2016 թ. դեկտեմբերի 29-ին Մարդու իրավունքների պաշտպան պրն. Արման Թաթոյանը և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հաձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ պրն. Քրիստոֆ Բիրվիրթն ստորագրեցին 2017 թվականին նախատեսվող «Հայաստանում փախստականների և ապաստան հայցողների իրավունքների պաշտպանության ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացում» խորագրով ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը: Կողմերի միջև ստորագրման արարողությունը տեղի ունեցավ ՄԱԿ-ի երևանյան գրասենյակում:
Հաշվի առնելով վերջին տարիների ընթացքում Հայաստանի առջև ծառացած փախստականների ընդունման հետ կապված զգալի մարտահրավերները՝ այս ծրագիրը նպատակ ունի ընդլայնել ՄԱԿ ՓԳՀ-ի և ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի միջև առավել վաղ հաստատված համագործակցությունը Հայաստանում տեղահանված բնակչության պաշտպանության հարցում:
Ծրագրով կարևորվում է Մարդու իրավունքների պաշտպանի և աշխատակազմի դերը ոչ միայն Հայաստանի քաղաքացիների՝ այլ նաև Հայաստանում պաշտպանություն հայցող տեղահանված բնակչության պաշտպանության հարցում: Համագործակցությունը, մասնավորապես, կիրականացվի հետևյալ ոլորտներում՝ ա) Հայաստանում ազատությունից զրկման վայրերում գտվող փախստականների և ապաստան հայցողների իրավունքների պաշտպանության իրավիճակի ուսումնասիրություն, բ) Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացում, գ) Պաշտպանի արտահերթ զեկույցի հրապարակում:
Ստորագրման արարողության ժամանակ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կարևորել է Հայաստանում փախստականների, ապաստան հայցողների և մտահոգության առարկա հանդիսացող այլ անձանց իրավունքների պաշտանությունը: Պաշտպանը բարձր է գնահատել այս ոլորտում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի դերը, ինչպես նաև երկու կառույցների միջև արդյունավետ համագործակցությունը: Իր խոսքում Արման Թաթոյանը կարևոր է համարել նաև ծրագրի ավարտին նախատեսվող արտահերթ հրապարակային զեկույցը, որով անդրադարձ է կատարվելու Հայաստանում փախստականների և ապաստան հայցողների իրավունքների պաշտպանության վերաբերյալ իրավիճակին: Զեկույցի միջոցով նախատեսվում է վեր հանել ոլորտում առկա խնդիրները և առաջարկություններ ներկայացնել համապատասխան պետական մարմիններին:
ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիրթը ողջունեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին, նշելով ծրագրի կարևորությունը համատեղ ջանքերի ընդլայնման և համակարգման հարցում: Պրն. Բիրվիրթն ընդգծեց Հայաստանի դերը փախստականների պաշպանության հարցում` հատկապես ուղղված նրանց, ովքեր ժամանում են Սիրիայից: Հայաստանն իր վրա է վերցրել փախստականների պաշտպանության բեռի զգալի մասը` չնայած նրա չափերին և բնակչության քանակին:
«Տեղահանման հետ կապված մարտահրավերների ծավալը, իրենց տները, իրերը և հաճախ հարազատներին կորցրած փախստականների տառապանքները պահանջում են, որպեսզի փախստականի ճակատագիրը պարզապես հանրային քննարկումների կամ քաղաքականության սուբյեկտ չդառնա, փոխարենը՝ այն պետք է բերի պրոֆեսիոնալ երկխոսության: Արդյունավետ և համակարգված կերպով մի շարք դերակատարների ներգրավումը, որը կներառի կառավարությանը, Մարդու իրավուքնների պաշտպանին, տեղական և միջազգային կազմակերպություններին, սփյուռքի և հավատի վրա հիմնված կառույցներին, ինչպես նաև այնպիսի միջազգային կազմակերպություններին, ինչպիսին ՄԱԿ ՓԳՀ–ն է, էական է դրական արդյունքների հասնելու համար»:
Ի լրումն վերոնշյալի՝ համատեղ ծրագիրը ենթադրում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցի հրապարակում, որի շնորհիվ հանրության ուշադրութունը կսևեռվի Հայաստանում տեղահանված անձանց իրավիճակի վրա: Դրա միջոցով նախատեսվում է վեր հանել ոլորտում առկա խնդիրները և անհրաժեշտության դեպքում իրականացնել օրենսդրական նախաձեռնություններ և ներկայացնել առաջարկություններ համապատասխան պետական մարմիններին:
Տարածել Facebook-ով Տարածել Twitter-ով