Օգոստոսի 27-ին ՄԱԿ ՓԳՀ-ի եւ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներն այցելեցին Հայաստանի Գեղարքունիքի մարզի Սեւան եւ Ճամբարակ համայնքներ: Նրանք հանդիպեցին տեղական իշխանությունների հետ եւ շփվեցին փախստականների հետ՝ հասկանալու համար վերջիններիս իրավիճակը, երեւան եկող կարիքներն ու ապագայի տեսլականը:
Այցը սկսվեց փախստականներին հագուստի բաշխման գործընթացի՝ տեղում դիտարկմամբ. այդ հագուստը ՄԱԿ ՓԳՀ-ի կորպորատիվ գործընկեր «Nike» ընկերության նվիրատվությունն է, որը ստացվել է «USA for UNHCR» կազմակերպության միջոցով: Բաշխումն իրականացվում էր Սեւան քաղաքի մշակույթի տանը՝ ՄԱԿ ՓԳՀ գործընկեր «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ի կողմից՝ Սեւանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ:
Բազմաթիվ փախստականների համար նվիրատվությունն ավելին էր նշանակում, քան պարզապես հագուստ: «Մենք շնորհակալ ենք նման գեղեցիկ եւ լավագույն որակի հագուստ ստանալու համար: Իմ փոքրիկ որդիները ոգեւորված են. նրանք միշտ երազում էին հագնել «Nike» ֆիրմայի սպորտային հագուստ: Նրանք չեն համբերում, թե երբ պիտի հագնեն այդ գեղեցիկ շապիկներն ու գնան բակ՝ ընկերների հետ ֆուտբոլ խաղալու», – պատմեց մի փախստական մայր՝ շնորհակալություն հայտնելով ՄԱԿ ՓԳՀ-ին՝ շարունակական ուշադրության եւ հոգատարության համար։
Այն հեռավոր համայնքներում, որտեղ ռեսուրսները սահմանափակ են, նման աջակցությունը ոչ միայն մեղմում է հրատապ կարիքները, այլեւ հնարավորություն է տալիս երեխաներին ավելի մեծ վստահությամբ եւ ոգեւորությամբ մասնակցել դպրոցական ու սպորտային միջոցառումներին:
Տեղական կառավարման մարմինների հետ հանդիպման ընթացքում Սեւանի քաղաքապետի տեղակալ Արթուր Մարգարյանը եւ համայնքային սոցիալական աշխատող Նաիրա Սարգսյանը շնորհակալություն հայտնեցին ԱՄՆ կառավարությանը եւ ՄԱԿ ՓԳՀ-ին՝ փախստականների կողքին կանգնելու եւ ժամանակին կենսական նշանակության մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար, ինչը համայնքին հնարավորություն է տվել հասցեագրել փախստականների անմիջական կարիքները: Նրանք նաեւ անդրադարձան փախստականների ընթացիկ իրավիճակին, նրանց կարիքներին, մարտահրավերներին, ինչպես նաեւ այն հնարավորություններին, որոնցից օգտվելու հույս ունեն փախստականները:
«Չնայած մեր համայնքի ներդրած զգալի ջանքերին, դեռեւս բազմաթիվ չբավարարված կարիքներ կան: Փախստականներն ապավինում են սեզոնային աշխատանքներին, վճարում են տան վարձը, հազիվ են ծայրը ծայրին հասցնում», – կիսվեց քաղաքապետ Մարգարյանը: «Կացարանի, սոցիալական աջակցության եւ զբաղվածության հարցերը շարունակում են մնալ փախստականների կողմից հնչեցված առաջնահերթ խնդիրները: Մասնավորապես՝ հեռավոր բնակավայրերում համայնքային եւ երիտասարդական կենտրոնների բացակայությունը, մասնագիտական եւ զարգացման հնարավորությունների պակասը խոչընդոտում են փախստականների ներգրավվածությանը եւ սոցիալական համախմբմանը», – հավելեց քաղաքապետ Մարգարյանը՝ լրացուցիչ աջակցություն խնդրելով ՄԱԿ ՓԳՀ-ից եւ միջազգային հանրությունից:
ՄԱԿ ՓԳՀ արտաքին կապերի ղեկավար պ-ն Քիրի Ատրին բարձր գնահատեց Սեւան համայնքի անխոնջ ջանքերը եւ փախստականների ընտանիքներին ցուցաբերվող շարունակական աջակցությունը: «Մենք խորապես գնահատում ենք Հայաստանի կառավարության եւ ընդունող համայնքների հետեւողական աջակցությունը՝ փախստականներին օգնելու նպատակով»,- նշեց պ-ն Ատրին՝ ընդգծելով Հայաստանի ժողովրդի առատաձեռնությունն ու համերաշխությունը փախստականների հետ։ Նա նաեւ կարեւորեց միջազգային հանրության դերը, որն օգնում է ՄԱԿ-ի ՓԳՀ-ին՝ ապահովել ժամանակին եւ կենսական կարեւորության աջակցություն Հայաստանի տարբեր մարզերում ապաստան գտած փախստականներին։ «Մենք երախտապարտ ենք Միացյալ Նահանգների ժողովրդին եւ կառավարությանը՝ փախստականներին շարունակական աջակցություն ցուցաբերելու, նրանց կյանքում հույս եւ դրական փոփոխություններ բերելու համար», – ասաց նա:
Հայաստանում ԱՄՆ դեսպանատան քաղաքական հարցերով պատասխանատու պ-ն Սքոթ Մուրը եւս ընդգծեց Սեւան համայնքի հյուրընկալությունը եւ միջազգային համագործակցության դերը՝ Հայաստանի կառավարության եւ ժողովրդի ջանքերին աջակցելու գործում: Նա շեշտեց փախստականների հաջող ինտեգրման համար բարենպաստ պայմանների ստեղծման կարեւորությունը, մասնավորապես՝ կրթական եւ աշխատանքային հնարավորությունների միջոցով:
«Կրթության եւ հմտությունների զարգացման մեջ ներդրումներ կատարելը կարող է շոշափելի արդյունքներ տալ», – նշեց նա: «Այն դեպքերում, երբ փախստականները նման հնարավորություն են ստանում, նրանք զարգացնում են իրենց հմտություններն ու բացահայտում սեփական տաղանդները, նրանք ձգտում են սովորել, աշխատել եւ իրենց նպաստը բերել հյուրընկալող համայնքներին», – հավելեց պ-ն Մուրը:
Ճամբարակ համայնքում խումբն այցելեց տարեցների եւ հաշմանդամություն ունեցող անձանց ցերեկային խնամքի կենտրոն, ինչպես նաեւ՝ «Առաքելություն Հայաստան» կազմակերպության կողմից գործարկված՝ երեխաների համար նպաստավոր պայմաններ ապահովող տարածք: Տարեց փախստականների հետ հանդիպումը վեր հանեց այն առանձնահատուկ մարտահրավերները, որոնց նրանք բախվում են, այդ թվում՝ ծերացման հետեւանքով առաջացող ֆիզիկական եւ զգայական դժվարությունները, ընտանիքի կողմից սահմանափակ աջակցությունը եւ սեփական տները կորցնելու ցավը:
ՄԱԿ-ի ՓԳՀ անձնակազմի անդամ Անահիտն ընդգծեց նրանց հատուկ կարիքները հասցեագրելու եւ նրանց շարունակական խնամք եւ աջակցության տրամադրելու կարեւորությունը: «Ճգնաժամերի ընթացքում տարեցների կարիքները հաճախ անտեսվում են, սակայն դրանք ունեն էական նշանակություն: Նրանց ձայնը լսելը, խնամք, ուշադրություն եւ նպատակային աջակցություն տրամադրելն ունի կենսական կարեւորություն։»
Տարեց փախստականների խմբի հետ քննարկումներից հետո «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ի փոխնախագահ տ-ն Ալլա Հարությունյանը կարեւորեց հատուկ կարիքներ ունեցող անձանց, հատկապես՝ հեռավոր եւ մեկուսացված համայնքներում բնակվող անձանց համար մասնագիտացված ծառայությունների աճող պահանջարկը: «Հոգեկան առողջությունը եւ սոցիալ-հոգեբանական աջակցությունը չափազանց կարեւոր են խոցելի փախստականների համար, որոնք կանգնած են ֆիզիկական, մտավոր եւ հուզական մարտահրավերների առջեւ, հատկապես՝ տարեց փախստականները, որոնք մնացել են առանց ընտանիքի աջակցության», – նշեց նա: «Ուստի հրամայական է, որ ավելի մեծ ուշադրություն եւ ֆինանսական ու մարդկային ռեսուրսներ ուղղվեն նպատակային խնամքին եւ աջակցությանը չափազանց խոցելի փախստականներին, ովքեր ապավինում են մեր ըմբռնմանը եւ աջակցությանը»,– հավելեց տ-ն Հարությունյանը:
Համայնքային եւ «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ի սոցիալական աշխատողների հետ միասին՝ ՄԱԿ ՓԳՀ-ի եւ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչները կատարեցին տնային այցեր Սեւանի եւ Ճամբարակի փախստական ընտանիքներին: Փախստական մայր եւ դուստր Զոյայի եւ Կարինեի պատմությունն ի ցույց դրեց նրանց հյուրընկալած համայնքի տրամադրած աջակցությունը, ինտեգրվելու նրանց ջանքերը եւ տասներկու անդամից կազմված իրենց ընտանիքի առջեւ ծառացած մարտահրավերները հաղթահարելու նրանց հույսերը:
Զոյան խոսեց իրենց ընդունած հյուրընկալող համայնքի եւ կացարանի ու զբաղվածության հետ կապված իրենց խնդիրների մասին: «Մեր ստացած մարդասիրական օգնությունը, իրոք, փրկություն էր: Այդուհանդերձ, մեզ համար դեռեւս շատ դժվար է, քանի որ շատ հարցեր մնում են չլուծված: Մենք մշտական կացարանի կարիք ունենք, կայուն աշխատանքի կարիք ունենք, որպեսզի մեզ զգանք ինչպես տանը եւ պլանավորենք մեր ապագան», – ասաց նա:
Ճամբարակում իրենց չորս երեխաների հետ ապրող փախստական ամուսիններ Մարիամը եւ Վաչագանն իրենց երախտագիտությունը հայտնեցին իրենց բարեկամ հարեւանների եւ իշխանությունների տրամադրած աջակցության համար եւ կիսեցին իրենց մտահոգությունները աշխատանքի եւ կայուն եկամուտ ունենալու սահմանափակ հնարավորություննների վերաբերյալ: «Ճամբարակում աշխատանք գտնելը հեշտ չէ: Շատերը մեկնում են Երեւան՝ ավելի լավ հնարավորություններ գտնելու համար», – բացատրեցին նրանք: Նրանք վերհիշեցին անցյալի իրենց կյանքը. «Հողատարածք ունեինք, հավեր ու անասուններ էինք պահում, ունեինք խոլորձի եւ այլ բույսերի այգի»:
Մյուս կողմից՝ Մարիամը հպարտորեն կիսվեց իր հաջողության պատմությամբ. Նա ավարտել է մատնահարդարման մասնագիտական դասընթաց եւ անհատույց ստացել մի շարք անհրաժեշտ գործիքներ: «Այժմ ես մատնահարդարման վարպետ եմ եւ շատ ուրախ եմ դրա համար: Այս փուլում ինձ անհրաժեշտ է գտնել հաճախորդների, որպեսզի կարողանամ սկսել աշխատել եւ եկամուտ վաստակել, որ օգնեմ ընտանիքիս», – խանդավառությամբ ասաց Մարիամը։
Դաշտային այցի ամփոփմանն ընդառաջ՝ ակնհայտ էր, որ, չնայած արձանագրված առաջընթացին, դեռեւս առկա են բազմաթիվ մարտահրավերներ։ Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում ՀՀ կառավարությանը, Հայաստանի հյուրընկալող համայնքներին եւ տոկուն փախստականներին՝ նրանց շարունակական աջակցության եւ համերաշխության համար: Այս այցը մի ազդեցիկ հիշեցում էր այն դրական ներգործության մասին, որը կարող են ունենալ հավաքական, ողջ հասարակության կողմից ներդրվող ջանքերը: Աշխատելով միասին՝ մենք կարող ենք շարունակել ստեղծել մի միջավայր, որտեղ թե՛ փախստականները, թե՛ հյուրընկալող համայնքները կբարգավաճեն: Գուցե այս ընթացքն ունի իր մարտահրավերները, սակայն շարունակական համագործակցությամբ եւ հույսով՝ մենք ի վիճակի ենք ավելի պայծառ ապագա կառուցել փախստականների եւ նրանց հյուրընկալող համայնքների համար:
Տարածել Facebook-ով Տարածել Twitter-ով