Փախստականների համաշխարհային օրվա առթիվ` ՈՒԵՖԱ-ն և ՄԱԿ ՓԳՀ-ն ընտրեցին վեց ազգային ասոցիացիա, որոնք փախստականներին օգնել են ինտեգրվելու հասարակությանը:
Օրերս ՈՒԵՖԱ-ն՝ եվրոպական ֆուտբոլի կառավարման մարմինը, ՄԱԿ-ի Փախստականների գծով գերագույն հանձնակատարի գործակալության հետ միասին ընտրեց վեց եվրոպական ազգային ֆուտբոլային ասոցիացիա, որոնք հաջողությամբ օգտագործելով այս սպորտի միաբանող ուժը՝ փախստականներին օգնել են նոր կյանք ստեղծել։
Անցյալ շաբաթ, երբ միջազգային հանրությունը նշում էր Փախստականների համաշխարհային օրը, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար (ՄԱԿ ՓԳՀ) Ֆիլիպո Գրանդին միացել է ՈՒԵՖԱ-ի Ֆուտբոլի սոցիալական պատասխանատվության ծրագրի տնօրեն Միշել Ուվային և առցանց միջոցառման ժամանակ հայտարարել ՈՒԵՖԱ-ի ֆուտբոլի և փախստականների դրամաշնորհային ծրագրի հաղթողներին:
Ընտրված ասոցիացիաներից յուրաքանչյուրը՝ Հայաստանը, Բուլղարիան, Խորվաթիան, Ֆինլանդիան, Հյուսիսային Իռլանդիան և Ուելսը 50.000-ական եվրո կստանան սոցիալական պատասխանատվության ծրագրերին աջակցելու համար, որոնք ուղղված են հյուրընկալ համայնքներում փախստականների ինտեգրմանը։
2017 թ․-ին՝ ծրագրի մեկնարկից ի վեր, ավելի քան 34 երկիր դիմել է ՈՒԵՖԱ-ի ֆուտբոլի և փախստականների դրամաշնորհային ծրագրին, որն ազգային ասոցիացիաներին խրախուսում է ֆուտբոլի միջոցով աջակցելու փախստականների ներառմանն ու ինտեգրմանը:
Այսօր՝ Եվրոպայում ֆուտբոլի սոցիալական պատասխանատվության ծրագրերն սկսում են ավելի ակտիվորեն օգտագործել իրենց տեղական ցանցերը․ օգնում են փախստականներին աշխատանք գտնել, կամ որպես մարզիչ, մրցավար կամ կամավոր՝ մասնագիտական ուսուցում առաջարկում։ Որոշ ծրագրերի շրջանակներում տրամադրվում են հոգեբանական աջակցություն, լեզվի դասընթացներ, կամ կանանց ու աղջիկների համար նախատեսված մասնագիտական աջակցություն: Շատերը նաև մասնագիտական գիտելիքներ են ձեռք բերում փորձագիտական հմտությունների տիրապետող գործընկերներից՝ իրենց ազդեցությունն առավելագույնի հասցնելու և հնարավորինս մեծ թվով շահառուներ ներգրավելու համար:
Վերջերս ՈՒԵՖԱ-ն և ՄԱԿ ՓԳՀ-ն ստորագրել են Համագործակցության արձանագրություն, որի նպատակն է բարելավել սպորտի հասանելիությունը փախստականների համար և խթանել նրանց սոցիալական ներառումը։
Տարածել Facebook-ով Տարածել Twitter-ով