Մասնակիցները տեղեկացան, թե ինչպես համակարգված ինտեգրել միգրացիան ՄԱԿ-ի գործընկերության շրջանակներում և դրան ուղեկցող Երկրների Ընդհանուր Վերլուծություններում։
Ի շարունակություն 2021թ հունիսին Հայաստանում ՄԱԿ-ի Միգրացիոն ցանցի պաշտոնական գործարկմանը՝ Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) հայաստանյան առաքելությունը ՄԱԿ-ի Միգրացիոն ցանցի ՄՄԿ-ի և ՄԱԿ-ի Զարգազման ծրագրի (ՄԱԶԾ)-ի կողմից ղեկավարվող թիվ 2.1 աշխատանքային խմբի շրջանակում իրականացրեց «Միգրացիայի ինտեգրումը Երկրի ընդհանուր վերլուծության և ՄԱԿ-ի Կայուն զարգացման գործընկերության շրջանակի համատեքստում» թեմայով վերապատրաստում` նախատեսված Հայաստանում և Վրաստանում գործող ՄԱԿ-ի գործակալությունների աշխատակիցների համար։
Արարողությանը բացման խոսքով հանդես եկավ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող և Հայաստանում ՄԱԿ-ի Միգրացիոն ցանցի համանախագահ պրն. Շոմբի Շարփը՝ նշելով միգրացիայի կարևորությունը՝ ՄԱԿ-ի 2030 զարգացման օրակարգի իրականացման համատեքստում և ավելացնելով, որ միգրացիան անմիջականորեն կապված է Կայուն զարգացման բոլոր 17 նպատակների և դրանց թիրախների հետ, ինչը նշանակում է, որ 2030-ի օրակարգը անհնար կլինի իրականացնել՝ առանց հաշվի առնելու միգրանտներին և առհասարակ շարժունակությունը:
Վերապատրաստմանը ներկա եղան Հայաստանի և Վրաստանի ՄԱԿ-ի Միգրացիոն ցանցի անդամ գործակալությանների ներկայացուցիչներ, այդ թվում ` ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը, ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակը, Աշխատանքի միջազգային կազմակերպությունը, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի համատեղ ծրագիրը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը, Միգրացիայի միջազգային կազմակերպությունը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը, ՄԱԿ Կանայք և Ժնևի միջազգային քննարկումների ներկայացուցչությունը։
Վերապատրաստումն ընդգրկել էր 3 հիմնական ուղղվածություն․ Միգրացիայի գլոբալ համաձայնագիրը և 2030 օրակարգը, ընդհանուր երկրի վերլուծությունը և ՄԱԿ-ի Կայուն զարգացման գործընկերության շրջանակը, գործընկերությունը, մշտադիտարկումը, հաշվետվությունն ու դրամահավաքը:
Հաշվի առնելով դասընթացի յուրահատուկ ուսումնառության նպատակները՝ ՄԱԿ-ի ներկայացուցչական թիմերը և այլ շահագրգիռ կողմերը տեղեկացան այն մասին, թե ինչպես համակարգված կերպով ինտեգրել միգրացիան ՄԱԿ-ի Կայուն զարգազման գործընկերության շրջանակներում և դրան ուղեկցող Երկրների Ընդհանուր Վերլուծություններում, ավելին՝ թե ինչպես է միգրացիայի ինտեգրումը Գործընկերության շրջանակներում նպաստում ՄԱԿ-ի անվտանգ, կանոնավոր և համակարգված միգրացիայի մասին գլոբալ համաձայնագրին և ինչպես է այն իր հերթին նպաստում Կայուն զարգացման նպատակների իրականացմանը:
Այս մեկօրյա հանդիպման ընթացքում Հայաստանի և Վրաստանի մասնակիցները ստեղծեցին աշխատանքային խմբեր, որպեսզի փորձարկեն, թե ինչպես ՄԱԿ-ի Գլոբալ համաձայնագրի նպատակներն ու առաջնորդող սկզբունքները կարող են նպաստել Կայուն զարգացման նպատակների առաջընթացին և օպտիմալացնել վերջիններիս շրջանակում միգրացիայի ինտեգրման արդյունավետությունը։
Տարածել Facebook-ով Տարածել Twitter-ով