Միգրանտների միջազգային օրը՝ դեկտեմբերի 18-ին, տեղի ունեցավ «Ճամպրուկ» ամենամյա լրագրողական մրցույթի մրցանակաբաշխությունը:
Բազմամյա ավանդույթով հերթական մրցանակաբաշխությունն այս տարի կազմակերպվել էր ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության (ՄՔԾ), ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, «Մարդը կարիքի մեջ» միջազգային հասարակական կազմակերպության, ՄԱԿ-ի Փախստականների գործակալության ու Միգրացիայի միջազգային կազմակերպության համատեղ ջանքերով:
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՄՔԾ պետ Արմեն Ղազարյանը, Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը, Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների գործակալության ներկայացուցիչ Կավիտա Բելանին, «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Վարդուհի Դադունցը և ՄՄԿ ներկայացուցիչ Մարկո Պելեգրինին։
Ներկայացված ավելի քան հարյուր նյութերից գնահատող հանձնաժողովն առանձնացրել էր լավագույնները: Հանձնաժողովը բաղկացած էր կազմակերպիչ կողմերի մեդիա մասնագետներից:
Այսպիսով, գլխավոր մրցանակին արժանացավ Արմինե Ավետիսյանը՝ «Երազում էի անհոգ կյանքի մասին, խաբվեցի». ԱՄՆ անօրինական արտագաղթող հայերի մասին» նյութով:
Երկրորդ մրցանակին արժանացավ Մայա Խաչատրյանը՝ «Քարերը հայերեն են խոսում». հայ փախստականների ու բռնի տեղահանվածների պահանջն ու պետության քայլերը» ռեպորտաժով:
Երրորդ մրցանակին արժանացավ Անահիտ Հարությունյանը՝ իր «Դու չես գնում պապայիդ տուն, գնում ես օտար երկիր․․․» նյութով։
Եվս յոթ լրագրողական նյութերի հեղինակներ արժանացան խրախուսական մրցանակների.
«Ճամպրուկ» մեդիա մրցույթի նպատակը թեմատիկ լուսաբանման ոլորտում լավագույն փորձը խրախուսելն է։ Հայաստանում փախստականների, տեղահանված անձանց և միգրանտների ու նրանց ինտեգրման գործընթացների վերաբերյալ գրագետ և ազդեցիկ մեդիա բովանդակությունը քաջալերելով՝ համակազմակերպիչ կառույցները ոգեշնչում են լրագրողներին՝ առավել ընդգրկուն, ճշմարիտ և անաչառ մոտեցումներ ցուցաբերելու տեղահանված անձանց և միգրանտների վերաբերյալ լրագրության, նրանց առջեւ ծառացած խնդիրների լուսաբանման գործում։
«ՃԱՄՊՐՈՒԿ» լրագրողական մրցույթը իրականացվում է 2010 թվականից։ Այս տարի լրագրողական մրցույթը իրականացվում է Եվրոպական միության Միգրացիոն գործընկերության գործիքի (MPF) միջոցով ֆինանսավորվող ՄՔՄՄԿ-ի, ՄԱԿ ՓԳՀ-ի, ՄՄԿ-ի եւ Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի համաֆինանսավորմամբ։
Տարածել Facebook-ով Տարածել Twitter-ով