Ներառականության եւ համերաշխության ոգին այսօր թեւածում էր Հայաստանի պարա սպորտի 20-րդ հանրապետական փառատոնի բացման արարողության ողջ ընթացքում, որը համատեղ կազմակերպել էին Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեն եւ ՄԱԿ ՓԳՀ Հայաստանի գրասենյակը՝ ՀՀ կառավարության, Երեւանի քաղաքապետարանի եւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան աջակցությամբ։
Բացման հանդիսավոր արարողությունը, որով մեկնարկեց պարա սպորտի հոբելյանական փառատոնը, տեղի ունեցավ Երևանի Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում։ Փառատոնը ձոն է ներառականությանը, փախստականների եւ նրանց ընդունած համայնքների միջեւ համախմբվածությանը, ֆիզիկական հաշմանդամություն ունեցող անձանց դրսեւորած կամքին ու դիմակայունությանը։
Միջոցառումն սկսվեց պարա մարզուհի Գոհար Նավասարդյանի ողջույնի խոսքով, որը, ՄԱԿ ՓԳՀ աշխատակից Անահիտ Հայրապետյանի հետ միասին, վարում էր բացման արարողությունը։ «Այսօր, ազդարարելով հանրապետական պարալիմպիկ խաղերի մեկնարկը, մենք արժանին ենք մատուցում մեր պարա մարզիկների ու մարզուհիների խիզախությանն ու դիմացկունությանը։ Իսկապես հուզիչ է տեսնել նրանց նվիրվածությունն ու զգալ նրանց ոգու ուժը», – նշեց Գոհարը։
Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահ պ-ն Հակոբ Աբրահամյանն իր ողջույնի խոսքում նշեց. «Մենք պիտի գործենք համախմբված եւ շարունակենք աջակցել մեր մարզիկներին, գտնել միջոցներ նրանց կարողությունների զարգացման համար։ Մենք շնորհակալ ենք Հայաստանի կառավարությանը, ՄԱԿ-ի Փախստականների գործակալությանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը, Երեւանի քաղաքապետարանին եւ մյուս աջակիցներին, սակայն գիտակցում ենք, որ ջանքերի ու ռեսուրսների ավելացման կարիք կա։ Եկեք միասին նպաստենք մեր պարա մարզիկների ու մարզուհիների ներառմանն ու հետագա հաջողություններին, այդ թվում՝ միջազգային ասպարեզում։ Շնորհակալություն»։
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտութան, մշակույթի եւ սպորտի փոխնախարար պ-ն Դանիել Դանիելյանն իր ողջույնի խոսքում ընդգծեց ներառական մարզական միջոցառումների կարեւորությունը։ Նա վերահաստատեց ՀՀ կառավարության հանձնառությունը՝ շարունակել աջակցություն ցույց տալ հաշմանդամություն ունեցող անձանց՝ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են սպորտը, կրթությունը, մշակույթը։
ԿԳՄՍ նախարարի տեղակալն իր շնորհակալությունը հայտնեց պարա սպորտի 20-րդ փառատոնի կազմակերպիչներին ու ողջունեց պարա աթլետներին, որոնց թվում էին ավելի քան 20 փախստականներ։ Պ-ն Դանիելյանը եւս մեկ անգամ շեշտեց ներառական ծրագրերին աջակցություն ցուցաբերելու կարեւորությունը։
«Մեզ համար պատիվ է աջակցել Պարա սպորտի փառատոնին, որը ոչ միայն մարզական ձեռքբերումների, այլեւ Հայաստանում բազմազանության ու ներառականության մասին է», – ներկաներին դիմեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող տ-ն Ֆրանսուազ Ժակոբը։ Նշելով, որ ինքը նույնպես զբաղվում է սպորտով, տ-ն Ժակոբն ընդգծեց սպորտի դերը սոցիալական համերաշխության հասնելու եւ մարդկանց, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց կարողությունների զարգացման գործում։ «Սպորտի միջոցով հաղթահարվում են խոչընդոտներ, միավորվում են համայնքներ»,- նշեց նա։
ՄԱԿ-ի Փախստականների գործակալության Հայաստանի գրասենյակի ժամանակավոր ղեկավար տ-ն Գվենոլեն լը Կուստերն ընդգծեց պարա խաղերի հսկայական նշանակությունը՝ որպես փախստականներին ու նրանց ընդունող համայնքները համախմբող հարթակ, որի շնորհիվ նրանք դառնում են ավելի տոկուն ու դիմակայուն։ Տ-ն լը Կուստերը բարձր գնահատեց փառատոնի կազմակերպման աշխատանքներում ներգրավված բոլոր գործընկերների ջանքերը, առանց որոնց՝ Պարա սպորտի փառատոնի անցկացումն անհնար կլիներ։
ՄԱԿ-ի Փախստականների գործակալության հայաստանյան գրասենյակի ժամանակավոր ղեկավարն իր լավատեսությունն արտահայտեց առ այն, որ պարա սպորտի փառատոնը կանցնի հաջողությամբ, իսկ մասնակից փախստական ու ոչ փախստական մարզիկներն ի վիճակի կլինեն ցուցադրել իրենց տաղանդներն ու լավագույն որակները։
Բացման արարողության գագաթնակետը Հայաստանի Հանրապետության ազգային օրհներգի կատարումն էր «Ունիսոն» հասարակական կազմակերպության կողմից հիմնադրված, հաշմանդամություն ունեցող անձանց միավորող «Փարոս» կամերային երգչախմբի կողմից, որի ընթացքում պարա աթլետ, պարա փաուերլիֆթինգի աշխարհի չեմպիոն Խորեն Ծատուրյանն արարողության տարածք բերեց Հայաստանի Հանրապետության դրոշը եւ տեղադրեց Միավորված ազգերի կազմակերպության, Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի եւ Միավորված ազգերի կազմակերպության Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի դրոշների կողքին։
Բացման արարողության ժամանակ հուզիչ ելույթ ունեցավ հաշմանդամություն ունեցող եւ բռնի տեղահանության ենթարկված Լուսինե Դավուդյանը, ում երգերն անմիջապես արձագանք գտան լսարանում, եւ շատերը միացան Լուսինեի կատարմանը։
Պարա սպորտի Հայաստանի 20-րդ փառատոնի բացման արարողության ժամանակ վարող Գոհար Նավասարդյանը ներկայացրեց պարա փաուերլիֆթինգի գծով «Փարիզ 2024» պարալիմպիկ խաղերում մասնակցության համար որակավորում ստացած Գրետա Վարդանյանին։ Գրետան կներկայացնի Հայաստանի Հանրապետությունը պարա սպորտի երկրագնդի խոշորագույն մրցաշարում։ Մինչ ներկաները ծափահարում ու ողջունում էին Գրետային, նա հավաստիացրեց, որ առավելագույնը կանի՝ Փարիզից մրցանակով վերադառնալու համար։
«Պարա սպորտը միայն մրցակցություն չէ, այլեւ ապացույց այն բանի, որ հաշմանդամություն ունենալը ձեռքբերումների ճանապարհին հաղթահարելի խոչընդոտ է», – նշեց տ-ն Գրետա Վարդանյանը՝ ՄԱԿ ՓԳՀ-ի ներկայացուցչի հետ իր զրույցի ընթացքում։
Բացման արարողությունն ավարտվեց ադապտիվ ֆուտբոլի ցուցադրական պարապմունքով, որը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջնորդությամբ եւ աջակցությամբ անցկացրեցին Adaptive Football Armenia կազմակերպության ներկայացուցիչները՝ մարզիչ Դանիել Հակոբյանն ու հոգեբան Նելլի Փարսադանյանը։ Պարապմունքին մասնակցում էին զարգացման խնդիրներ ունեցող 12 երեխաներ, որոնք իրենց ֆուտբոլային հմտություններն էին ցուցադրում ներկաներին։ Երեխաները կրում էին ՄԱԿ ՓԳՀ գործընկեր Nike ընկերության կողմից նվիրաբերված մարզահագուստ։
Ներառականությունը որպես առանցք ունենալով՝ Պարա սպորտի հանրապետական փառատոնը համախմբեց ավելի քան 120 մարզիկների, որոնցից 20-ը՝ փախստականներ՝ դառնալով վկայություն այն բանի, որ Հայաստանը հանձնառու է սպորտի միջոցով ներառականության ու ինտեգրման խթանման հարցում։ Այս տարվա փառատոնի շրջանակում ֆիզիկական հաշմանդամություն ունեցող անձինք մրցելու են շախմատ, պարա փաուերլիֆթինգ, պարա սեղանի թենիս, բոչիա, անվասայլակներով բասկետբոլ եւ պարա աթլետիկա մարզաձեւերում։
Տարածել Facebook-ով Տարածել Twitter-ով