Ըստ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) գրասենյակի հրապարակած զեկույցի հակամարտությունները և հալածանքները, որոնք համաշխարհային բռնի տեղահանման պատճառ են դարձել, սրվեցին 2015թ.-ին հասնելով երբևէ արձանագրված ամենաբարձր մակարդակին և պատճառելով մարդկային հսկայական տառապանքներ:
Ըստ ՄԱԿ ՓԳՀ-ի «Համաշխարհային միտումներ» տարեկան զեկույցի, որը հետևում է բռնի տեղահանմանը ամբողջ աշխարհում կառավարությունների տրամադրած տվյալների հիման վրա, «Ներքին տեղահանման մոնիտորինգի կենտրոնի» գործընկերների և կազմակերպության սեփական հաշվետվությունների 2015թ. տարեվերջի դրությամբ 65.3 մլն. անձ է տեղահանվել համեմատած դեռ տասներկու ամիս առաջ արձանագրված 59.5 միլիոնի: Աառաջին անգամն է, որ այս թիվը հատում է 60 մլն. շեմը:
Ընդհանուր 65.3 միլիոնից 3.2 միլիոնը զարգացած արդյունաբերական երկրներից են, ովքեր 2015թ. տարեվերջյան տվյալներով սպասում էին ապաստան ստանալու որոշմանը (ամենամեծ ընդհանուր թիվը, որ արձանագրել է ՄԱԿ ՓԳՀ-ն), 21.3 միլիոնը փախստականներ են ամբողջ աշխարհում (ավելի քան 1.8 մլն. 2014թ.-ին և դեռ վաղ 1990 –ականներից ի վեր փախստականների ամենաբարձր ցուցանիշը) և 40.8 մլն. այն անձինք են, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տները, սակայն մնացել են իրենց երկրի սահմաններում (2.6 միլիոնի աճ 2014թ.-ից վեր և արձանագրված ամենաբարձր թիվը):
Երկրի 7.349 միլիարդ բնակչության պարագայում այս թվերը նշանակում են, որ աշխարհում յուրաքանչյուր 113 մարդուց մեկը կամ ապաստան հայցող է կամ ներքին տեղահանված կամ էլ փախստական. մի մակարդակ, որը ՄԱԿ ՓԳՀ-ն նախադեպ է ճանաչում: Ի վերջո, այսօր բռնի տեղահանության ենթարկված անձանց թիվը գերազանցում է Միացյալ թագավորության, Ֆրանսիայի կամ Իտալիայի բնակչության թվին1:
Բռնի տեղահանումը շատ շրջաններում սկսել է աճել դեռ 1990թթ. կեսերից, սակայն նախորդ հինգ տարիների ընթացքում աճի ցուցանիշը բարձրացել է: Պատճառները երեքն են. իրավիճակները, որոնք առաջացնում են փախստականների մեծ արտահոսքեր, ավելի տևական են դառնում (օրինակ` Սոմալիի կամ Աֆղանստանի հակամարտությունները արդեն համապատասխանաբար երրորդ և չորրորդ տասնամյակն են շարունակվում), նոր դրամատիկ կամ կրկին ծագող իրավիճակները հաճախակի բնույթ են կրում (այսօր ամենախոշորը Սիրիան է, սակայն նախորդ հինգ տարիների ընթացքում նաև Հարավային Սուդանը, Եմենը, Բուրունդին, Ուկրաինան, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը, և այլն) և այն ցուցանիշը, որով լուծումներ են գտնում փախստականների և ներքին տեղահանության ենթարկված անձանց համար Սառը պատերազմի ավարտից հետո նվազման միտում է ցուցաբերում: Տաս տարի առաջ` 2005թ. վերջին, ՄԱԿ ՓԳՀ-ն արձանագրել է, որ ամեն րոպե միջին հաշվով վեց մարդ է տեղահանվում: Այսօր այդ թիվը հասել է 24-ի` գրեթե հասուն մարդու շնչելու հաճախականության կրկնապատիկը: «Ավելի շատ մարդիկ են տեղահանվում պատերազմի և հալածանքների պատճառով, և սա ինքնին մտահոգիչ է, սակայն այն գործոնները, որոնք վտանգի են ենթարկում փախստակններին նույնպես բազմապատկվում են», – ասաց ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին: «Ամեն տարի ահռելի թվով փախստականներ են խեղդվում ծովում, ցամաքում մարդիկ փախչելով պատերազմից գտնում են, որ իրենց ճանապարհներին խոչընդոտում են փակ սահմանները: Որոշ երկրների քաղաքականությունն ուղղված է ընդդեմ ապաստան տրամադրելուն: Ինչպես փախստականների այնպես էլ համընդհանուր մարդկության շահերի համար ազգերի միասնական գործելու պատրաստակամությունն է, որ փորձության է ենթարկվում այսօր, և միասնության ոգին է, որ խստորեն պետք է գերակշռի»:
Երեք երկրներ, որոնք արտադրում են աշխարհի փախստականների կեսը…
«Համաշխարհային միտումներ» զեկույցում տեղ գտած երկրներից մի քանիսը առանձնանում են. Սիրիան 4.9 միլիոնով, Աֆղանստանը 2.7 միլիոնով և Սոմալին 1.1 միլիոնով կազմում են ամբողջ աշխարհում ՄԱԿ ՓԳՀ մանդատի տակ գտնվող փախստականների կեսը: Մինչդեռ Կոլումբիան 6.9 միլիոնով, Սիրիան 6.6 միլիոնով և Իրաքը 4.4 միլիոնով ունեն ամենաբարձր ցուցանիշը ներքին տեղահանության ենթարկված մարդկանց շրջանում: Եմենը 2015թ.-ին ամենամեծ ներքին տեղահանություն առաջացրած երկիրն է` 2.5 միլիոն մարդ կամ բնակչության 9 տոկոսը:
Փախստականների մեծամասնությունը ապաստանել է զարգացող երկրներում
Եվրոպայի ջանքերը վերահսկելու ավելի քան մեկ ու կես միլիոն փախստականների և միգրանտների, ովքեր ժամանել էին Միջերկրական ծովով, 2015թ.ին շատերի ուշադրության կենտրոնում էին, չնայած ըստ զեկույցի աշխարհի փախստականների գերակշիռ մեծամասնությունը մեկ այլ վայրում էր: Ի վերջո, 2015թ.-ին ՄԱԿ ՓԳՀ մանդատի տակ գտնվող փախստականների 86 տոկոսը ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում են` մոտ հակամարտության իրավիճակներին: Եթե ներառենք նաև ՄԱԿ ՓԳՀ քույր-կազմակերպության` ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալության (ՄԱՕԱԳ) պատասխանատվության տակ գտնվող պաղեստինցի փախստականներին, ապա այս թիվը հասնում է 90 տոկոսի և ավելի: Ամբողջ աշխարհում, Թուրքիան ամենամեծ հյուրընկալ երկիրն է եղել 2.5 միլիոն փախստականներ ընդունելով: Մինչդեռ Լիբանանը իր բնակչության համեմատ ընդունեց ավելի մեծ թվով փախստականներ քան որևէ այլ երկիր (183 փախստական յուրաքանչյուր 1,000 բնակչին): Համապատասխան իր տնտեսության չափին Կոնգոյի դեմոկրատական հանրապետությունը ընդունեց թվով ամենաշատ փախստականների (ըստ գնողունակության համարժեքության մեկ շնչին ընկնող Համախառն ներքին արդյունքի յուրանքչյուր մեկ դոլարին 471 փախստական):
Ապաստան հայցողների թիվն աճում է
Արդյունաբերական երկրների շրջանում 2015թ. նույնպես ռեկորդային տարի էր ապաստան ունենալու համար ներկայացրած նոր հայցերի առումով`երկու միլիոն հայց (ավելանալով տարեվերջի դրությամբ առկա 3.2 միլիոն դեռ չվճռված հայցերին): Գերմանիան ստացել է ավելի շատ ապաստան ստանալու հայցեր քան որևէ այլ երկիր (441,900 հայց)` արտացոլելով Միջերկրական ծովով Եվրոպա փախչած մարդկանց ընդունելու պատրաստակամություն: Միացյալ նահանգները ստացել են թվով երկրորդ ամենաշատ հայցերը (172,700). այս մարդկանցից շատերը փախչել են Կենտրոնական Ամերիկայում առկա ավազակախմբերի կողմից կատարվեղ բռնություններից: Մեծ թվով դիմումներ ստացել են նաև Շվեդիան (156,000) և Ռուսաստանը (152,500):
Աշխարհում փախստականների կեսը երեխաներ են
Ըստ այն տվյալների, որոնք ՄԱԿ ՓԳՀ-ն կարողացավ հավաքագրել (ժողովրդագրական տվյալներն ամբողջությամբ հասանելի չեն եղել զեկույցի հեղինակների համար) 2015թ.-ին երեխաները կազմել են ամբողջ աշխարհում փախստականների 51 տոկոսը: Մտահոգիչ է այն հանգամանքը, որ շատերին բաժանել էին իրենց ծնողներից կամ նրանք մենակ էին ճանապարհորդում: Ընդհանուր առմամբ եղել է 98,400 հայց ներկայացրած երեխաների կողմից, ովքեր եղել են առանց ուղեկցորդի կամ ընտանիքից առանձին. այս ցուցանիշն ամենաբարձրն է համարվում ՄԱԿ ՓԳՀ-ի պատմության մեջ, որը բռնի տեղահանման ողբերգական արտացոլումն է, ինչն իր ահռելի ազդեցություն է ունենում երիտասարդների կյանքի վրա:
Տուն վերադառնալն անհնարին է
Մինչդեռ համաշխարհային տեղահանությունը ամենաբարձր թիվը գրանցեց, իրենց տուն վերադառնալու կամ որևէ այլ լուծում (ինտեգրում գաղթի առաջին երկրում կամ վերաբնակեցում մեկ այլ վայրում) գտնել կարողացող մարդկանց թիվը նվազեց: 2015թ. 201,400 փախստականներ ի վիճակի եղան վերադառնալ իրենց ծագման երկրները (հիմնականում Աֆղանստան, Սուդան և Սոմալի): Սա ավելի բարձր ցուցանիշ էր համեմատած 2014թ.-ի ցուցանիշի հետ (126,800), սակայն բավականին ցածր ցուցանիշ համեմատած 1990-ականների հետ: 2015թ.-ին 30 երկրներ վերաբնակեցրին 107,100 փախստականների, ովքեր կազմում էին ՄԱԿ ՓԳՀ մանդատի տակ գտնվող փախստականների 0,66 տոկոսը (համեմատելով 2014թ.-ին 26 երկրների կողմից վերաբնակության ընդունած 105,200 փախստականների`կազմելով ՄԱԿ ՓԳՀ խնամքի տակ գտնվող փախստականների 0,73 տոկոսը): Մեկ տարվա մեջ առնվազն 32,000 փախստական քաղաքացիություն է ձեռք բերել – հաստատվելով Կանադայում, իսկ ավելի քիչ թվով փախստականներ Ֆրանսիայում, Բելգիայում, Ավստրիայում և այլուր:
2015թ. Միացյալ թագավորության բնակչությունը կազմել է 64.7 մլն., Ֆրանսիայինը` 64.4 մլն. և Իտալիայինը` 59.8 մլն. անձ1:
Տարածել Facebook-ով Տարածել Twitter-ով