Ապաքաղաքացիությանը վերջ դնելուն ուղղված քարոզարշավի 2-րդ տարին է լրանում՝ առաջընթացն առկա է՝ մարտահրավերներն առջևում
Ամբողջ աշխարհում ապաքաղաքացիությունը վերացնելու հարցում մեծ առաջընթաց է գրանցվել, սակայն շարունակական հակամարտությունները սպառնալիք են հանդիսանում արձանագրված առաջխաղացման համար: Հիշատակելով ապաքաղաքացիությանը վերջ դնելուն միտված #IBelong (Ես պատկանում եմ) քարոզարշավի 2-րդ տարելիցը, Միավորված ազգերի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար պն. Ֆիլիպո Գրանդին ևս մեկ անգամ կոչ արեց միջազգային հանրությանը համատեղ ջանքերով պայքարելու այդ երևույթի դեմ և վերջ դնելու ապաքաղաքացիությանը, ինչը մարդու իրավունքների լուրջ խախտում է, և որի զոհն է դարձել աշխարհում առնվազն 10 մլն. մարդ:
2014 թ.-ից ի վեր, երբ մեկնարկեց #IBelong (Ես պատկանում եմ) քարոզարշավը նպատակ ունենալով վերջ դնել ապաքաղաքացիությանը մինչ 2024թ.-ը, ևս 10 պետություն միացան ՄԱԿ-ի ապաքաղաքացիության վերաբերյալ կոնվենցիաներին, որոնք ապաքաղաքացիությունը կանխելու և նվազեցնելու միջոցներ են սահմանում: Հարկ է նաև նշել, որ որոշ երկրներ, ինչպիսիք են Կոտ դ՛Իվուարը, Ղրղզստանը, Մալայզիան և Թաիլանդը, մեծ առաջընթաց են գրանցել իրենց երկրների տարածքներում քաղաքացիություն չունեցող անձանց թիվը կրճատելու հարցում, օր.՝ Թաիլանդը վերջին երեք ու կես տարիների ընթացքում Թաիլանդի քաղաքացիություն է շնորհել մոտ 23,000 քաղաքացիություն չունեցող անձանց:
Քենիայի կառավարությունը վերջերս խոստացել է փոքրամասնություն կազմող Մակոնդե էթնիկ խմբին պատկանող ծագումով մոզամբիկցի շուրջ 6,000 անձի քաղաքացիություն շնորհել: Նրանց մեծամասնությունը Քենիայում է բնակվում պետության անկախության ճանաչումից դեռևս կես դար առաջ:
Ժնևի ՄԱԿ ՓԳՀ գլխամասային գրասենյակում տեղի ունեցող այսօրվա միջոցառման ընթացքում Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը ընդգծեց նաև հակամարտությունների տարածման և ապաքաղաքացիության ռիսկի միջև առկա կապը` մասնավորապես երեխաների համար: «Փնտրելով լուծումներ. ապաքաղաքացիությունը Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում» ՄԱԿ ՓԳՀ զեկույցը շեշտում է, որ ապաքաղաքացիության վտանգը հատկապես սպառնում է սիրիացի երեխաներին: Ըստ Սիրրիայում գործող օրենքի կանանց արգելվում է իրենց քաղաքացիությունը փոխանցել երեխաներին, և քանի որ Սիրիայից փախստական ընտանիքների մեկ քառորդում հայրը բացակայում է, պատերազմի հետևանքով տեղահանման ընթացքում ծնված մոտ 300,000 երեխայի ապաքաղաքացիության վտանգ է սպառնում: ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը նշեց նաև, որ ապաքաղաքացիության հետևանքները չափազանց ծանր են հատկապես երեխաների համար, – «Այն բառը, որն ամենից հաճախ է օգտագործվում նկարագրելու, թե ինչ է նշանակում լինել առանց քաղաքացիության անձ, անտեսանելին է», – ասաց պն. Գրանդին: Վերջինս նաև ավելացրեց, – «Քաղաքացիություն չունեցող երեխաների և երիտասարդների համար անտեսանելի լինելը կարող է նշանակել զրկվել կրթություն ստանալու հնարավորությունից, խաղահրապարակում լինել մեկուսացված, անտեսվել առողջապահական ծառայություններ տրամադրողների, գործատուների կողմից, կամ լռեցվել, եթե նրանք հարցականի տակ են դնում ստատուս քվոն»:
Գալիք տարի #IBelong (Ես պատկանում եմ) քարոզարշավի գործունեության առանցքային քայլերից մեկն է լինելու քաջալերել երկրներին, որպեսզի վերջիններս իրենց ազգային օրենքներից վերացնեն բոլոր տեսակի խտրականությունները, այդ թվում գենդերային, ապագայում նման իրավիճակները կանխարգելելու նպատակով:
Տարածել Facebook-ով Տարածել Twitter-ով