2024 թ. հուլիսի 24-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը կազմակերպել էր մի հիշարժան ընդունելություն, որի ընթացքում Ֆրանսիայի դեսպանը հյուրընկալել էր Հայաստանի տարբեր ծայրերից ժամանած պարա աթլետներին՝ արժանին մատուցելու նրանց արտակարգ ձեռքբերումներին։
Ընդունելությունը, որը հաջորդեց Հայաստանի պարա սպորտի 20-րդ հանրապետական փառատոնի անցկացմանը, դարձավ ձոն ոչ միայն մասնակիցների մարզական հաջողություններին, այլեւ շեշտեց ներառականության կարեւորությունը սպորտում։
Երեկոն մեկնարկեց Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան պ-ն Օլիվիե Դեկոտինյիի ողջույնի խոսքով. դեսպանն ընդգծեց սպորտի միջոցով համերաշխության հասնելու գործում փառատոնի կարեւոր դերը։
«2024 թվականի Փարիզի Օլպիական խաղերի եւ Պարալիմպիկ խաղերի նախաշեմին՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը հպարտ է՝ համագործակցելու Հայաստանի պարա սպորտի 20-րդ փառատոնի շրջանակում։ Սրտանց ողջունում ենք մարզիկներին ու մարզուհիներին՝ նրանց ցույց տված հիանալի արդյունքների եւ օլիմպիական ոգուն նվիրվածության համար, եւ մեր գնահատանքն ենք արտահայտում կազմակերպիչներին՝ սպորտի միջոցով ներառականությունն առաջ մղելուն եւ համայնքի համախմբմանն ուղղված իրենց ջանքերի համար», – նշեց դեսպան Դեկոտինյին։
Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահ պ-ն Հակոբ Աբրահամյանն իր խոսքում բարձր գնահատեց փառատոնի մասնակից յուրաքանչյուր մարզիկի անցած ճանապարհը, կամքն ու ձեռքբերումները։ «Այս մարզիկները դիմակայունության եւ ուժի մարմնավորում են, ինչը նրանց իրական չեմպիոններ է դարձնում», – ընդգծեց պ-ն Աբրահամյանը։ Նա շնորհակալական խոսք ուղղեց փառատոնի կազմակերպիչներին, այդ թվում՝ ՄԱԿ-ի Փախստականների գործակալությանը, եւ շեշտեց Երեւանի քաղաքապետարանի, ՀՀ կառավարության ու Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան հետ համագործակցության կարեւորությունը։
Ողջ երեկոյի ընթացքում հնչող բոլոր ելույթները շեշտում էին սպորտի միջոցով ներառականության հասնելու ու միմյանց աջակցելու կարեւորությունը։ ՀՀ Արտաքին գործերի նախարարության Մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչության պետ տ-ն Կարինե Սուջայանն իր խոսքում վերահաստատեց Հայաստանի՝ ներառականության եւ բազմազանության նկատմամբ հարգանքի ապահովման հանձնառությունը։ «Պարա սպորտի փառատոնի նման միջոցառումները նշանավորում են Հայաստանի Հանրապետության նվիրվածությունը բոլոր մարզիկների համար հավասար հնարավորությունների ապահովմանը», – նշեց տ-ն Սուջայանը։
ՄԱԿ ՓԳՀ Հայաստանի գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար տ-ն Գվենոլեն լը Կուստերը բարձր գնահատեց պարա սպորտի ջատագովների ջանքերը, որոնք առաջ են մղում սոցիալական համախմբումն ու ներառումը, հաղթահարում են առկա խոչընդոտները։ «Սպորտի՝ բուժելու, ներառելու, պատկանելության զգացում առաջացնելու ուժն իսկապես հիացնող է», – նշեց տ-ն լը Կուստերը։ Նա շնորհավորեց մարզիկներին ու մարզուհիներին եւ իր երախտագիտությունը հայտնեց Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեին, Հայաստանի կառավարությանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը եւ Երեւանի քաղաքապետարանին՝ իրենց գործընկերության ու համատեղ ջանքերի համար՝ ուղղված պարա սպորտի աջակցմանն ու բոլորին հասանելի ներառական հնարավորությունների ստեղծմանը։
Ընդունելության ընթացքում հատուկ գնահատականի արժանացավ Գրետա Վարդանյանը, որը պարա փաուերլիֆթինգ մարզաձեւից որակավորվել է՝ օգոստոսին կայանալիք Փարիզի Պարալիմպիկ խաղերում ներկայացնելու Հայաստանի Հանրապետությունը։ Գրետան այդպիսի պատվի արժանացած միակ մարզիկն է (հուլիսի 24-ի դրությամբ)։ Ներկաները բարձր գնահատեցին Գրետայի ձեռքբերումը՝ հույս հայտնելով, որ հայաստանցի առնվազն եւս երկու պարա աթլետ կկարողանան հասնել որակավորման եւ մասնակցել պարա սպորտի համաշխարհային ամենամեծ մրցաշարին։
Ընդունելության շրջանակում Ֆրանսիայի դեսպանը մեդալներ ու հավաստագրեր հանձնեց Պարա սպորտի փառատոնում երկու մարզաձեւերում հաղթած մարզիկներին։ Մարզիկները կիսեցին իրենց տպավորությունները փառատոնից ու շեշտեցին իրենց կյանքում սպորտի ունեցած հսկայական փոխակերպիչ ուժն ու կարեւորությունը։
Ֆրանսիայի դեսպանատանը կայացած արարողությանը հրավիրված էր նաեւ 10-ամյա Ալվին Մայել Շալոմը՝ Գվինեայից բռնի տեղահանված իր մոր՝ տ-ն Լամարանա Ջիբա Բահի հետ միասին։ Ալվինը վարժ խոսում է հայերեն եւ ներկաների համար կատարեց հատվածներ հայ ժողովրդական երկու երգերից՝ հիացմունք առաջ բերելով ներկաների մոտ ու արժանանալով նրանց ծափահարություններին։
Պարա մարզիկներն իրենց գոհունակությունն արտահայտեցին կազմակերպիչների կողմից իրականացված մեծ աշխատանքի կապակցությամբ, ինչպես նաեւ այն ճանաչման, որին արժանացան իրենք։ «Բարեբախտություն է այսօր լինել այստեղ, շրջապատված իմ ընկեր մարզիկներով եւ աջակիցներով, նշել մեր բոլորի ձեռքբերումներն ու կիսել մեր ուրախությունը», – իր տպավորություններով կիսվեց մասնակից մարզիկներից մեկը։
Ընդունելության ավարտին՝ դեսպան Դեկոտինյին իր երախտագիտությունը հայտնեց բոլոր գործընկերներին ու արարողության մասնակիցներին։
«Այսօրվա միջոցառումը պարզապես ձեռքբերումները տոնելու նպատակ չուներ, այլ նաեւ արժանին մատուցելու մարդկային ոգուն եւ մեզ համախմբելու՝ սպորտի կարողությանը», – նկատեց պարոն դեսպանը։
Ֆրանսիայի դեսպանատան կազմակերպած ընդունելությունն անջնջելի հետք թողեց մասնակից պարա աթլետների հոգում՝ եւս մեկ անգամ ի ցույց դնելով սպորտի փոխակերպող ուժը, ներառականության ու համախմբվածության ամրապնդման գործում սպորտի կարեւորությունը։
Հայաստանի պարա սպորտի 20-րդ հանրապետական փառատոնի կազմակերպիչները հատուկ երախտագիտություն հայտնեցին Ֆրանսիայի դեսպանին եւ կառավարությանը՝ փախստականներին եւ նրանց ընդունող համայնքներին ցուցաբերվող տեւական օժանդակության համար, ինչը մարդասիրական արժեքներին ու համերաշխությանը նվիրվածության արտահայտությունն է։
Տարածել Facebook-ով Տարածել Twitter-ով