Ինչպես Հայաստանի բազմաթիվ համայնքներ, այնպես էլ Արարատի մարզի Դարբնիկ գյուղը, որտեղ ապաստան են գտել Իրաքից, Սիրիայից և Ադրբեջանից տեղահանված ընտանիքներ և փախստականներ, չնախատեսված ու անսպասելի կերպով հայտնվեց Covid-19-ի պատճառով ստեղծված արտակարգ դրության մեջ։ Միայնության և ընկճվածության օրեցօր աճող զգացումը բացասաբար էր ազդում մարդկանց կյանքի որակի վրա և նվազեցնում նրանց լավատեսությունը։
Փախստականների ընտանիքներն իրենց մեկուսացած և սոցիալական կյանքից ու աջակցությունից կտրված էին զգում, սակայն ՄԱԿ ՓԳՀ-ն և «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ն կարճ ժամանակում կարողացան ֆինանսական, մարդասիրական, ինչպես նաև բարոյահոգեբանական օգնություն տրամադրել նրանց։
Համայնքային ամուր կապերի և հաղթահարման հմտությունների շնորհիվ փախստականները և տեղացի ընտանիքները համերաշխաբար միավորվեցին՝ միմյանց նկատմամբ հոգատարություն, քաջալերում և բարոյական աջակցություն ցուցաբերելու նպատակով։ Հարևաններն իրար ձեռք էին մեկնում, խնամում տարեցներին և երեխաներին, օրվա հացը կիսում և միմյանց ոգեպնդում։ Տեխնոլոգիաներից որոշ չափով հասկացողներն օգնում էին դպրոցականներին՝ միանալու համացանցին և «Zoom» ծրագրով հեռավար դասերին մասնակցելու, իսկ ծնողներն օգնում էին կատարել տնային հանձնարարությունները։ Ավելին, գյուղի դպրոցի ղեկավարությունը սոցիալապես անապահով ընտանիքներին համակարգիչներ, սմարթֆոններ, ուսումնական նյութեր ու դասագրքեր էր տրամադրել՝ ժամանակավոր օգտագործման համար։
Դարբնիկ գյուղում ապրում է շուրջ 300 երեխա, որոնց մեծամասնությունը փախստական և տեղահանված ընտանիքներից է։ Արտադպրոցական խմբակների, մշակույթի տների և սպորտային միջոցառումների բացակայության պարագայում դպրոցը և մանկապարտեզը երեխաների երկրորդ տունն են դարձել։ Երեխաների հոգեբանական առողջության, կրթության շարունակականության ու սիրած զբաղմունքների ապահովման նպատակով ՄԱԿ ՓԳՀ-ն իր գործընկերների՝ «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի և ԿԱԶԱ հիմնադրամի հետ համատեղ երեխաների, նրանց ծնողների և տատիկ-պապիկների համար հետաքրքիր միջոցառում էր կազմակերպել. արթ-թերապիա՝ «Իմ հետաքրքիր կյանքը կորոնավիրուսից առաջ, ընթացքում և հետո» խորագրով նկարչական մրցույթի միջոցով։ Փախստականների համաշխարհային օրվա շրջանակում ընթացող նախագծի տևողությունը մեկ ամիս էր, որն ընթանում էր «Յուրաքանչյուր երազանք կարևոր է» կարգախոսի ներքո։ Մասնակիցները 4-ից 18 տարեկան 60 երեխաներ էին՝ հիմնականում Դարբնիկ գյուղից, սակայն մասնակցում էին նաև Երևանի Հատուկ կացարանում և Ինտեգրման կենտրոնում և այլ վայրերում բնակվող փախստական և ապաստան հայցող երեխաներ։
Երեխաները գծանկարների և կոմիքսների ոճով գեղեցիկ նկարներ էին ստեղծել՝ տալով դրանց վերնագրեր, լրացնելով մեջբերումներով։ Նկարներում վառ արտացոլված էին ՔՈՎԻԴ-19-ի բերած նոր իրականությունը և դրա հետևանքները երեխաների ու նրանց ծնողների առօրյա կյանքի վրա, նրանց քաղած դասերը և գտած լուծումները, ինչպես նաև փայփայած երազանքները։ Իրենց նկարներում երեխաները ցույց էին տալիս նաև սանիտարահիգիենիկ կանոնների և ֆիզիկական հեռավորության պահպանման կարևորությունը, ընդգծում հեռավար ուսուցման սահմանափակումներն ու օգուտները, արգելափակումների առանձնահատկությունները, մարդկանց մտածելակերպի ու վարքագծի փոփոխությունները, և, վերջապես, իսկական ընկերության արժեքը։
«Ես հասկացա, թե ինչքան դժվարություններ կան կյանքում։ Նույնիսկ մինչ այս իմ ծնողները հազիվ էին ծայրը ծայրին հասցնում, ուր մնաց թե այս վարակի ժամանակ։ Ամեն Աստծու օր նրանք անհանգստանում են մեր առողջության և բարեկեցության համար», – ասում է երեխաներից մեկը և փաթաթվում մորը։
Նկարներից յուրաքանչյուրը արվեստի մի գործ էր, ուստի չափազանց դժվար էր մասնակիցներից հաղթողներ առանձնացնել։ Ըստ այդմ, մրցանակները շնորհվեցին որոշակի անվանակարգերում, օրինակ՝ «Ամենաստեղծական նկար», «Ամենասուր միտք», «Ամենաանկեղծ նկար» և այլն։
Հունիսի 27-ին ՄԱԿ ՓԳՀ-ն և «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ն, ՄԱԿ ՓԳՀ-ի գործընկեր «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն ներկայացնող թիմի ուղեկցությամբ այցելեցին Դարբնիկ գյուղ՝ Փախստականների միջազգային օրվան նվիրված միջոցառում և մրցանակների հանձնման արարողություն անցկացնելու նպատակով։ Միջոցառման ընթացքում գործընկերներն այցելեցին երեխաների ընտանիքներին, զրուցեցին երեխաների և նրանց ծնողների հետ՝ արտակարգ դրության և արգելափակումների հաղթահարման, նրանց կենսապայմանների ու կարիքների, ինչպես նաև կրթական և զարգացման պահանջմունքների թեմաներով։
Ինչպես նշեց իրաքցի շահառուներից մեկը՝ «Մենք ստիպված էինք մեր մայրիկի սմարթֆոնն օգտագործել, որն այնքան էլ լավ չէր աշխատում։ Շնորհակալ ենք մեր տեղացի ընկերներին, որոնք մեզ տվեցին իրենց ունեցած հավելյալ հեռախոսը և օգնեցին միանալ Zoom-ին»։
«Սկզբում դժվար էր, բայց մեկնված ձեռքի և Դարբնիկ համայնքի անկեղծ ուշադրության շնորհիվ նորից լավատեսությամբ և ապագայի նկատմամբ հույսով լցվեցինք», – նշում է ծնողներից մեկը, իսկ նրա հարևանը ժպիտով ավելացնում է՝ «Չնայած լոքդաունի պայմաններում ենք ապրում, սակայն մեզ լքված չենք զգում»։
Միջոցառման ավարտին երեխաները հավաքվեցին բակում՝ «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ից և «ՀԱԵ» ՀԿ-ից իրենց պատվոգրերը և նվերները ստանալու՝ կրելով ՄԱԿ ՓԳՀ-ի բաժանած՝ Ալբերտ Էյնշտեյնի պատկերով շապիկները։
Տարածել Facebook-ով Տարածել Twitter-ով