Մարտի 9-ին Արդարադատության ակադեմիայում տեղի ունեցավ Արդարադատության ակադեմիայի և ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) հայաստանյան ներկայացուցչության միջև համագործակցության վերաբերյալ Փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությունը: Հուշագիրը ստորագրել են ՄԱԿ ՓԳՀ-ի Ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերվիրթը և Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը: Միջոցառմանը մասնակցում էին Կառավարության, քաղաքացիական հասարակության, տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Կարևորելով երկկողմ համագործակցությունը՝ Ակադեմիայի ռեկտորն իր ելույթում մասնավորապես նշեց. <<Ակադեմիան և ՄԱԿ ՓԳՀ-ն ցանկանում են համատեղ աշխատել՝ Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցողների, փախստականների, քաղաքացիություն չունեցող անձանց պաշտպանության հարցում դատական մարմինների դերակատարումն ամրապնդելու ուղղությամբ, մասնավորապես՝ դատավորների, դատախազների, քննիչների վերապատրաստման դասընթացների կազմակերպման միջոցով: Ակադեմիայում նախատեսվում է վերը նշված թեմաներով մշակել և ներդնել վերապատրաստման հեռաուսուցման և առկա ուսուցման ծրագրեր>>:
ՄԱԿ ՓԳՀ-ի Ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերվիրթը իր հերթին նշեց. <<Բարձր եմ գնահատում Հայաստանում ապաստանի համակարգի զարգացման գործում առկա առաջընթացը և այն դերը, որը Հայաստանը կատարում է Սիրիայի հակամարտության հետևանքով տեղահանված անձանց պաշտպանություն տրամադրելու գործում: Նա նշեց. «Քանի որ ապաստանի հիմնական ինստիտուտների հիմնադրման գործընթացը մոտեցել է ավարտին, կարողությունների զարգացման, վերապատրաստման և տեխնիկական աջակցության մեր ջանքերն այժմ ուղղվում են կարողությունների հարմարեցմանը փոփոխվող կարիքներին և որոշումների կայացման գործընթացի որակի հետագա բարելավմանը»:
Պարոն Բիրվիրթը շեշտադրեց դատական համակարգի կարևոր դերակատարությունը փախստականների պաշտպանության, փախստականների, այլ տեղահանված և քաղաքացիություն չունեցող անձանց իրավունքների պաշտպանության բնագավառում պետությունների կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների իրականացումը ապահովելու գործում: Նա նշեց, որ դատական համակարգի դերը ընդգրկում է իրավունքի և խնդիրների մի շարք բնագավառներ, ներառյալ առաջին ատյանում կարգավիճակի վերաբերյալ որոշումների վերանայումը, որոշակի հանգամանքներում ապօրինի սահմանահատման համար փախստականներին պատժի չենթարկելու սկզբունքի պահպանումը, փաստաթղթավորման և սոցիալական ծառայությունների հասանելիության ապահովումը: Նա իր ելույթն ավարտեց՝ նշելով. «Արդարադատության ակադեմիայի և ՄԱԿ ՓԳՀ-ի միջև Փոխըմբռնման հուշագրի ստորագրումը կարևոր քայլ է փախստականների պաշտպանության Հայաստանի համակարգի հետագա ամրապնդման ուղղությամբ, քանի որ այն կհամակարգի մեր համագործակցությունը և կհզորացնի զսպումների և հակակշիռների գործառույթն իրականացնելու դատարանների կարողությունները»:
Տեղեկացնենք, որ հուշագրի հիմքը հանդիսանում է «Ապաստանի համակարգերի որակի նախաձեռնություն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում» 2015-2017թթ. տարածաշրջանային ծրագիրը, որի նպատակն է բարելավել տարածաշրջանում ապաստանի տարածքը և փախստականներին ու ապաստան հայցողներին պաշտպանության տրամադրման մեթոդները: Առանձնահատուկ ուշադրություն դարձնելով միջազգային չափանիշներին համապատասխան փախստականի կարգավիճակի տրամադրման ընթացակարգերին՝ ծրագիրը կօգնի վերհանել և վերացնել տարբեր մակարդակներում առկա խնդիրները, ներառյալ դատական համակարգում, որը կարևոր երաշխիք է ապաստանի հարցերով զբաղվող լիազոր մարմինների կողմից որոշումների կայացման որակն ապահովելու հարցում:
Արդարադատության ակադեմիայի և ՄԱԿ ՓԳՀ-ի միջև կնքված փոխըմբռնման հուշագիրը խորհրդանշում է փախստականների, ապաստան հայցողների, այլ տեղահանված բնակչության և քաղաքացիություն չունեցող անձանց պաշտպանության ուժեղացմանն ուղղված համատեղ ջանքերը՝ փորձագիտական հմտություններն ու գիտելիքները համախմբելու, ամրապնդված համագործակցությունն ու համակարգումը միավորելու և փոխգործակցության հնարավորություններն օգտագործելու միջոցով: Նախատեսվում է Արդարադատության ակադեմիայի 2016-2017թթ. ուսումնական ծրագրում ներառել փախստականների և քաղաքացիություն չունեցող անձանց առնչվող միջազգային և ներպետական իրավունքի վերաբերյալ դասընթացներ:
Տարածել Facebook-ով Տարածել Twitter-ով