Ամբողջ աշխարհում յուրաքանչյուր տարի հունիսի 20-ին նշվող փախստականների համաշխարհային օրը հիշատակելու նպատակով և ի աջակցություն #ՔայլիրՓախստականներիՀետ քարոզարշավին ՄԱԿ ՓԳՀ-ն իր պետական և ՀԿ գործընկերների, քաղաքացիական հասարակության և ԶԼՄ-ների ներկայացուցիչների, ՄԱԿ ՓԳՀ-ի աջակիցների, Երիտասարդական կոալիցիայի և կամավորների հետ միասին կազմակերպեց մի շարք միջոցառումներ փախստականների հետ կամ նրանց համար՝ հայտնելու իրենց համերաշխությունը փախստականներին և հարգանք ցուցաբերելու նրանց խիզախության, տոկունության և նոր երկրում նոր կյանք սկսելու պատրաստակամության հանդեպ:
Հիշատակման ծրագիրը ներառում էր բազմազան միջոցառումներ, օրինակ՝ Փախստականների համաշխարհային օրվան նվիրված իրազեկման բարձրացմանն ուղղված սեմինար մի շարք լրագրողների և մեդիա ոլորտի ՀԿ-ների համար, որի ժամանակ խոսվեց փախստականության գլոբալ միտումների, աշխարհում ու Հայաստանում փախստականության իրավիճակի մասին, ցուցադրվեցին և քննարկեցին փախստականների համաշխարհային օրվան նվիրված թեմատիկ տեսահոլովակներ, խոսվեց փախստականների ինտեգրման հնարավորությունների, ինչպես նաև Հայաստանում նրանց ներառման ու զարգացման մասին: Հայաստանի տարբեր շրջաններում բնակվող մտահոգության առարկա հանդիսացող մոտ 35 երեխաներ այցելեցին Երևանում գտնվող “CitYzen” երեխաների ուսուցման և զվարճանքի կենտրոնը, որտեղ ծանոթացան տարբեր մասնագիտություններին, սովորեցին՝ ինչպես գումար վաստակել և այն մտածված ծախսել, գիտելիքներ ձեռք բերեցին քաղաքային կառույցների և շինությունների մասին, մասնակցեցին բազմաթիվ խաղերի և միջոցառումների, որոնք, ինչպես նրանք ավելի ուշ նշեցին, «դարձրեցին իրենց օրն անմոռանալի» և «բացեցին նրանց համար մի նոր աշխարհ, որտեղ նրանց երազանքները և ցանկությունները կարող են իրականություն դառնալ»: Տեղի ունեցավ նաև փախստականների համաշխարհային օրվան նվիրված քննարկում կանանց աջակցության խմբի անդամների հետ, ովքեր մեծ հետաքրքրվածությամբ ծանոթացան աշխարհում տեղահանությունների իրավիճակին, դիտեցին թեմատիկ տեսահոլովակներ և քննարկեցին դրանք, կիսվեցին իրենց սեփական պատմություններով և պատմեցին ընդունող երկրում իրենց կյանքի մասին:
Հունիսի 20-ին ՄԱԿ ՓԳՀ-ն նշեց փախստականների համաշխարհային օրը ՄԱԿ-ի շենքում՝ ՄԱԿ-ի մյուս կազմակերպությունների հետ միասին: Գործընկերները ծանոթացան տեղահանությունների իրավիճակին և փախստականների դրությանն ամբողջ աշխարհում, դիտեցին 2018թ. գլոբալ միտումների մասին տեսահոլովակը և Գերագույն հանձնակատարի ելույթը փախստականների համաշխարհային օրվա առթիվ, որում նա խոստացավ «անել իրենից կախված ամեն ինչ՝ բռնի տեղահանված միլիոնավոր մարդկանց օգնելու համար, որպեսզի նրանք ոչ թե պարզապես գոյատևեն, այլ բարգավաճեն»:
Այս տարվա փախստականների համաշխարհային օրվա նվիրված առանցքային միջոցառումը, որն իր բնույթով նորարական էր, հանրային և ընդարձակ, նվիրված էր ՄԱԿ ՓԳՀ-ի նոր՝ «1 միլիարդ մղոն. յուրաքանչյուր քայլ հաշվվում է» քարոզարշավին: ՄԱԿ ՓԳՀ-ն հրավիրել էր իր գործընկերներին՝ միանալու այս շարժմանը և քայլելու փախստականների հետ: Քարոզարշավը համախմբեց մոտ 150 մասնակիցների՝ Միգրացիոն ծառայության, Առաքելություն Հայաստան ՀԿ-ի, Հայկական կարմիր խաչի ընկերության, ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոնի, ԿԱԶԱ շվեյցարական մարդասիրական հիմնադրամի գործընկերներին և կամավորներին, «Global Shapers»-ի, ինչպես նաև Երիտասարդական կոալիցիայի անդամներին, ՄԱԿ ՓԳՀ-ի աջակիցներին և քաղաքացիական հասարակությանը: Քայլերթի մասնակիցները «Էյնշտեյնը փախստական էր» գրությամբ վերնաշապիկներով քայլեցին Երևանի փողոցներով՝ վանկարկելով փախստականների համաշխարհային օրվա կարգախոսները և կրելով մի խումբ կամավորների և Երիտասարդական կոալիցիայի կողմից մշակված պաստառներ, որոնց վրա գրված էր «Փախստականը մարդ է՝ ինձ և քեզ նման», «Ուշադրություն դարձրե՛ք փախստականներին՝ լսե՛ք նրանց ձայները», «Ջերմ ժպիտով ընդունե՛ք փախստականներին ձեր համայնքներում», «Փախստականը կարող է լինել քո հարևանը, քո դասընկերը, քո ընկերը», «Ասենք այո՛ մշակութային բազմազանությանը», «Կոչ ենք անում գործատուներին ապահովել արժանապատիվ աշխատանք փախստականների համար» և այլ կարգախոսներ: Քայլերթի մասնակիցները, քայլելով ընդհանուր առմամբ մոտ 13 կմ, գրավեցին անցորդների և ԶԼՄ-ների ուշադրությունը, որոնք հետաքրքրված էին քայլերթով և հարցեր էին տալիս՝ ավելի լավ հասկանալու փախստականների իրավիճակը, նրանց հաջողությունները, ինչպես նաև նրանց առաջնահերթ խնդիրները թե՛ Հայաստանում, թե՛ աշխարհում. ոմանք նույնիսկ միացան քայլերթին: Երեք ժամ տևած միջոցառումը ավարտվեց Երևանի Հյուսիսային պողոտայում՝ փախստականների համաշխարհային օրվան նվիրված ֆլեշմոբով, որին հետևեցին բացօթյա նկարչական միջոցառումը և պաղպաղակի հյուրասիրությունը փախստական և տեղացի երեխաների համար:
Փախստականների համաշխարհային օրվան նվիրված միջոցառումները և #ՔայլիրՓախստականներիՀետ քարոզարշավը լայնորեն լուսաբանվեցին ԶԼՄ-ների կողմից: Հունիսի 20-ին ՄԱԿ ՓԳՀ-ի և Երիտասարդական կոալիցիայի անդամները հրավիրվեցին «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տաղավար, որտեղ նրանք խոսեցին կոալիցիայի ձեռքբերումների, այդ թվում նաև իրենց ակտիվ համայնքային և կամավորական աշխատանքի մասին: Երևանի «Մեդիա կենտրոն»-ում տեղի ունեցավ քննարկում՝ ՄԱԿ ՓԳՀ-ի, իր պետական և ՀԿ գործընկերների և մտահոգության առարկա հանդիսացող անձանց մասնակցությամբ: Մասնակիցները խոսեցին տեղահանված անձանց ինտեգրման հաջողությունների, ինչպես նաև ինտեգրման ճանապարհին հանդիպող դժվարությունների և դրանց հաղթահարման հնարավորությունների մասին: Բացի այդ, ՄԱԿ ՓԳՀ Ներկայացուցիչը և Միգրացիոն ծառայության պետը հյուրընկալվեցին Հանրային հեռուստաընկերության առավոտյան ծրագրում, որտեղ խոսեցին և հանրությանը ներկայացրեցին փախստականների վերաբերյալ որոշ տվյալներ և վիճակագրություն, խոսեցին պետական կառույցների և ՀԿ-ների հետ համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերի մասին: Փախստականների համաշխարհային օրվա առթիվ ՄԱԿ ՓԳՀ-ի մամլո հաղորդագրությունը, Գերագույն հանձնակատարի խոսքը, թեմատիկ լուսանկարներ և տեսահոլովակներ տեղադրվեցին ՄԱԿ ՓԳՀ Հայաստանի ֆեյսբուքյան էջում, փախստականների լուսանկարներ, ինչպես նաև տեսահոլովակներ ցուցադրվեցին ՄԱԿ-ի շենքի նախասրահում փախստականների համաշխարհային օրվա միջոցառումների ողջ ընթացքում։
Տարածել Facebook-ով Տարածել Twitter-ով