2017թ. դրությամբ հարկադիր տեղահանությունները հասել են 68 միլիոնի
Պատերազմները, բռնությունները և հետապնդումները աշխարհի տարբեր երկրներում, որոնք գլխավորում են Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ճգնաժամը, Հարավային Սուդանի պատերազմը, հարյուր հազարավոր ռոհինջյա փախստականների հոսքը Մյանմարից Բանգլադեշ, հինգերորդ տարին անընդմեջ 2017թ. դրությամբ հանգեցրել են հարկադիր տեղահանությունների նոր բարձր նիշի: Դեպքերի մեծամասնությունում ամենից շատ տուժողները զարգացող երկրներն են:
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գրասենյակի այսօր հրապարակված Գլոբալ տենդենցների տարեկան զեկույցի տվյալներով՝ 2017թ. վերջի դրությամբ տեղահանվել է 68.5 միլիոն մարդ: Նրանցից 16.2 միլիոնը տեղահանվել է հենց 2017թ. ընթացքում:
Փախստականները, ովքեր փախչել են իրենց երկրներից՝ խուսափելով հակամարտություններից և հետապնդումներից, 68.5 միլիոնի մեջ կազմել են 25.4 միլիոնը: Այս թիվը 2.9 միլիոնով ավել է, քան 2016 թ., նաև ՄԱԿ ՓԳՀ-ի կողմից մեկ տարում գրանցած ամենաբարձր աճն է: Ապաստան հայցողների թիվը, որոնք 2017թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ դեռևս սպասում էին փախստականի կարգավիճակի իրենց հայցերի վերաբերյալ որոշումներին, աճել է մոտ 300.000-ով՝ հասնելով 3.1 միլիոնի: Իրենց սեփական երկրում տեղահանված անձանց ընդհանուր թիվը կազմել է 40 միլիոն, մի փոքր ավելի քիչ, քան 2016թ. արձանագրված 40.3 միլիոնը:
Կարճ ասած, 2017թ. աշխարհը գրեթե նույնքան հարկադիր տեղահանված անձ է ունեցել, որքան Թայլանդի բնակչությունն է: Բոլոր երկրների կտրվածքով յուրաքանչյուր 110-ից մեկը տեղահանված անձ է:
«Մենք գտնվում ենք շրջադարձային փուլում, երբ համաշխարհային մակարդակով հարկադիր տեղահանությունների կառավարման հաջողությունը պահանջում է նոր և ավելի համապարփակ մոտեցում, այնպես որ երկրներն ու համայնքները միայնակ չառնչվեն այս խնդրի հետ», ասաց ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին: «Սակայն դեռ որոշակի հույսի հիմք կա: Տասնչորս երկիր նախաձեռնել է փախստականների իրավիճակին արձագանքելու նոր նախագիծ, և արդեն մի քանի ամիս հետո Փախստականների մասին նոր Գլոբալ համաձայնագիրը պատրաստ կլինի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունման համար: Այսօր՝ Փախստականների համաշխարհային օրվա նախօրեին, իմ ուղերձն եմ հղում անդամ պետություններին աջակցելու այս նախագծին: Ոչ ոք իր ընտրությամբ փախստական չի դառնում. բայց մնացածներս կարող ենք ընտրել, թե ինչպես օգնել նրանց»:
ՄԱԿ ՓԳՀ-ի Գլոբալ տենդենցների զեկույցը ամեն տարի ամբողջ աշխարհում հրապարակվում է Փախստականների համաշխարհային օրվանից (հունիսի 20) առաջ և հետևում է հարկադիր տեղահանություններին՝ ՄԱԿ ՓԳՀ-ի, կառավարությունների և այլ գործընկերների կողմից հավաքագրված տվյալների հիման վրա: Այն չի ուսումնասիրում համաաշխարհային ապաստանի միջավայրը, որի վերաբերյալ ՄԱԿ ՓԳՀ-ն առանձին զեկույց է ներկայացնում, և որը շարունակվել է 2017թ.՝ բացահայտելով փախստականների հարկադիր վերադարձի, քաղաքականացման և փախստականներին «քավության նոխազ» դարձնելու, փախստականներին բանտարկելու կամ նրանց աշխատելու հնարավորությունից զրկելու դեպքերը, և մի շարք երկրներ, որոնք նույնիսկ չեն ցանկանում օգտագործել «փախստական» բառը:
Մեծամասշտաբ տեղահանությունները՝ սահմանի հատմամբ, ավելի քիչ տարածված երևույթ են, քանի որ գրեթե երկու երրորդը այն անձանց, ովքեր ստիպված են փախչել, ներքին տեղահանվածներ են, ովքեր չեն լքել իրենց սեփական երկրները: 25.4 միլիոն փախստականների մեկ հինգերորդը պաղեստինցիներ են, ովքեր գտնվում են ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալության խնամակալության տակ: ՄԱԿ ՓԳՀ-ի պատասխանատվության ներքո գտնվող մնացած բնակչության երկու երորդը ընդամենը հինգ երկրներից են, այն է՝ Սիրիա, Աֆղանստան, Հարավային Սուդան, Մյանմար և Սոմալի:
Գլոբալ տենդենցների զեկույցի ևս երկու նկատառում վերաբերում է նրան, որ փախստականների մեծ մասը ապրում է քաղաքային վայրերում (58 տոկոս), այլ ոչ թե ճամբարային կամ գյուղական վայրերում, և որ համաշխարհային մակարդակով տեղահանված բնակչությունը երիտասարդ է. 53 տոկոսը երեխաներ են, ներառյալ բազմաթիվ առանց ուղեկցության կամ ընտանիքից անջատված երեխաներին:
Ինչպես և մեծամասշտաբ տեղահանությունների հայրենիք հանդիսացող երկրների թիվը, այնպես էլ մեծաքանակ տեղահանված բնակչություններին հյուրընկալող երկրների թիվը համեմատաբար փոքր է: Թուրքիան շարունակում է մնալ փախստականներին հյուրընկալող աշխարհի առաջատար երկիրը՝ բացարձակ թվերով` ունենալով 3.5 միլիոն փախստական, հիմնականում Սիրիայից:
Միևնույն ժամանակ, Լիբանանը հյուրընկալել է փախստականների ամենամեծ թիվը՝ համեմատած իր ազգբնակչության թվի հետ: Ընդհանուր առմամբ, ՄԱԿ ՓԳՀ-ի պատասխանատվության ներքո գտնվող բոլոր փախստականների 63 տոկոսը հյուրընկալվել է ընդամենը 10 երկրի կողմից:
Ցավոք, շատ հարցերի լուծումներ սուղ են: Պատերազմներն ու հակամարտությունները շարունակում են մնալ հիմնական գործոնները՝ խաղաղության հաստատման գրեթե անտեսանելի առաջընթացով: Շուրջ հինգ միլիոն մարդ կարողացել է վերադառնալ իրենց տներ 2017թ. ընթացքում, մեծ մասը ներքին տեղահանությունից հետո, սակայն նրանց մեջ կային մարդիկ, ովքեր վերադառնում էին տուն հարկադրված կամ կայունության բացակայութան պայամններում:
Վերաբնակեցման տեղերի կրճատման հետևանքով վերաբնակեցված փախստականների թիվը նվազել է ավելին քան 40 տոկոսով՝ հասնելով մոտ 100.000 անձի:
Տարածել Facebook-ով Տարածել Twitter-ով