1.2 մլն ստորագրությամբ խորհրդանշական #WithRefugees (#ՓախստականներիԿողքին) խնդրագիրը պաշտոնապես հանձնել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին և Գլխավոր Ասամբլեայի 71-րդ նստաշրջանի նախագահ Փիթեր Թոմսոնին: Հանձնման արարողությունը տեղի է ունեցել Փախստականների ու միգրանտների հարցերով գագաթաժողովի նախօրեին, որը մեկնարկել է սեպտեմբերի 19-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակում: Հիշեցնենք, որ #WithRefugees հեշթեգով խնդրագրի ստորագրումը մեկնարկել էր այս տարվա հունիսին ՄԱԿ- ի փախստակաների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի նախաձեռնությամբ:
#WithRefugees (#ՓախստականներիԿողքին) հեշթեգով քարոզարշավի խնդրագիրը կոչված է աշխարհին հասցնել այն բոլոր մարդկանց ձայները, ովքեր օգնության կարիք ունեն, ինչպես նաև ցույց տալ, որ միջազգային հանրությունը փախստականների կողքին է: Այն կոչ է անում միջազգային հանրությանը մոբիլիզացնել աջակցությունը այն մարդկանց նկատմամբ, որոնք ստիպված են եղել լքել իրենց տները, որպեսզի պատսպարվեն հակամարտություններից ու հետապնդումներից: Այդ մարդիկ հաճախ բախվում են ազգայնական հռետորաբանության, կացարան փնտրելու ճանապարհին իրավունքների լուրջ սահմանափակման: Խնդրագիրը կոչ է անում 193 պետություններին ապահովել փախստական երեխաների համար կրթություն ստանալու, ինչպես նաեւ բոլոր փախստականներին աշխատելու, անվտանգության մեջ ապրելու հնարավորությունները:
Այսօր աշխարհում հաշվվում է 244 մլն միգրանտ և 65 մլն տեղահանված անձ:
«Մենք չենք կարող թույլ տալ, որ անմեղ մարդիկ մատնվեն անտարբերության: Մենք չենք կարող անտարբերության մեջ թողնել ընտանինքերի ողբերգությունը: Մենք կանգնած ենք փախստականների կողքին», – ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն՝ ավելացնելով, որ ինքը ստիպված է եղել հեռանալ տանից, երբ ընդամենը վեց տարեկան էր:
Նա ընդգծել է, որ պատերազմից հալածված ու իրենց բնակավայրերից տեղահանված մարդկանց օգնելու կամքն ու ցանկությունը մոբիլիզացրել է հազարավոր մարդկանց, նրանց օգնելու համար ձևավորել գլոբալ համերաշխություն:
«Մենք ապրում ենք հակամարտությունների սրման ու լուրջ ցնցումների ժամանակաշրջանում, ինչն ստիպում է ավելի մեծ թվով մարդկանց լքել իրենց տունն ու փրկություն փնտրել փախուստի մեջ: Սա մեր ժամանակի լուրջ մարտահրավերներից է»,- ասել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին:
Նա նշել է, որ Եվրոպան դրամատիկ տեսարանների ու պատմությունների ականատեսն ու ականջալուրն է դառնում: Հազարավոր մարդիկ կտրում-անցնում են Միջերկրական ծովը՝ փնտրելով անվտանգություն: Հազարավոր մարդիկ մահանում են ապաստանի որոնման ճանապարհին:
Ֆիլիպո Գրանդին ընդգծել է, որ խնդիրը վերաբերում է բոլորին, այն լուծելու համար անհրաժեշտ է փոխըմբռնում, կարեկցանք ու քաղաքական կամք: Այսօր Ֆիլիպո Գրանդին խնդրագրում ներառված կոչերը կհնչեցնի Փախստականների ու միգրանտների հարցերով գագաթաժողովի ընթացքում:
Նշենք, որ խնդրագրի ներքո իրենց ստորագրությունն են դրել այնպիսի հայտնիներ, ինչպիսիք են ավստրալացի հայտնի դերասանուհի Քեյթ Բլանշետը, ով նաև ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան է, Հալեդ Հոսեյն, ով բեսթսելլեր ճանաչված «Քամու ետևից վազողը» գրքի հեղինակ է, սուպերմոդել, նախկին փասխտական Ալեկ Վեկը, դերասաններ Մարգո Ռոբինը, Բեն Սթիլերը, Հելեն Միրրենը և այլք:
Տարածել Facebook-ով Տարածել Twitter-ով