ՄԱԿ ՓԳՀ-ն՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությունը, ողջունում է այսօր Փարիզյան հանդիպման ժամանակ միգրացիայի և ապաստանի շուրջ ստանձնած պարտավորությունները:
Ինձ հուսադրում է գործողությունների համապարփակ ծրագրի հայտարարումը, ծրագիրը, որը կնպաստի խառը միգրացիայի բարդ խնդիրներին երկարաժամկետ լուծումներ տալուն և կօգնի պատճառների հաղթահարմանը՝ ծագման և տարանցման երկրների հետ սերտ համագործակցությամբ և միջազգային իրավունքին համապատասխան:
ՄԱԿ ՓԳՀ-ի փորձը ցույց է տալիս, որ միջոցառումները, որոնք ուղղված են սոսկ ժամանումների թվի սահմանափակմանը, չեն լուծում հարկադիր միգրացիայի խնդիրը: Ցանկացած իմաստալից մոտեցում պետք է ընդգրկի մի շարք ուժեղ և վճռական գործողություններ՝ տևական խաղաղություն ապահովելու հակամարտության գոտիներում, ինչպես նաև սոցիալական և տնտեսական զարգացում՝ ծագման երկրներում:
Ինձ ուրախացնում է ծովում և անապատում վտանգի մեջ գտնվողներին փրկելու ջանքերին աջակցելու նորացված հանձնառությունը: Կյանք փրկելը պետք է մնա արձագանքման գործողությունների առանցքում՝ մաքսանենգների դեմ վճռական գործողությունների հետ մեկտեղ:
Տարագրության ճանապարհներին գտնվողներից շատերը պատերազմից կամ հալածանքներից փախչող մարդիկ են: Ես ողջունում եմ մի քանի պետությունների կողմից այսօրվա հաստատումը, որ նրանց անհրաժեշտ է ապահովել միջազգային պաշտպանությամբ:
Ապաստանի և տարանցման բոլոր երկրներում ապաստանի հասանելիությունը և ամրապնդումը հիմնարար նշանակություն ունի: Լիբիայում քաղաքական կայունությունն ու անվտանգությունը հատկապես կարևոր են ափ դուրս եկած հազարավոր փախստականների և միգրանտների պատշաճ մուտքի հնարավորություն տալու համար: Նրանց մեծ մասի իրավունքներն այժմ կոպտորեն ոտնահարվում են և նրանց կենսապայմաններն անընդունելի են:
Միջերկրական ծովի ճանապարհով բոլոր տարածաշրջաններից ժամանած՝ միջազգային պաշտպանության կարիք ունեցող մարդկանց համար վերաբնակեցման ավելի լայն հնարավորությունների ապահովման և Իտալիայից և Հունաստանից ԵՄ-ում տեղափոխման գործընթացն արագացնելու խոստումը ավելի քան ողջունելի է: Անհրաժեշտ են նաեւ լրացուցիչ ուղիներ, ներառյալ ընտանիքի վերամիավորման դյուրացումը: Դրանք բոլորը դրական քայլեր են, որոնք պետք է անհապաղ իրականացվեն և ընդլայնվեն:
Տարածել Facebook-ով Տարածել Twitter-ով