2022 թ. հուլիսի 6-ին ստորագրված համաձայնագիրն ուղղված է ապաստան հայցողների եւ փախստականների համար առավել որակյալ եւ հասանելի իրավաբանական օգնության ապահովմանը։
ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը և Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների գործակալության (ՄԱԿ ՓԳՀ) ղեկավար Աննա-Կարին Օստը բազմամյա համագործակցության համաձայնագիր ստորագրեցին՝ սկիզբ դնելով մի նախագծի, որի նպատակն է ՄԱԿ ՓԳՀ-ի մասնագիտական և տեխնիկական աջակցության միջոցով բարելավել ապաստան հայցողներին և փախստականներին տրամադրվող անվճար իրավաբանական օգնության հասանելիությունը և որակը։
Համաձայնագրի ստորագրման պաշտոնական արարողության ժամանակ ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ պարոն Սիմոն Բաբայանը կարևորեց երկու կառույցների միջև առավել ամրապնդված համագործակությունը՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության համար անհրաժեշտ մեխանիզմների բարելավման համատեքստում։
Շեշտելով իրավաբանական օգնությունը որպես որակյալ ապաստանի համակարգի ապահովման համար կարևորագույն գործոն, ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցիչ Աննա-Կարին Օստն իր ելույթի խոսքում բարձր գնահատեց նախագահի և նրա թիմի ջանքերը՝ ուղղված ապաստան հայցողների և փախստականների համար միջազգային չափանիշներին համապատասխան իրավաբանական ծառայությունների մատուցմանը։
Նախագիծը, որը կիրականցվի Եվրոպական միության կողմից համաֆինանսավորվող «Միգրացիայի կառավարման կարողությունների հզորացում՝ ի աջակցություն Կառավարության՝ CEPA-ին համահունչ բարեփոխումների օրակարգի» ծրագրի շրջանակում, մասնավորապես ուղղված կլինի ՀՀ Փաստաբաների պալատի Հանրային պաշտպանի գրասենյակի կարողությունների հզորացմանը, անվճար իրավաբանական օգնության վերաբերյալ ապաստան հայցողների իրազեկվածության բարձրացմանը, ինչպես նաև համապատասխան կառույցների միջև համակարգված գործունեության և ուղղորդումների գործընթացի բարելավմանը։
Տարածել Facebook-ով Տարածել Twitter-ով