ՄԱԿ-ի Փախստականների գործակալության Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Ֆիլիպ Լըկլերկն իր քառօրյա այցի ընթացքում հանդիպեց փախստականների, նրանց ընդունողներին, եւ Հայաստանին հրատապ օգնության ցուցաբերման կոչ հղեց։
Այս շաբաթ ՄԱԿ ՓԳՀ Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Ֆիլիպ Լըկլերկը եզրափակեց իր հայաստանյան այցը, որին նախորդել էր ավելի քան 100,000 փախստականների ժամանումը, որոնց կեսը երեխաներ եւ տարեցներ են։ Նա տեղում ականատես եղավ փաստացի իրավիճակին եւ վերահաստատեց ֆինանսական օժանդակության հրատապ անհրաժեշտությունը։
«Ես ապշած եմ Հայաստանի կառավարության եւ ժողովրդի մեծահոգությամբ։ Այսքան կարճ ժամանակամիջոցում նրանք անհավատալիորեն մեծ վճռականություն եւ կամք են դրսեւորել՝ իրենց ուժերի ներածին չափով ընդունելու եւ աջակցելու փախստականներին, բայց եւ այնպես, նրանց չպետք է իրենց խնդիրների հետ մենակ թողնել», – ասաց Լըկլերկը։
«Հրատապ աջակցություն է անհրաժեշտ թե՛ հիմա, թե ապագայում՝ ամրապնդելու բնակչության դիմակայունությունը եւ փախստականներին հնարավորություն տալու արագ ներգրավվել ազգային համակարգերում, ճիշտ այնպես, ինչպես 30,000 երեխաներից 15,000-ն արդեն գրանցվել են դպրոցներում», – հավելեց նա։
Այցի ընթացքում նա հանդիպեց ՀՀ իշխանությունների հետ, որոնք, ի սկզբանե, առաջնորդում էին արտակարգ իրավիճակի պատասխան արձագանքը, ներառյալ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի, Արտաքին գործերի փոխնախարար Վահե Գեւորգյանի, Ներքին գործերի նախարարության Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության ղեկավար Արմեն Ղազարյանի, ինչպես նաեւ Սյունիքի մարզպետի եւ Գորիսի մարզպետի տեղակալի հետ։
Լըկլերկը նաեւ հանդիպեց եւ զրուցեց փախստականների ու այն ընտանիքների հետ, որոնք մեծահոգաբար հյուրընկալ էին նրանց Երեւանի մերձակա բնակավայրերում, ինչպես նաեւ Սյունիքի մարզի Կապան եւ Գորիս քաղաքներում, որտեղ փախստականների մեծամասնությունը սկզբում եկել էր Ղարաբաղից։ Նրանք կիսվեցին այն մասին, թե ինչ ցնցում են ապրել՝ հարկադրված լինելով այդքան հապճեպ տնից փախչել։ Ֆիզիկապես եւ հոգեպես ջլատված, նրան պատմում էին կորստի ու հուսահատության այն ծանր զգացողության մասին, որ ապրել են՝ ստիպված լինելով ամեն ինչ հետեւում թողնել:
«Մեր տունը գյուղում էր, հայրս տունն ինձ էր ժառանգել։ Ես եւ զարմիկս զբաղվում էինք գյուղատնտեսությամբ, չնայած, որ երկուսս էլ հաշմանդամություն ունենք։ Հիմա ես ընդամենը ինչ-որ վայրում հաստատվել եմ ցանկանում։ Իմ ուզածն ընդամենը մի տեղ է, որը նորից կարող եմ տուն կոչել», – ասում է 72-ամյա փախստական Լենան, ով այժմ ապրում է Հայաստանի Մասիս համայնքի ժամանակավոր տեղավորման կենտրոնում։
ՄԱԿ ՓԳՀ պահուստներից առաջնային անհրաժեշտության ապրանքներով բեռնված ընդհանուր 16 բեռնատար է ժամանել Հայաստան, բերելով առնվազն 10,000 ապրանք, այդ թվում ծալովի մահճակալներ, ներքնակներ, ծածկոցներ, անկողնային սպիտակեղեն, բարձեր, արեւային պանելներ, խոհանոցային լրակազմեր եւ հիգիենայի պարագաների հավաքածուներ։ ՄԱԿ ՓԳՀ-ն եւ գործընկեր «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ն մարդասիրական օգնության բաշխումը համակարգում են Երեւանի եւ մարզերի, այդ թվում Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Կոտայքի եւ Արարատի մարզերի տեղական կառավարման մարմինների հետ։
ՄԱԿ ՓԳՀ-ն Կառավարության հետ սերտ համագործակցությամբ նաեւ հանձնառել է խոցելի վիճակում գտնվող շուրջ 5,500 փախստականի դրամական աջակցություն տրամադրել, որի միջոցով սպասվող ձմեռային ցրտաշունչ ամիսներին բնակարանների եւ կոմունալ սպասարկման վարձավճարները կվճարվեն։
Հոկտեմբերի 7-ին ՀՀ կառավարության աջակցությամբ ՄԱԿ ՓԳՀ-ն՝ ՄԱԿ-ի Փախստականների գործակալությունը, ՄԱԿ-ի գործակալությունների եւ գործընկերների հետ միասին մեկնարկեց ՀՀ միջգործակալական արձագանքման ծրագիրը, փորձելով հավաքագրել 97 միլիոն ԱՄՆ դոլար։ Մեկնարկման միջոցառումը տեղի ունեցավ այս շաբաթ՝ Երեւանում, որին մասնակցում էին ՀՀ կառավարության եւ շուրջ 60 գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ վերստին օժանդակության կոչ հղելով։
«Եվս մեկ անգամ կոչ եմ անում մեր առատաձեռն դոնորներին՝ ընդառաջ գալ եւ նեցուկ դառնալ այս խոցելի բնակչությանը եւ Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին։ Այսօր, երբ աշխարհում առավել, քան երբեւէ, ավելի ու ավելի շատ մարդիկ են տեղահանության ենթարկվում, մենք կարիք ունենք տեսնելու, թե ինչպես է համերաշխության ձեռքը վերստին մեկնվում նրանց, ովքեր ամենաշատն են տուժել եւ ավելի լավ ապագա ապահովելու նրանց համար», – հավելեց Լըկլերկը։
ԱՎԱՐՏ
1992 թվականից ի վեր ՄԱԿ-ի Փախստականների գործակալությունը՝ ՄԱԿ ՓԳՀ-ն իր ներկայությունն է հաստատել Հայաստանում։ ՄԱԿ ՓԳՀ-ն արտակարգ իրավիճակին արձագանքման շրջանակում աշխատում է գործընկերների հետ՝ ի սատարում Հայաստանի կառավարության ջանքերին, որոնք ուղղված են փախստականներին, մասնավորապես առավել խոցելիներին, պաշտպանության եւ աջակցության տրամադրմանը, իրենց առավել հրատապ կարիքների բավարարման հնարավորության ընձեռմանը, առանձնակի ուշադրություն հատկացնելով ձմռանը նախապատրաստվելուն եւ հիմնական ծառայությունների հասանելիությանը։ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջնորդությամբ ՄԱԿ ՓԳՀ-ն համակարգում է մարդասիրական կազմակերպությունների կողմից միջգործակալական արձագանքման միջոցառումները։
Տարածել Facebook-ով Տարածել Twitter-ով