Նախորդ տարվա աճը կապված էր Ուկրաինայում ընթացող պատերազմի եւ աֆղանցի փախստականների թվի վերանայված գնահատականի հետ։ Դրանց հաջորդող հակամարտությունները, հատկապես Սուդանում, վեր մղեցին այդ թիվը՝ հասցնելով 100 միլիոնի։
Ուկրաինայի լայնամասշտաբ պատերազմն ուղեկցվելով այլ երկրներում ընթացող հակամարտություններով եւ կլիմայի փոփոխությամբ պայմանավորված ցնցումներով՝ հանգեցրեց անցած տարի իրենց տներից արմատախիլ արված մարդկանց թվի աճին, որն ավելի մեծացրեց տեղահանության պատճառների մեղմման ու ազդեցությանն ուղղված անհետաձգելի եւ հավաքական գործողության հրատապությունը, այսօր հայտարարել է ՄԱԿ-ի Փախստականների գործակալությունը (ՄԱԿ ՓԳՀ)։
ՄԱԿ ՓԳՀ «Հարկադիր տեղահանության գլոբալ միտումներ, 2022 թվական» վերտառությամբ ամենամյա առաջնակարգ զեկույցի տվյալներով՝ պատերազմների, հետապնդումների, բռնությունների եւ մարդու իրավունքների խախտումների հետեւանքով տեղահանված մարդկանց թիվը 2022 թվականի վերջին հասել է ռեկորդային 108.4 միլիոնի՝ շուրջ 19.1 միլիոնով գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը, որը երբեւէ արձանագրված ամենամեծ աճն է։
Հարկադիր տեղահանության համաշխարհային սրընթաց վերելքը դանդաղման որեւէ միտում չի ցուցաբերել նաեւ 2023 թվականին, որը պայմանավորված է Սուդանում բռնկված հակամարտությամբ՝ հանգեցնելով մարդկային նոր հոսքերի եւ մայիսին գլոբալ ցուցանիշը վեր մղելով 110 միլիոնի։
«Այս տվյալները վկայում են, որ ոմանք չափազանց արագ են ներգրավվում նոր հակամարտություններում, սակայն խիստ դանդաղում են լուծումներ գտնելու հարցում։ Այս ամենի հետեւանքներն են ավերածությունները, տեղահանությունը եւ տներից հարկադրաբար դուրս հանված միլիոնավոր մարդկանցից յուրաքանչյուրի կրած տառապանքը», – ասել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին:
Ընդհանուր թվի 35.3 միլիոնը փախստականներ են. մարդիկ, ովքեր միջազգային սահմանը հատել են անվտանգության նկատառումներով, սակայն մեծամասնությունը՝ 58 տոկոսը կամ 62.5 միլիոնը հակամարտության եւ բռնության հետեւանքով տեղահանության են ենթարկվել իրենց իսկ հայրենիքում։
2022 թվականին տեղահանության գլխավոր դրդապատճառը Ուկրաինայի պատերազմն էր։ Երկրից փախստականների թիվը 2021 թվականի վերջի 27,300-ից 2023-ի վերջին հասավ 5.7 միլիոնի, որը փախստականների՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից ցայսօր գրանցված ամենամեծ հոսքն է։
Աֆղանստանից փախստականների թվի գնահատականները շատ ավելի բարձր էին մինչեւ 2022 թվականի վերջը՝ Իրանում ընդունված աֆղանցիների թվի վերանայված գնահատականների պատճառով, որոնցից շատերը ժամանել էին նախորդ տարիներին: Զեկույցում արտացոլված են նաեւ Կոլումբիայում եւ Պերուում վենեսուելացիների թվի փոփոխությունները, որոնք հիմնականում դասակարգված են որպես այդ երկրներում հյուրընկալված՝ «միջազգային պաշտպանության կարիք ունեցող այլ անձինք»։
Այս տվյալները նաեւ փաստում են, որ անկախ տնտեսական միջոցների կամ բնակչության հարաբերակցության գնահատականից, տեղահանված մարդկանց մեծամասնությանը, միեւնույն է, ավելի շատ ընդունում են ցածր եւ միջին եկամուտ ունեցող, այլ ոչ թե հարուստ պետությունները։ Ամենաքիչ զարգացած 46 երկրներին բաժին ընկնող համաշխարհային համախառն ներքին արդյունքը 1,3 տոկոսից էլ պակաս է, եւ, չնայած դրան, նրանք ընդունել են բոլոր փախստականների ավելի քան 20 տոկոսին:
Պահանջների աստիճանական ծավալմանը զուգընթաց՝ տեղահանության տարբեր իրավիճակների եւ առաջնային կարիքների բավարարման նպատակով ընդունող ընտանիքներին հատկացվող ֆինանսավորումը 2023 թվականին շարունակում է ցածր մակարդակի վրա մնալ։
«Աշխարհի տարբեր երկրներում մարդիկ շարունակում են մեծ հյուրընկալություն ցուցաբերել փախստականների նկատմամբ՝ նեցուկ դառնալով եւ սատարելով կարիքի մեջ գտնվողներին», – հավելեց Գրանդին, «այդուհանդերձ, է՛լ ավելի շատ միջազգային աջակցություն եւ պատասխանատվության ավելի արդարացի բաշխում է անհրաժեշտ, մանավանդ այն երկրների պարագայում, որոնք տեղահանվածների ամենամեծ խմբերին են ընդունում»։
«Սակայն, ի լրումն այս ամենի, պետք է ավելին անել հակամարտություններին վերջ դնելու եւ խոչընդոտները վերացնելու համար, որպեսզի փախստականներն իրենց տները կամավոր, անվտանգ ու արժանապատիվ կերպով վերադառնալու իրական հնարավորություն ունենան»։
Չնայած տեղահանության ընդհանուր թվի աճին, Գլոբալ միտումների զեկույցի համաձայն՝ հարկադիր փախուստի դիմածներն աքսորի չեն դատապարտված, այլ կարող են եւ իրապես վերադառնում են տուն՝ կամավոր եւ անվտանգ կերպով։ 2022 թվականին ավելի քան 339,000 փախստական է վերադարձել 38 երկիր, ու թեպետ սա նախորդ տարվա ցուցանիշից ցածր է, այդուհանդերձ, զգալի թվով մարդ է կամավոր Հարավային Սուդան, Սիրիա, Կամերուն եւ Կոտ դը Իվուար վերադարձել։ Միեւնույն ժամանակ, 2022 թվականին 5.9 միլիոն ներքին տեղահանված մարդ է տուն վերադարձել, մասնավորապես Եթովպիայում, Մյանմարում, Սիրիայում, Մոզամբիկում եւ Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունում։
Նախորդ տարի աշխարհում ավելի քան 4.4 միլիոն մարդ զրկված է եղել քաղաքացիությունից, որը 2 տոկոսով ավել է 2021 թվականի վերջում գրանցված ցուցանիշից։
Գլոբալ միտումների զեկույցի պատրաստումը մեկնարկել է Փախստականների համաշխարհային ֆորումից վեց ամիս առաջ, որը Ժնեւում գումարվող բարձր մակարդակի միջոցառում է, ուր հավաքվում են ոլորտի խոշորագույն դերակատարները՝ հարկադիր փախուստի դիմածների եւ նրանց ընդունողների համար լուծումներ որոնելու եւ համերաշխություն հայտնելու վեհ նպատակով։
Տարածել Facebook-ով Տարածել Twitter-ով