Վարդենիս, Գեղարքունիքի մարզ. Ինչպես վտանգից մազապուրծ Հայաստան հասած մյուս՝ ավելի քան 100,000 փախստականները, այնպես էլ Կարինեն եւ իր հարազատները, մաքառում են այս աղետի հոգեբանական հետեւանքների ու իրենց կյանքը վերադասավորելու հետ կապված հարցերի հետ։
24-ամյա Կարինեն նոր էր ծննդաբերել իր երկրորդ երեխային՝ Մանե անունով դստերը, եւ անհամբեր սպասում էր, թե երբ էր իր ընտանիքը Ղարաբաղի Մարտակերտ քաղաքի ծննդատնից իրեն ու երեխային տուն տանելու։
Կարինեի՝ քաղաքի ծայրամասում գտնվող տանը նրա մտերիմ ընկերուհին եւ ամուսնու քույրը՝ Մարիամը, տունն էր զարդարում էր եւ սեղան պատրաստում՝ տոնակատարությամբ դիմավորելու իրենց ընտանիքի նոր անդամին։ Նրա հետ էին նաեւ Հրաչը՝ ամուսինը եւ իրենց երկու երեխաները, ինչպես նաեւ Հրաչի եղբայր Արտյոմը՝ Կարինեի ամուսինը։
Բայց ուրախ տունդարձն այդպես էլ տեղի չունեցավ: Սկսեցին հաղորդագրություններ ստացվել շտապ ապաստարանում թաքնվելու մասին։ Ծննդատան բժիշկները Կարինեին եւ այնտեղ գտնվող մյուս մայրերին պատվիրեցին նորածինների հետ նկուղ իջնել:
«Այդ պահին ամենամեծ վախս որդիս էր, որն այդ ժամանակ մանկապարտեզում էր», – ասում է Կարինեն: «Ասում էի՝ տեսնես որտեղ է հիմա, ինչպես է»:
Մինչ Արտյոմը շտապում է մանկապարտեզ՝ գտնելու եւ հիվանդանոց բերելու իր տղային, Մարիամը եւ նրա ընտանիքն առանց հապաղելու լքում են տունը եւ ապաստան գտնում իրենց նկուղում: «Մենք պարզապես ամեն ինչ թողեցինք եւ փախանք, անգամ սենյակը զարդարելը չվերջացրինք։ Հասցրինք միայն մեր փաստաթղթերը վերցնել տնից եւ արագ նկուղ վազել», – ասաց Մարիամը:
Կապի լիակատար բացակայության պայմաններում ընտանիքը գերադասեց միասին հիվանդանոցում մնալ եւ նկուղի թաքստոցում երկու տագնապալի գիշեր անցկացրեց։ Ի վերջո, վախենալով իրենց անվտանգության համար, նրանք կայացրին իրենց հարազատ քաղաքը թողնելու եւ Հայաստան գնալու չափազանց դժվար որոշումը։ Բազմահազար ընտանիքներով ծանրաբեռնված ճանապարհներով Հայաստան գնալու համար նրանցից ավելի քան 40 ժամ պահանջվեց, մինչդեռ այդ ուղեւորությունը սովորաբար երեք ժամ է տեւում։
Երբ սեպտեմբերի 25-ի վաղ առավոտյան սոված եւ ուժահատված հասան Հայաստան, Կոռիձոր գյուղ, միայն այդ ժամանակ իրավիճակն իր ողջ սրությամբ թափանցեց Կարինեի գիտակցությունը։ «Ես երբեք չեմ մոռանա այն պահը, երբ հասանք Կոռնիձոր: Մինչ այդ միայն ֆիլմերում էի նման ծայրահեղ դժվար իրավիճակներ տեսել… մեզ շտապ օգնության աշխատակիցներ, ավտոմեքենաներ, փրկարարական ծառայություններն էին մոտենում։ Կյանքումս չէի պատկերացնի, որ շտապ օգնության աշխատողները կմոտենան եւ կհարցնեն, թե «ինչով կարող են մեզ օգնել»»:
Կարինեն եւ նրա ընտանիքը սեպտեմբերի վերջին ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում Հայաստան մուտք գործած ավելի քան 100,000 փախստականներից էին։ Նրանցից շատերը եկել էին ուժասպառ, սոված, տրավմաների ենթարկված, հոգեբանական եւ սոցիալական աջակցության ու անհետաձգելի օգնության կարիքներով: Փախստականների մոտ 30 տոկոսը երեխաներ են, կանայք եւ տարեցներ:
Առաջին իսկ օրվանից ՄԱԿ ՓԳՀ-ի՝ ՄԱԿ-ի Փախստականների գործակալության թիմերը Հայաստանի սահմանային անցակետում էին, իրենց աջակցությունը բերելով ՀՀ կառավարության կողմից գլխավորվող արձագանքին: Գործակալությունը տեխնիկական սարքավորումներ էր տրամադրել, որպեսզի իշխանությունները գրանցեն նոր ժամանող փախստականներին եւ գնահատեն նրանց ընտանիքների կարիքները:
ՄԱԿ ՓԳՀ-ն շուրջօրյա ռեժիմով աշխատում է եւ իր գործընկեր «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ի հետ համատեղ փախստական ընտանիքներին բաժանում ծալովի մահճակալներ եւ ներքնակներ, տաքուկ վերմակներ եւ բարձեր, սպիտակեղեն, հիգիենայի պարագաներ, խոհանոցային հավաքածուներ եւ շատուշատ այլ ապրանքներ: Նոր եկած բազմաթիվ ընտանիքներ հյուրընկալվել են հեռավոր սահմանամերձ համայնքներում եւ այժմ կանգնած են վաղաժամ ցրտաշունչ ձմռան պայմաններում գոյատեւման մարտահրավերի առաջ։ Գործակալությունը եւ իր ՄԱԿ, ինչպես նաեւ ՀԿ գործընկերները 97 միլիոն ԱՄՆ դոլար հավաքագրելու կոչ-հորդոր են հղել՝ Հայաստանում փախստականների հրատապ կարիքները հոգալու համար։
Փախստականներից ոմանք ժամանակավոր ապաստան են գտել հյուրանոցներում, հանրակացարաններում, դպրոցներում եւ ժամանակավոր այլ կացարաններում, Կարինեն եւ իր ազգականներն այն մարդկանցից են, ովքեր ապրում են Հայաստանում՝ իրենց ընտանիքների եւ ընկերների հետ։ Ընդլայնված ընտանիքի տասնհինգ անդամները մի կերպ տեղավորվել են Հրաչի եւ Արտյոմի ծնողների երկու սենյականոց տանը, որը գտնվում է Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիսում. փոքր գյուղաքաղաք, որը հյուսիսից եւ արեւելքից լեռներով շրջապատված է հարթավայրերում, իսկ արեւմտյան հատվածում Սեւանա լիճն է:
Եղբայրների մայրը՝ Ռոմելլան, իր հուսահատությունն է նկարագրում, երբ մի քանի օր շարունակ չէր կարողանում կապ հաստատել իր երեխաների ու նրանց ընտանիքների հետ։ «Դա սարսափելի զգացողություն էր: Ես ամբողջ ժամանակ լաց էի լինում, աղոթում՝ լուր ստանալու համար: Անհնար է նկարագրել, թե ինչ թեթեւություն ապրեցի, երբ իմացա, որ երեխաներս անվտանգ տեղ են հասել»:
Թեթեւության այդ զգացումն օգնում է վանել այդքան շատ հարազատների՝ մեկ տանիքի ներքո հավաքված լինելու հետ կապված հնարավոր մտահոգությունները: «Ընդհակառակը, ես ուրախություն, երջանկություն եմ ապրում: Երբ երեխաները հեռու էին, մեզ միայնակ էինք զգում, ասես տունը դատարկ լիներ: Հիմա, երբ բոլորն այստեղ եւ միասին ենք, տունն էլ կարծես լցվել է։ Շատ գոհ եմ ու երջանիկ: Հավատացեք, ոչ մի մտահոգություն չունեմ, հիմա ինձ ոչինչ չի անհանգստացնում»:
«Մենք չենք կարող այս պայմաններում երկար ապրել այստեղ»:
Հրաչ, Հայաստանում բնակվող փախստական
Այսուհանդերձ, Կարինեն եւ նրա երիտասարդ ընտանիքը դեռեւս վերապրում են իրենց անցած ծանր փորձառությունը, ինչպես այն բազմաթիվ փախստականները Հայաստանում, որոնց կյանքն արմատախիլ է արվել։ «Ամենահուզիչ բաներից մեկն այն է, որ տղաս ամեն առավոտ ժամը 5-ին արթնանալով՝ ասում է. «Ինձ մանկապարտեզ չեք տանի, չէ՞: Չեմ ուզում մանկապարտեզ գնալ»։ Նա դեռ վախենում է եւ չի ուզում գնալ մանկապարտեզ, քանի որ երբ այդ ամենը սկսվեց, երեխան մենակ էր մնացել այնտեղ»:
Հրաչի համար այս վիճակն ընդամենը ժամանակավոր հանգրվան է, թեեւ ապագան մնում է անորոշ։ Նա եւ իր կինը՝ Մարիամը, մայրաքաղաք Երեւանի մերձակայքում փոքր տուն ունեն, բայց այն կիսակառույց է եւ նրանք ի վիճակի չեն վճարել վերանորոգման աշխատանքների համար՝ ի լրումն արդեն իսկ վերցրած հիփոթեքի գումարին։
«Մենք չենք կարող այս պայմաններում երկար ապրել այստեղ», – ասում է Հրաչը։ «Հիմա սա մեր առաջնահերթությունն է: Այս փուլում ինձ համար ամենակարեւորը ապրելու տեղ ունենալն է եւ նոր միայն դրանից հետո կարող ենք նոր կյանք սկսել. աշխատանք գտնել, երեխաներին դպրոցում եւ մանկապարտեզում գրանցել։ [Բայց] մենք պետք է տուն ունենանք, որպեսզի վերսկսենք մեր կյանքը եւ մեր երեխաներին մեծացնենք»:
Տարածել Facebook-ով Տարածել Twitter-ով