«Լրատվամիջոցները և միգրացիան» միջազգային համաժողովի մասնակիցները այցելեցին ՄԱԿ-ի գրասենյակ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում
Միջոցառումը հարթակ էր փախստականների և նրանց պաշտպանող և աջակցող ՀԿ-ների ներկայացուցիչների հետ իրական երկխոսության համար
ՄԱԿ-ի գրասենյակը իր դռները բացեց Երևանում Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակներում Ֆրանկոֆոն մամուլի միջազգային միության կողմից կազմակերպված «Լրատվամիջոցները և միգրացիան» միջազգային համաժողովի մոտ երկու հարյուր մասնակիցների առջև: Այս նշանակալից միջոցառումը, որը հյուրընկալել էին ՄԱԿ-ի մշտական համակարգողը և ՄԱԿ ՓԳՀ-ը, մասնակիցներին միջմշակութային փոխանակման հնարավորություն ընձեռեց, բարձրացրեց նրանց իրազեկվածությունը ՄԱԿ-ի և նրա գործընկերների կողմից իրականացվող մարդասիրական աշխատանքների մասին, ինչպես նաև՝ տեղեկատվություն տրամադրեց աշխարհում և Հայաստանում տեղահանությունների իրավիճակի վերաբերյալ: Այս միջոցառումը հարթակ ծառայեց փախստականների և նրանց պաշտպանություն և աջակցություն տրամադրող ՀԿ-ների ներկայացուցիչների հետ իրական երկխոսության համար:
Իր բացման խոսքում Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող պարոն Շոմբի Շարփը ողջունեց մոտ հիսուն երկրներ ներկայացնող հյուրերին և նշեց, որ “սա այցելուների ամենամեծ և ամենաբազմամշակութային խումբն էր, որ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը երբևէ ընդունել էր 1993 թ.դեկտեմբերից՝ իր հիմնադրումից ի վեր”: Նա ընդգծեց լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության կարևորությունը մարդու իրավունքներին առնչվող խնդիրները ներկայացնելու, փախստականների և այլ խոցելի անձանց պաշտպանության վերաբերյալ առանցքային ուղերձները փոխանցելու, նրանց համար աջակիցներ ձեռք բերելու, հյուրընկալող համայնքում նրանց ընդգրկվելու և հասարակության սոցիալական և տնտեսական զարգացման մաս դառնալու հարցում օգնելու մեջ:
«Ես բոլորին կոչ եմ անում սատարել փախստականներին», – ասաց պարոն Շարփը և խոսքը փոխանցեց ՄԱԿ ՓԳՀ-ի Ներկայացուցիչ տիկին Աննա-Կարին Օստին, ով իր հերթին խոսեց փախստականների ձայնը լսելի դարձնելու, փախստականների հետ համերաշխության կոչը տարածելու, հյուրընկալող երկիր բերած նրանց հմտությունները և տաղանդները ճանաչելու գործում լրատվամիջոցների դերի կարևորության մասին: «Իրերի կապոցը միակ բանը չէ, որը փախստականն իր հետ բերում է նոր երկիր. ասված է Էյնշտեյնի մասին, ով փախստական էր: Շատ կարևոր է, որ մենք ընդունենք փախստականների ավանդը նոր երկրի մշակութային և տնտեսական զարգացման մեջ», ասաց նա և ավելացրեց, որ փախստականների փոքր խումբ ևս ներկա է միջոցառմանը։ Սա լավ հնարավորություն է լսելու նրանց պատմությունները և վայելելու նրանց երաժշտական կատարումները, ինչպես նաև համտեսելու Սիրիայից տեղահանված խոհարարի կողմից մատուցվող ավանդական ուտեստները։
Տարածել Facebook-ով Տարածել Twitter-ով