Սիլվան (55), Լենան (54), և Անին (48) ապրում էին երջանիկ կյանքով վարպետի ընտանիքում Սիրիայի Հալեպի Նոր գյուղ թաղամասում: Լենան լավագույն դերձակն էր, Սիլվան գործում էր սվիտերներ և ժակետներ, իսկ Անին անփոխարինելի էր ասեղնագործության մեջ:
Քույրերը կորցրել էին հորը պատերազմից առաջ, և փորձում էին համակերպվել այն մտքի հետ, որ դա իրենց կյանքի ամենատխուր ժամանակն է եղել, որ ստիպված էին հաղթահարել: Շուտով սակայն, նրանք ստիպված եղան ավելի մեծ աղետի՝ պատերազմի հետ բախվել իրենց կյանքում: 2014-ի նոյեմբերյան մի օր վերադառնալով աշխատանքից՝ նրանք չգտան իրենց տունը, որտեղ ապրում էին: Այն, ինչ նրանք տեսան՝ հրետանային ռմբակոծության արդյունքում ավերակներն էին: Փոքր ճամպրուկի մեջ հավաքելով այն ինչ մնացել էր քույրերը ճամփա ընկան դեպի նախնիների երկիր՝ Հայաստան:
«Մենք 35 տարի շարունակ ջանասիրաբար աշխատել ենք՝ խնայելով որոշակի գումար, քանի որ մեզ ոչ ոք չէր աջակցում», – ասում է Լենան՝ փորձելով թաքցնել իր հուզմունքը: Ով կմտածեր, որ մենք միայնակ կմնանք անհայտ ապագայով, առանց տան և եկամուտի», – ավելացնում է Անին, ում նույնպես չի հաջողվում թաքցնել իր զգացածը: «Ամբողջ կյանքում երազել ենք Հայաստան գալու մասին, մեր նախնիների հայրենիքը, որ շատ մոտ ու հեռու էր, ծանոթ և անծանոթ միևնույն ժամանակ: Ճակատագրի բերումով մենք եկանք Հայաստան ոչ թե վայելելու տեսարժան վայրերը և մարդկանց, այլ ստանալու իր աջակցությունը», – ասում է Սիլվան:
Հայաստանի կառավարությունն ընդունեց այս քույրերին, ինչպես նաև նրանց նման հազարավոր տեղահանված ընտանիքների՝ աջակցություն առաջարկելով նրանց ապրելու համար: ՄԱԿ ՓԳՀ-ն և իր գործընկերները, Առաքելություն Հայաստանը, ԿԱԶԱ Շվեյցարական մարդասիրական հիմնադրամը և այլ կազմակերպություններ շարունակում են աջակցել նրանց՝ արձագանքելով արտակարգ իրավիճակում հայտնված մարդկանց, իրականացնելով մասնագիտական վերապատրաստումներ և եկամուտ ապահովող նախագծեր:
«Հայաստանյան Կարմիր Խաչից ստացած կարի մեքենան մեր միակ հույսն է: Մենք ստիպված ենք աշխատել ավելի քան երբևէ մեր ապրուստը վաստակելու համար: Մենք այլ ճանապարհ չունեինք, քանի որ այն փոքր խնայողությունները, որ մեզ հետ էինք բերել, լույսի արագությամբ սպառվում են: Այն, ինչ պետք է անենք, կրկին նոր կյանք սկսելն է», – ասաց փոքր քույր Անին և ժպտում՝ հույսն աչքերում: Հայաստանում գործող ՄԱԿ ՓԳՀ վարձակալության սուբսիդավորման ծրագրի աջակցությամբ քույրերն ապրում են Երևանի ծայրամասում գտնվող մեկ սենյականոց բնակարանում, վախն իրենց սրտում, որ մոտ ապագայում դա էլ, հնարավոր է չկարողանան: «Մենք հավատում ենք մեր հմտություններին, և լավատեսությանը, որը մեզ կօգնի հաղթահարել բոլոր դժվարությունները: Այս սոցիալական խնդիրները չնչին են թվում՝ համեմատած այն դժվարությունների հետ, որոնց միջոցով անցանք Սիրիայից Հայաստան տեղափոխվելու ժամանակ», – ասում է Անին: «Ամենակարևորն այն անվտանգությունն ու խաղաղությունն է, որը մենք վայելում ենք Հայաստանում, ջերմ հարևանները և մեր օր օրի աճող նոր կապերը »,– ավելացնում է ավագ քույրը՝ Սիլվան: Քույրերը չեն մոռանում Հալեպում իրենց կյանքը՝ պատմելով այնտեղ իրենց աշխատանքի, հետաքրքրությունների և ընկերության մասին:
Ամենաջերմ հիշողությունները կապված են եկեղեցու երգչախմբում ավելի քան 40 տարի երգելու հետ: «Սա այն է, ինչ մենք խորապես կարոտում ենք: Ես երազումս տեսնում եմ երգչախումբը և եկեղեցին: Եվ մենք այլևս երբեք իրականում չենք տեսնի մեր սիրելի եկեղեցին նորից… քանի որ այն նույնպես ավիրվել է», – ասում է Լենան արցունքներն աչքերում: Սիլվան հանգստացնում է նրան. «Մենք շնորհակալ և երջանիկ ենք մեր քիչ ունեցածի համար և որ այստեղ ենք: Բայց իրականում մենք մի կերպ ենք պահում մեր արցունքները՝ նույնիսկ երբ ժպտում ենք»: «Հիշողությունները երբեմն մեզնից ուժեղ են», – միաձայն ասում են քույրերը և նայում միմյանց:
Շուրջ 14 հազար սիրիահայեր՝ տեղահանվելով Սիրիայի հակամարտության պատճառով, պաշտպանություն են գտել Հայաստանում։ Ամեն շաբաթ Հայաստան են գալիս նորեկներ, ովքեր ավելի վատթար պայմաններում են հայտնվել Սիրիայում: Ընտանիքները վայելում են Կառավարության, հասարակության և սփյուռքի աջակցությունը և սովորական մարդկանց ջերմ վերաբերմունքը: ՄԱԿ ՓԳՀ և իր գործընկերները մեծ դեր են խաղում՝ առաջարկելով աջակցություն տեղահանված ընտանիքներին, ովքեր օգնություն են փնտրում Հայաստանում: Այնուամենայնիվ, նրանք դեռ մեծ դժվարությունների են հանդիպում. Շատ դժվար է գտնել մատչելի բնակարան, բավարար ֆինանսական հնարավորություններ իրենց կենսական կարիքները հոգալու համար և ադապտացվելու նոր շրջապատող միջավայրին:
Տարածել Facebook-ով Տարածել Twitter-ով