Փախստականների համաշխարհային օրվա առթիվ ցանկանում ենք առանձնացնել ՈՒԵՖԱ-ի՝ ՄԱԿ-ի Փախստականների գրասենյակի հետ ուս-ուսի տարվող աշխատանքները եւ անդրադարձ կատարել հաջորդ շաբաթ Ֆրանկֆուրտում կայանալիք «UNITY» Եվրոպայի գավաթի առաջնությանը։
Յուրաքանչյուր տարվա հունիսի 20-ին նշվում է Փախստականների համաշխարհային օրը՝ տոնելու Երկիր մոլորակով համասփյուռ այն մարդկանց ուժն ու կորովը, ովքեր հարկադրաբար լքել են իրենց հայրենի երկիրն ու փախել հակամարտությունից կամ հետապնդումներից։
ՈՒԵՖԱ-ն աջակցում է փախստականներին՝ ներգրավվելու սպորտում, ֆուտբոլի փոխակերպիչ ուժի օգնությամբ սատարելու եւ պաշտպանելու նրանց իրավունքները, ինչպես նաեւ խթանելու ընդունող համայնքներում նրանց ինտեգրումը։
Աշխատանքները ներառում են դրամաշնորհների եւ տարբեր ծրագրերի ֆինանսավորման ձեւով ազգային ասոցիացիաներին ֆինանսական աջակցության, մասնակցության հնարավորությունների տրամադրումից մինչեւ ՈՒԵՖԱ-ի երկրպագուների փառատոներ, միջազգային մրցաշարեր, որին իրենց մասնակցությունն են բերում փախստականներից եւ ընդունող համայնքների ներկայացուցիչներից կազմված ազգային թիմերը։
ՈՒԵՖԱ-ն գործունեություն է ծավալում կազմակերպության անդամ ասոցիացիաների, ՄԱԿ ՓԳՀ-ի եւ իր տարածաշրջանային գրասենյակների հետ համատեղ՝ փախստականների համար սպորտի հասանելիության եւ սոցիալական ներառման ապահովման ու խթանման նպատակով։
Ամեն տարի ՈՒԵՖԱ-ն ֆուտբոլային խաղերի ու փախստականների համար նախատեսված դրամաշնորհային ծրագրի միջոցով ֆինանսավորում է տրամադրում, որը 2017 թվականից ի վեր սատարում է ֆուտբոլի ազգային ասոցիացիաների կողմից փախստականներին ուղղված նախագծերին՝ ամբողջ Եվրոպայում։ Այս տարի ՈՒԵՖԱ-ն շուրջ 40 տոկոսով ավելացրել է ֆինանսավորումը եւ ներկայում օժանդակում է մայրցամաքում գործող 24 անդամ միավորումների նախաձեռնությունների։ Յուրաքանչյուր ծրագիր հատուկ մոտեցում է կիրառում՝ մշտապես ուշադրության առանցքում պահելով ֆուտբոլը։ Ծրագրերը կանոնավոր մարզումներին եւ մրցավարական կամ մարզչական դասընթացներին մասնակցելու հնարավորություն են ընձեռում՝ մասնակիցներին օգնելով մտերմանալ հյուրընկալող համայնքների հետ, ինչպես նաեւ աջակցություն են տրամադրում երկրի լեզուն ու սովորությունները յուրացնելու գործընթացներում։
2023 թվականին դրամաշնորհներ են հատկացվել Հայաստանի, Ավստրիայի, Բելգիայի, Բոսնիա եւ Հերցեգովինայի, Բուլղարիայի, Խորվաթիայի, Չեխիայի Հանրապետության, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Հունաստանի, Իսլանդիայի, Իտալիայի, Լատվիայի, Մալթայի, Մոլդովայի, Նիդեռլանդների, Հյուսիսային Իռլանդիայի, Նորվեգիայի, Իռլանդիա Հանրապետության, Ռումինիայի, Շոտլանդիայի, Իսպանիայի, Շվեյցարիայի եւ Ուկրաինայի ազգային ասոցիացիաներին։
2022 թվականին ՄԱԿ ՓԳՀ-ի աջակցությամբ ՈՒԵՖԱ-ն մեկնարկեց UNITY (միասնություն) Եվրոպայի գավաթի առաջնությունը՝ ութ թիմերի մասնակիցներին հնարավորություն տալով իրենց ընդունող երկիրը ներկայացնել այդ եզակի միջազգային մրցաշարին, որը հիմքում ներառականությունն էր։
Անցած տարի Շվեյցարիայում տեղի ունեցած անդրանիկ միջոցառման մեծ հաջողությունից հետո հաջորդ UNITY Եվրոպայի գավաթի առաջնությունը կկայանա հունիսի 28-ին՝ Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում։
Մրցաշարն ՈՒԵՖԱ-ի «Հարգանքի ֆորում» անվամբ միջոցառման տարրերից մեկն է, որը Գերմանիայի ֆուտբոլային ասոցիացիայի (ԳՖԱ) երկօրյա հավաք է, որի ժամանակ փորձագետներն ու ֆուտբոլի ոլորտի առաջնորդները կքննարկեն մեկնարկելիք խաղի սոցիալական ու բնապահպանական կայունությունը, ինչպես նաեւ ելույթ կունենա ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին՝ փախստականների վրա սպորտի դրական ազդեցության մասին կարեւորագույն ուղերձով։
Միջոցառումը խոչընդոտների հաղթահարման եւ ներառականության ոգու ձեւավորման հարցերում ֆուտբոլի ունեցած մեծ ուժի մասին իրազեկվածության բարձրացման կարեւոր հնարավորություն է։ Այս տարի UNITY Եվրոպայի առաջնության գավաթին արժանանալու համար կմրցեն Հայաստանը, Ավստրիան, Բելգիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Լատվիան, Մալթան, Նիդեռլանդները, Հյուսիսային Իռլանդիան, Իռլանդիայի Հանրապետությունը, Իսպանիան, Շվեյցարիան, Ուկրաինան եւ Եվրոպական միությունը ներկայացնող 16 թիմ։ Յուրաքանչյուր թիմ բաղկացած է լինելու ութ փախստական խաղացողից եւ երեք ոչ փախստական խաղացողից, այդ թվում առնվազն երկու կին։ Մրցաշարին, ընդհանուր առմամբ, կմասնակցի փախստականների եւ ընդունող համայնքների 170 երիտասարդ ներկայացուցիչ։
Տասնվեց նշանավոր դեսպաններ, այդ թվում Աշխարհի առաջնության գավաթակիր Մարկո Տարդելին, պատրաստ կլինեն աջակցելու իրենց թիմերին մրցաշարի ժամանակ, որը կանցկացվի Ֆրանկֆուրտի «SC Weiss-Blau» տեղական ֆուտբոլային ակումբում, իսկ եզրափակիչ խաղը տեղի կունենա ԳՖԱ խաղադաշտում:
Մրցաշարի վիճակահանությունը տեղի ունեցավ այսօր՝ ՈՒԵՖԱ-ի Նիոնում գտնվող գլխամասային գրասենյակում։
ՈւԵՖԱ-ի ֆուտբոլի համատեքստում կայունության ռազմավարություն 2030-ի շրջանակում կազմակերպությունն աջակցում է փախստականներին, ապաստան հայցողներին եւ տեղահանված անձանց՝ սատարելու նրանց ֆիզիկական եւ հոգեկան առողջությանը, ինչպես նաեւ ֆուտբոլի միջոցով ընդունող համայնքներում ինտեգրմանը։
ՄԱԿ ՓԳՀ-ն նաեւ մշակել է ՄԱԿ ՓԳՀ «Սպորտի ռազմավարություն. ավելին, քան խաղ» -ը, որտեղ ամրագրված է այն դերը, որը կարող է սպորտն ու մարզական կազմակերպություններն ունենալ տեղահանված եւ քաղաքացիություն չունեցող անձանց կյանքում, ինչպես նաեւ ընդունող համայնքներում ինտեգրման հարցում։
Երկու կազմակերպությունները վերջերս իրենց ուժերն էին համատեղել Բուդապեշտում եւ Ստամբուլում ՈւԵՖԱ Եվրոպայի կոնֆերանսների լիգայի եւ Չեմպիոնների լիգայի եզրափակիչներին կայացած երկրպագուների փառատոններին։
ՄԱԿ ՓԳՀ-ն Բուդապեշտում հյուրընկալեց Հունգարիայի «DVTK Miskolc» ֆուտբոլային թիմին, որն աջակցում էր Ուկրաինայից եկած յոթից տասնութ տարեկան փախստական երեխաների։ Ապագա ֆուտբոլիստները նույն փառատոնի խաղադաշտում խաղում էին այնպիսի լեգենդների հետ, ինչպիսիք են Էստեբան Կամբիասոն, Ուիլյամ Գալլասը եւ Լուիս Գարսիան, ինչպես նաեւ իրենց մայրերի ու խնամակալների հետ օգտվում վայելում
փառատոնի շրջանակում կազմակերպված այլ միջոցառումները։
Ստամբուլի Չեմպիոնների փառատոնի ժամանակ ֆուտբոլի բրազիլացի լեգենդ Կական խաղաց փախստականների տարբեր թիմեր եւ հյուրընկալող համայնքի անդամներից կազմված հատուկ թիմերի հետ, որը կայացավ «Մանչեսթեր Սիթիի»՝ «Ինտերի» նկատմամբ 1:0 հաշվով հաղթանակի հաջորդ օրը:
Տարածել Facebook-ով Տարածել Twitter-ով