետական ծրագրերում ու զարգացման նախագծերում տեղացիների հետ հավասար հիմունքներով նրանց ընդգրկմանը։
«Առանց ձեր աջակցության՝ չէինք կարողանա հաղթահարել օրեցօր կուտակվող խնդիրները։ Համարյա ստացվում էր… Մենք զրոյից էինք սկսել… Դժվարությամբ, բայց որոշ առաջընթաց կար… Սակայն COVID-19-ով պայմանավորված կարանտինը մեզ հետ շպրտեց, և դա այնքան ցավալի է»,- տխրությամբ ասաց Գևորգը։ «Հիմա դժվար է դասակարգել, թե որ խնդրի լուծումն է առաջնահերթ. բնակարանի վա՞րձը վճարել, սնո՞ւնդ գնել, թե՞ փող խնայել էլեկտրականության համար։ Ստացված աջակցությունը մեզ համար փրկություն է»,- շարունակեց Անին՝ աչքերում երախտագիտություն և լավատեսության նշույլներ։
Թեպետ տեղահանված ընտանիքներից շատերը կարող են հարմարավետ և անկաշկանդ զգալ իրենց նոր տանը և համայնքում, որոշ խոցելի ընտանիքներ մինչ այսօր մարտահրավերների են բախվում՝ ձգտելով արժանապատիվ աշխատանքի և հիմնական կացարանի, երեխաների համար հուսալի կրթության և ապագայի։ Ի լրումն Հայաստանի կառավարության ջանքերի՝ ՄԱԿ ՓԳՀ-ն համագործակցում է պետական և ՀԿ հատվածի իր գործընկերների հետ՝ ապահովելու Հայաստանում տեղահանված անձանց պաշտպանությունն ու ինտեգրումը, ինչպես նաև տրամադրելու հրատապ մարդասիրական աջակցություն արտակարգ իրավիճակների դեպքում։
Հայաստանում 1992 թվականին իր գործունեության մեկնարկից ի վեր՝ ՄԱԿ ՓԳՀ-ն կառավարությանն աջակցում է Ադրբեջանից, Իրաքից, Սիրիայից, Ուկրաինայից, Իրանից, Կուբայից և այլ երկրներից տեղահանված անձանց իրավական, սոցիալական և ինտեգրման կարիքների հասցեագրման հարցում։ Ներկայում մոտ 19,000 տեղահանված անձինք ապահով ապաստան են գտել Հայաստանում։
***
Նշում. պատմության մեջ անունները փոփոխված են՝ գաղտնիության պահպանման նպատակով։
Տարածել Facebook-ով Տարածել Twitter-ով