ՄԱԿ ՓԳՀ-ի դերը Հայաստանում
Հայաստանի Հանրապետությունը (ՀՀ) հանդիսանում է 1951 թ. Փախստականների կարգավիճակի վերաբերյալ կոնվենցիայի անդամ պետություն: ՀՀ կառավարությունը ստանձնել է ապաստանի դիմումները քննելու պատասխանատվություն: Հետեւաբար, փախստականի կարգավիճակի դիմումները պետք է ներկայացվեն Միգրացիոն ծառայություն, որը որոշում է կայացնում՝ արդյոք հայցվորը ստանում է փախստականի կարգավիճակ Հայաստանում (հասցեն տե՛ս ստորեւ):
Հայաստանում ՄԱԿ ՓԳՀ-ն չի գրանցում փախստականներին եւ չի տրամադրում փախստականի փաստաթղթեր: Հայաստանում ՄԱԿ ՓԳՀ-ի դերն է աջակցել պետական մարմիններին՝ ապահովելու ապաստանի տրամադրման որակյալ ընթացակարգեր, ինչպես նաեւ փախստականների եւ ապաստան հայցողների նկատմամբ պարտականությունների իրականացումը՝ միջազգային իրավունքին եւ նորմերին համապատասխան: ՄԱԿ ՓԳՀ-ն աջակցում է ապաստան հայցողներին՝ տրամադրելով սոցիալական եւ իրավական խորհրդատվություն եւ դատական ներկայացուցչություն՝ իր գործընկեր կազմակերպությունների միջոցով: Ավելին, ՄԱԿ ՓԳՀ-ն հաճախ դիտորդի կարգավիճակով մասնակցում է փախստականի կարգավիճակի տրամադրման հարցազրույցներին եւ պետական մարմիններին ներկայացնում է իր դիրքորոշումը որոշ երկրներից ապաստան հայցողների միջազգային պաշտպանության կարիքների եւ իրավական խնդիրների վերաբերյալ:
ՄԱԿ ՓԳՀ-ն լրացնում է կառավարության ջանքերը՝ բավարարելու ապաստան հայցողների, փախստականների եւ տեղահանված անձանց հիմնական կարիքները եւ աջակցում է լրացնելու պակասը առողջապահության, կրթության եւ եկամտաբերության խթանման ոլորտներում՝ իրականացնելով ծրագրեր իր գործընկեր կազմակերպությունների միջոցով:
ՄԱԿ ՓԳՀ-ն նաեւ դասընթացներ է կազմակերպում պետական պաշտոնյաների, ՀԿ աշխատակիցների, ինչպես նաեւ փախստականների պաշտպանության հարցերում այլ կարեւոր դերակատարների համար:
ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակը քարոզում է ազգային իրավական դաշտի եւ քաղաքականության բարելավումը՝ տրամադրելով խորհրդատվություն եւ գրավոր առաջարկներ: